Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 26-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ռայնիսի 1 բազմաբնակարան շենքի պայթյունի հետեւանքով անօթեւան մնացած 11 ընտանքիներ այսօր դրամական աջակցություն ստացան Հայաստանի Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից։
«Այսօր ՀՕՄ-ի կողմից յուրաքանչյուրիս միանվագ 100․000 դրամ աջակցություն ստացանք, ինչի համար շնորհակալ ենք, որ այս դժվարին պահին մեր կողքին են։ Նման օգնություններն ու աջակցություններն ինչ-որ տեղ թեթեւացնում են մեր հոգսը, քեզ լավ ես զգում ու շոյված»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ռայնիսի 1 շենքի բնակիչ Նունե Չալիկյանը։
«Այս պահին ապրում ենք վարձակալած տանը, սպասում ենք, թե Կառավարությունն ինչ որոշում կկայացնի, անորոշ վիճակ է, մենք էլ ստույգ ոչինչ չգիտենք։ Մեր մուտքն ամբողջովին չկա, իսկ մեկ սենյականոց բնակարանները հիմնովին փլուզված են, մեր կողմը՝ վթարային կարգավիճակում է։ Ասում են, որ հնարավոր չէ վերականգնել, ԱԻՆ-ը թույլ չի տալիս։ Ճիշտ է, առաջնային խնդիրը մեզ բնակարանով ապահովելն է, բայց փառք Աստծո, որ մեր երեխաները մեր կողքին են, մնացածը՝ երկրորդական է ու ժամանակի հարց, կարեւորը երեխաներս ու ամուսինս կողքիս են ու ողջ»,- ասաց տիկին Նունեն ու մաքրելով արցունքոտված աչքերը շարունակեց․ «Ոչ ոքի չեմ ցանկանա ապրել այն պահը, որ մենք ապրեցինք․․․»։
Նույն մուտքի առաջին բնակարանի բնակիչ Արմինե Գեւորգյանն էլ ընտանիքի անդամների հետ միասին հրաշքով են փրկվել փլուզումից։ Նրանց ընտանիքը եւս 100․000 դրամ աջակցություն ստացավ ՀՕՄ-ի կողմից․ «Շնորհակալ ենք, որ ՀՕՄ-ը պատրաստակամություն հայտնեց մեզ աջակցելու»,- մեզ հետ զրույցում ասաց Արմինեն, հույս հայտնելով, որ շուտով կլուծվի իրենց բնակարանի հարցը․ «Վարձակալած բնակարանում ենք ապրում, պետությունը հոգում է տան առաջիկա 3 ամսվա վարձավճարը, բայց ակնկալում ենք, որ կապահովեն մեր կորցրած բնակարանին համարժեք բնակարանով։ Մեր մուտքի բոլոր բնակիչների առաջնային խնդիրն է, որ հաշվի առնեն, թե ինչ կորուստ ենք ունեցել, ինչքան ենք տուժել ե՛ւ նյութապես, ե՛ւ բարոյապես, ե՛ւ հոգեպես, որպեսզի ստանանք նորմալ փոխհատուցում»։
Ռայնիսի 1 շենքի բանկչուհի Կարինե Շահբաթյանի 6 հոգանոց ընտանիքին եւս, այդ թվում եւ 3 ամսական թոռնիկը, հաջողվել է փրկվել շենքի փլուզումից․ «Դեպքի ժամանակ բոլորս քնած ենք եղել, արթնացանք պայթյունի ձայնից ու խուճապ սկսվեց․․․ մի ահավոր տեսարան էր՝ փոշի, ծուխ, մութ․․․ Երբ արթնացանք ու զգացինք, որ բոլորս ողջ ենք, վազեցինք դեպի շքամուտք, որ դուրս գանք, սակայն՝ այն փլված էր, ո՛չ դուռը կար, ո՛չ շքամուտքը․․․ Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե մեզ հետ ինչ կատարվեց։ Փառք Աստծո, բոլորիս հաջողվեց ողջ դուրս գալ այդտեղից, բայց այդ սթրեսը, որ մենք ապրեցինք, երեւի ամբողջ կյանքում մեզ կուղեկցի»,- հուզմունքը մի կերպ կոկորդում խեղդելով պատմեց տիկին Կարինեն ու անորոշությունից թափահարելով ձեռքերը ասաց, որ չգիտի, թե որքան ժամանակ վարձով կապրեն․ «Բայց որքան շուտ ունենանք մեր անկյունը, այնքան լավ»։
