կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-15 21:25
Առանց Կատեգորիա

ԿԳՄՍՆ-ն պարզաբանմամբ կոծկում է չափորոշիչներում առկա գրագողությունը

ԿԳՄՍՆ-ն պարզաբանմամբ կոծկում է չափորոշիչներում առկա  գրագողությունը

Oգոստոսի 7-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ բողոք է ստացել «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշիչների ու ծրագրերի նախագծերում հեղինակային այլ ծրագրի հետ մասնակի համընկնման մասին։ Այս կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն դիմել էր պայմանագրերի կողմ հանդիսացող «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին` անկախ փորձագետի ներգրավմամբ մանրամասն ուսումնասիրության գործընթաց սկսելու համար։ Նախարարությունը հայտարարել էր, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնի: 

Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Լիլիթ Մինասյանի տարածած հայտարարությունից և ներկայացված պարզաբանումներից պարզ դարձավ, որ Լիլիթ Մինասյանն այն հեղինակային խմբից է, որի անդամները ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ս.թ. հուլիսի 15-ին հանրայնացված «Ես, իմ հայրենիքը և աշխարհը», համաշխարհային պատմության 7-րդ դասարանի և հայոց պատմության՝ հիմնական դպրոցի չափորոշիչների և օրինակելի ծրագրի նախագծի տարբեր հատվածներում հայտնաբերել են «առանձին ձևակերպումների լիարժեք նույնականություն և գլուխների ճշգրիտ պատճենման դեպքեր»։ Այդ մասին նրանք հուլիսի վերջին տեղեկացրել են և՛ աշխատանքային խմբին, և՛ նախարարությանը։ Դրան հաջորդել է նամակագրություն, ապա՝ նախարարության հայտարարությունը։

ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտը փաստել էր նաև, որ պատճենումը կատարվել է սևագիր փաստաթղթից, որում նշված են ծրագրի հեղինակային խմբի, խորհրդատուի անունները, և կա նախազգուշացում, որ տվյալ փաստաթուղթը հանրայնացման ենթակա չէ։ ԵՊՀ դոցենտի համար պարզ չէ, թե ինչպես և ինչ հանգամանքներում է այդ սևագիր փաստաթուղթը հայտնվել աշխատանքային խմբի կամ նրա որևէ անդամի ձեռքում, բայց, ըստ Լիլիթ Մինասյանի, զավեշտալին այն է, որ նոր ծրագրում առկա նմուշներում պատճենված են անգամ իրենց վրիպակները և խմբի կողմից կիրառվող պայմանական ձևակերպումները: Լիլիթ Մինասյանը փաստել էր նաև, որ ավագ դպրոցի համար գրված իրենց ծրագրից արտատպությունները կատարվել են միջին դպրոցի ծրագրերում։ Պատճենումները կատարվել են անկանոն՝ երբեմն ամբողջ գլուխներ կամ դրանց մեծ մասը, երբեմն էլ առանձին տողեր և ձևակերպումներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿԳՄՍ նախարարության՝ վերոնշյալ հայտարարությունից մեկ ամիս անց գրագողության փաստի առիթով իրականացված գործողությունների վերաբերյալ նախարարությունը շարունակում էր կասկածելի լռություն պահպանել, Yerkir.am-ը գրավոր հարցում ուղարկեց նախարարի անունով՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ արդյունքներ են հայտնի ԾԻԳ-ի` անկախ փորձագետի ներգրավմամբ մանրամասն ուսումնասիրության գործընթացից, ինչպիսի՞ համընկնման մասին է խոսքը:  Լրատվամիջոցը նախարարությունից խնդրել էր նաև պարզաբանել, թե վերոհիշյալ համընկնումների առկայության հաստատման պարագայում չափորոշիչների և ծրագրերի նախագծերը ամբողջովին հետ կանչվելո՞ւ են: Նույնի պարագայում չափորոշիչների հեղինակներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելո՞ւ են: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանից ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ նախարարության ԾԻԳ-ը, ստանալով բողոք-նամակ պատմության առարկաների չափորոշիչներում և ծրագրերում հեղինակային այլ ծրագրի հետ մասնակի համընկնումների վերաբերյալ, դիմել է անկախ փորձագետի աջակցությանը՝ մասնագիտական կարծիք ստանալու և խնդրին լուծում տալու նպատակով: Փորձագետը տվել է իր համաձայնությունը՝ կամավոր կերպով իրականացնել ուսումնասիրություն և ներկայացնել իր կարծիքը։

«Հաշվի առնելով անկախ փորձագետի եզրակացությունը և առաջարկները՝ պատմության չափորոշիչներ և ծրագրեր վերանայող խմբին առաջարկվել է շտկել առկա թերությունները և չափորոշչի լրամշակված տարբերակը ներկայացնել ԾԻԳ՝ սահմանված ժամկետում՝ մինչև սույն թվականի հոկտեմբեր»,- նշված է փոխնախարարի պատասխան գրության մեջ:

Նախարարության խուսափողական և լղոզված պատասխանից պարզ չէ, թե անկախ փորձագետի ներկայացրած ինչպիսի՞ «թերությունների» մասին է խոսքը: Այնուամենայնիվ, հակված ենք կարծելու, որ, եթե նախարարությունն ունենար ներկայացված մեղադրանքները հերքող անառարկելի փաստեր, ապա դրանք հազիվ թե չներկայացներ ի լուր աշխարհի: Նախարարությունը, փաստորեն, արձանագրելով պատճենումների առկայության կամ պարզ գրագողության փաստը, յուրօրինակ կերպով կոծկում է այն:

ԿԳՄՍՆ-ն հետայսու երկու ճանապարհ ունի՝ կա՛մ պետք է հոկտեմբերին ներկայացվելիք լրամշակված տարբերակում վերացրած լինի պատճենումները  (անկախ փորձագետի մատնանշած «թերությունները»), կա՛մ օրը ցերեկով աչք փակի գրագողության առջև և չափորոշիչների ու ծրագրերի լրամշակված տարբերակը ներկայացնի այլոց աշխատանքներից պատճենված տարբերակով: Երկու դեպքում էլ գործ կունենանք գրագողության կոծկման ամոթալի և օրենքով պատժելի արարքի հետ:

Իսկ հոկտեմբերը յոթ սարի ետևում չէ: 

Այսպիսով՝ ԿԳՄՍՆ-ն ամեն գնով պաշտպանում և իր հովանու տակ է վերցնում «Հասարակական գիտություններ / հայոց պատմություն» առարկայական չափորոշիչները և ծրագրերը լրամշակող փորձագետների թիմին և դրա ղեկավար Լիլիթ Մկրտչյանին: Նպատակը, կարծում ենք, պարզորոշ է՝ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի  և նրանց թիկունքում կանգնած ուժերի կողմից խնդիր է դրված ամեն գնով անցկացնել և պարտադրել նոր չափորոշիչները: Ժաննա Անդրեասյանի՝  կրթության բնագավառում իրականացրած գործողությունները լիովին տեղավորվում են այն համընդհանուր գործընթացների տրամաբանության մեջ, որոնք տեղի են ունենում 2018 թ. իշխանափոխությունից հետո:

Վահե Սարգսյան

No description available.