կարևոր
7900 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-25 14:34
Իրավական Քաղաքական

Դատարանը քաղաքական պատվեր է կատարում․ վճիռը դեռեւս մեկ տարի առաջ էին կայացրել․ Ավետիք Չալաբյան

Դատարանն ի սկզբանե քաղաքական պատվեր էր կատարում։ Մեղադրական վճիռը մեկուկես տարի առաջ էին ներկայացրել։ Այս մասին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատության սահմանափակման,  որից հաշվանցվել է կալանքի կիրառման ժամանակահատվածը 1 տարի 11 ամիս։ Որոշման համաձայն՝ նրան արգելվել է  կազմակերպել եւ մասնակցել հավաքների եւ այլ հանրային միջոցառումներրի, ինչպես նաեւ փոխել բնակության վայրը առանց պատժի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի տեղեկության։

Չալաբյանը նշեց, որ այդ դատավճիռն աբսուրդային է, քրեական այս գործը բացարձակ ռեկորդակիր է օրենքների ու իրավուքնի խախտումների մասով։

«Այն հարուցվել է օրենքի բացահայտ խախտումով, մերձիշխանական կիսալեգալ կայքի միջոցով կազմակերպված մատնության միջոցով։ Իմ մեղքը դատարանում իրականում ապացուցված չէ եւ որեւէ ապացույց չի ներկայացվել, որ այդ ամբողջ գործողությունները որեւէ առնչություն ունեն որեւէ հանրահավաքի հետ եւ այդ հարաբերությունները, որ առաջացել է Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահի հետ, ընդհանրապես որեւէ հանրահավքի հետ են կապված»,-ասաց նա։

Չալաբյանի խոսքով,  նպատակ են ունեցել վարկաբեկելու իրեն՝ սահմանափակելով իր քաղաքական գործունեությունը։ «Հայաքվե» նախաձեռնության համակարգողը տեղեկացրեց, որ բողաքարկելու են այն՝ անհրաժեշտության դեպքում անցնելով դատական բոլոր արտյանները, ընդհուպ ՍԴ, ապա նաև՝ ՄԻԵԴ։

«Պայքարը շարունակվելու է՝ թե՛ իրավական, թե՛ հանրային, թե՛ քաղաքական հարթություններում» ,-ասաց նա։

Անդրադառնալով «Հայաքվե» նախաձեռնությանը՝ Չալաբյանը պարզաբանեց, որ երկրորդ փուլի հետ կապված գոյություն ունի մի առանցքային խոչընդոտ՝  «Հանրաքվեի» մասին օրենքի առերեւույթ  հակասահմանադրական բնույթը։ 

«ՀՀ Սահմանադրության 204-րդ հոդվածն է կարգավորում քաղաքացիական  նախաձեռնությամբ  հանրաքվե հրավիրելու հնարավորությունը. նախատեսում է կոնկրետ խնդրի շուրջ 300 հազար քաղաքացիների ստորագրություն  հանրաքվե հրավիրելու պահանջով ԿԸՀ դիմելու համար։ Այդ դեպքում, ԿԸՀ-ն   վավերացնելով այդ ստորագրությունների  ճշմարտացիությունը, օրենքի ուժով պետք է հրավիրի հանրավքե։ «Հանրավքեի» մասին օրենքը,  որն ուժի մեջ է մտել 2018-ի մարտին, բազմաթիվ ապօրինի եւ հակասահմանադրական խոչընդոտներ է  ստեղծել այդ իրավունքի իրացման համար. պարտադրում է ստորագրահավաքը տեղի ունենա  ՏԻՄ տարածքում, աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին, ՏԻՄ աշխատակցի անմիջական մասնակցությամբ։

Առաջին փուլով անցել ենք ու տեսել, որ այդ սահմանափակումները տաս անգամ սահմանափակում է մեր հնարավորությունը  գործընթացի մեջ քաղաքացիներին ներգրավելու  համար։ Եկել ենք այն եզրակացության, որ սկզբում պետք է վիճարկենք այս օրենքի սահմանադրականությունը։ Պատրաստվում ենք՝  կամ մեր փաստարկների հիման վրա օրենքը փոխվի Ազգային ժողովում,  կամ եթե դա տեղի չունենա, դրա հավականությունը մեծ է, քանի որ այս ԱԺ-ն որեւէ խելամիտ  փաստարկի ունկնդիր չի լինում,  դիմել Սահմանադրական դատարան՝ փոխելու օրենքը։ Այսինքն՝ երկրորդ փուլի  գնալուց առաջ միջանկյալ խնդիր է առաջանում, որպեսզի կարողանանք երկրորդ փուլի հաջողության շանսերը բարձրացնել» ,-հավելեց Չալաբյանը։