կարևոր
787 դիտում, 2 ժամ առաջ - 2025-06-20 17:57
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուներին ապօրինի ձերբակալելու և խուզարկելու մասին․ նոր մանրամասներ

Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուներին ապօրինի ձերբակալելու և խուզարկելու մասին․ նոր մանրամասներ

«ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել»,- գրառում էր արել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։
 

Yerkir.am-ի խնդրանքով Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց՝ նշելով․
 

«Այս պահին հայտնի է, որ Հայաստանի տարբեր մարզերում՝ Տավուշ, Կոտայք, նոր էլ պարզվեց Լոռի, մեր մարզային պատասխանատուներին բերման են ենթարկում, ձերբակալության տանում, կանչում են քննչական՝ ինչ-որ քննության, այդ թվում ՝ «Սրբազան պայքարի» ակտիվ մասնակիցներին։ Սա խոսում է իշխանության վախի մասին, բնականաբար, Թուրքիայի պահանջները կատարելու կոնտեքստում այս ամենը պետք է դիտել, բայց  այս պահին կարող եմ ասել, որ եթե որևէ մեկի մտքով անցնում է այս ճանապարհով կարող է մեզ հետ պահել՝ հայրենիքի համար մեր պայքարից կամ հույս ունի, որ սրանով կարող է որևէ կերպ ազդել մեր գործողությունների վրա, չարաչար սխալվում են։ Այս հալածանքը մեր նկատմամբ նոր չէ, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Դիտարկմանը, որ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ, Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Այո՛, թուրքերին դուր գալու համար պետք է հալածել դաշնակցությանը, եկեղեցուն և իր արժեքը Թուրքիայում բարձրացնելու կոնտեքստում սա շատ կարևոր է Փաշինյանի համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։