կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-27 22:44
Հասարակություն

Ռայնիսի 1 շենքի բնակիչների խնդիրը կառավարության և քաղաքապետարանի օրակարգում է

Ռայնիսի 1 շենքի բնակիչների խնդիրը կառավարության և քաղաքապետարանի օրակարգում է

 Ռայնիսի 1 շենքի բնակիչների խնդիրը կառավարության և քաղաքապետարանի օրակարգում է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Պայթյունը լսվեց հյուրասենյակի կողմից, ապակիները կոտրվեցին: Ծնողներիս ձայն տալով՝ միանգամից խոհանոցի պատուհանից դուրս ենք թռել: Հետո արդեն հասկացանք, որ շենքի մի հատվածը չկա»,-ասում է Ռայնիսի փողոցի 1 շենքի բնակիչ Արմինե Գևորգյանը:

Արմինեն ընտանիքի հետ, մինչև երեկ բնակվում էր Ռայնիսի փողոցի 1 հասցեում՝ 5-րդ մուտք, առաջին հարկ: Նրանք և պայթունից հետո տուժած ևս 8 ընտանիք Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ժամանակավորապես տեղափոխվեցին երևանյան հյուրանոցներից մեկը: Բնակիչներից ոմանք էլ նախընտրել էին ազգականների տանը հյուրընկալվել:

«Հյուրասենյակը մենք կիսել և օգտագործում էինք նաև որպես  ննջասենյակ: Պայթյունից արթնացանք և տեսանք, որ օդում կախված ենք: Հրաշքով ենք փրկվել»,-նշում է մեկ այլ բնակիչ:
Հյուրանոցում բնակիչներին տեսակցել է  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը,  հետաքրքրվել առողջական վիճակով և, թե ինչ կարիքներ ունեն:

«5-րդ մուտքի 12 բնակարաների 29 բնակիչները, որոնցից 5-ն անչափահասներ էին տեղավորված են այս պահին: Առաջիկա նրանց համար կվարձակալենք բնակարաններ»,-ասում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Ուժգին պաթյունից շենքը մասնակի փլուզվել էր: «Ո՞վ, ինչու՞ և ինչպե՞ս» հարցերի պատասխանները կտա հետաքննությունը: Մինչ այդ բնակիչները դեպքի մասին գիտեն միայն պտտվող խոսակցություններից:

«Գազի արտահոսք, ինքնահրկիզման պատճառով պայթյուն. տարբեր վարկածներ են շրջանառվում»,-նշում են բնակիչները:

Երեկ շենքի մուտքերում, սեյսմիկ ուսումնասիրություն է արվել: 5-րդ մուտքը մասնագետների կարծիքով վերականգնման ենթակա չէ:

«Առաջինից երրորդ շքամուտքերում որևէ ճաք չեմ նկատել և  տեխնիկական վիճակը բավարար է, չորրորդ մուտքի համար պետք է լրացուցիչ մանրակրկիտ հետազոտություն արվի, իսկ հինգերորդը ամբողջությամբ ենթակա է ապամոնտաժման»,-նշում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանը:

Այսօր շենքի բնակիչների մի մասն արդեն վերադարձել է բնակարաններ: Չնայած պայթյունի ալիքը նաև նրանց տներ էր հասել, կոտրել ապակե պատուհանները:

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ և Ոստիկանության հետ տեղում աշխատանքները շարունակում է: Տարածքն առայժմ մաքրվում է, հետո էլ ամբողջությամբ կսահմանազատվի: 
«Առաջնահերթ պետք է լուծենք բնակիչների համար ջրի, հոսանքի և գազի մատակարարման խնդիրը» , - ընդգծում է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Պայթյունը խլեց բնակիչներից մեկի կյանքը, երկու քաղաքացիները, որոնք երեկ անմիջապես տեղափոխվել էին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում:

«Կնոջ վիճակը միջին ծանրության է, տղամարդը՝ ծայրահեղ ծանր: Այսօր կրկնակի հրավիրվել է այրվածքաբան»,- նշում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը:

Ռայնիսի փողոցում տեղի ունեցածին Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Հանրապետության վարչապետը: Կառավարությունն ու քաղաքապետարանն այժմ քննարկում են  առանց տանիքի մնացած բնակիչների խնդիրը: