Փոխարժեքներ
03 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովը։
Խորհրդաժողովը համակողմանիորեն անդրադարձավ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով հակամարտությունները լուծելու անթույլատրելիությանը, Արցախի հարցի չլուծված մնալուն, արցախահայության` հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման հեռանկարներին։
Խորհրդաժողովին մասնակցեցին և ելույթներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ֆ.մ.գ.թ. Արթուր Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը, Կիպրոսի Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ անդամ Կոնստանտինոս Էֆստաֆիուն, Հայաստանի պատվո շքանշանի ասպետ Ռենե Ռուքեն Ֆրանսիայից, Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, Հայ դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գորգ Ղուկասյանը, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Գերմանիայից, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, պատմական գիտությունների թեկնածու, Արցախի մշակութային ժառանգության հետազոտող Արմինե Տիգրանյանը, ինչպես նաև Թեհրանի Ալամե Թաբաթաբայի համալսարանի միջազգային հարաբերությունների գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր Էհսան Մովահեդյանը։
Հատուկ տեսաուղերձով հանդես եկավ նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները՝ ներկայացնելով Խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը։
Խորհրդաժողովը եզրափակվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի ամփոփիչ ելույթով։
Միջոցառման ընթացքում ուշադրության կենտրոնում էին մի շարք կարևոր հարցեր․ Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանը և ընթացող գործընթացների վտանգավոր միտումները, միջազգային հանրության պատասխանատվությունն ու արդար և կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, անցյալի փորձի կիրառումը ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում, արցախահայության շահերի պաշտպանությունն ու վերադարձի իրավունքի իրացումը՝ որպես կայուն խաղաղության նախապայման։ Քննարկվեց նաև Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականության պայմաններում դրա պահպանման հրատապությունը, ինչպես նաև գերիների վերադարձի և հումանիտար հարցերի շտապ լուծման կարևորությունը, ինչը կարող է հիմք դառնալ փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։
Խորհրդաժողովը կարևոր հարթակ դարձավ տեսակետների փոխանակման և միասնական մոտեցումների մշակման համար՝ ուղղված Արցախի հարցի արդար լուծմանը, արցախահայության հայրենիք վերադառնալու իրավունքի իրացմանը և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության ապահովմանը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ
03.09.25
Երևան