Ըստ տիկին Կարինեի, ՀՕՄ-ի աջակցությունը ոչ միայն ֆինանսական է, այլ նաեւ հոգեբանական․ «Այսինքն զգում ես, որ այս սթրեսը մենակ չես հաղթահարում, մարդիկ կողքիդ են ու փարատում են, դա մեծ աջակցություն է մեզ համար»։
Հայաստանի Հայ օգնության միության շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը Ռայնիսի 1 շենքի պայթյունի մասին տեղեկացել է համացանցից եւ անմիջապես վարչության նիստ հրավիրել․ «Պայթյունի մասին իմանալուց հետո հետաքրքվեցինք, թե քանի ընտանիք է տուժել։
Պարզվեց, որ 12 ընտանիք ողջ գույքով կորցրել է բնակարանը»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Մարինեն՝ մտաբերելով, որ շենքի փլուզված կադրերը տեսնելիս վերապրել է 1988 թվականի երկրաշարժը։
Ինչեւէ, վարչության նիստում բոլորը միաձայն որոշում են կայացրել, 100․000-ական դրամով աջակցել տուժած յուրաքանչյուր ընտանիքի․ «Ճիշտ է, հետո եղավ կարիքների գնահատում, գուցե մի ընտանիքին ավելի շատ աջակցություն էր պետք, մյուսին՝ ավելի պակաս, բայց սա այն դեպքն էր, որ բոլորը տուն էին կորցրել։ Այստեղ պիտի աշխատեր հավասարության գործոնը։ Ի դեպ, 12 ընտանիքներից մեկի աջակցությունն ամբողջովին տվեց ՀՕՄ-ի Քանաքեռ-Զեյթուն շրջանի «Շուշի» մասնաճյուղը»,- ասում է տիկին Մարինեն ու ընդգծում, որ ՀՕՄ-ը նման պահերին միշտ կանգնած է ժողովրդի կողքին․ «Զուր չենք ընտրել «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար» կարգախոսը, ուստի՝ եթե նույնիսկ գումարով չես կարող, ապա պետք է զորավիգ լինել այդ ընտանիքներին ինչով կարող ես։ Սա այն պահն էր, որ իրավունք չունեինք անտարբեր անցնել»։
Տիկին Մարինեն ասաց, որ թերեւս 100․000-ական դրամ օժանդակությունն ամբողջությամբ չի փարատի պայթյունից տուժած ընտանիքների հոգսերը, բայց այն նաեւ հոգեբանական աջակցություն է․ «Գումարները փոխանցելիս բոլորի հետ զրուցել ենք՝ իմանալով՝ ի՞նչ խնդիր ունեն, ով՝ քանի՞ երեխա ունի։ Օրինակ, տուժած ընտանիքներից մեկը մի նորապսակ զույգ էր, կամ մի տարիքով կին կա, որը պայթյունից հետո երկար ժամանակ հիվանդանոցում էր, եւ նրա փոխարեն աղջիկներն էին եկել, որովհետեւ ի վիճակի չէր գալու։ Մի երիտասարդ ամուսին կար, որը շատ ընկճված էր, քանի որ երեխան ու կինը հոգեբանի կարիք ունեն, խոսեցինք նրա հետ եւ մի գուցե մասնագետ գտնենք՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Մի խոսքով, այնպես չէ, որ գումար տվեցինք ու մի կողմ քաշվեցինք, հոգեբանական աջակցությունն էլ շատ կարեւոր է»։
Հայաստանում ՀՕՄ-ն աջակցության ծրագրեր է իրականացնում 1991 թվականից սկսած, տիկին Մարինեն ասում է, որ ՀՕՄ-ի Մնայուն ծրագրերին զուգահեռ նաև պահի կարեւորությամբ են առաջնորդվում եւ ձեռք մեկնում կարիքավորին։ Նա օրինակներով թվարկում է կատարած ծրագրերը․ «Ռայնիսի 1 շենքի փլուզումից ընդամենը մեկ շաբաթ առաջ էր, որ «Օգնիր եղբորդ» ծրագրով 1000 դոլար ուղարկեցինք Սիրիա։ Դրանից երկու շաբաթ առաջ էլ ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության «Լիբանանին օգնության» բարեգործական համերգով ՀՕՄ-ի կենտրոնական վարչությունը տասը հազար դոլար հավաքեց եւ ուղարկեց Լիբանան»,- եզրափակեց Մարինե Համբարձումյանը։
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