Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության հիմնավորմամբ որոշել է մերժել քրեական գործի հարուցումը Ազգային Ժողովի մուտքի մոտ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպի առիթով, երբ խորհրդարանի անվտանգության ծառայության ղեկավարը խոչընդոտել էր «Ա1+» հեռուստաընկերության թղթակից Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։
Իսկ ավելի վաղ, հունիսի 24-ին, ՀՔԾ-ն կարճեց քրեական գործը՝ կապված ոստիկանների կողմից «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու հետ։ Փաստերի այս տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ ամենայն հավանականությամբ անհետեւանք կմնան նաեւ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած՝ Ղազախստանի հայ համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանի եւ նրան ուղեկցողների բռնարարքները «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի նկատմամբ։
Ըստ էութան, մեզանում ձեւավորվում է արատավոր ավանդույթ. լրագրողների գործունեության խոչընդոտման կամ նրանց նկատմամբ բռնութան մասին հաղորդում ստանալուց հետո ՀՀ դատախազությունը հանձնարարում է ՀՔԾ-ին՝ զբաղվել միջադեպով, իսկ վերջինս կոծկում է գործը՝ ստանդարտ «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ բռնության ու խոչընդոտման փաստերը նկարահանված եւ տեղադրված են համացանցում, բազմաթիվ ԶԼՄ-ներում։ Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ ՀՔԾ-ի նման գործելակերպը խիստ դատապարտելի է եւ վտանգավոր. այդ կառույցը փաստորեն իր պաշտպանության տակ է առնում բռնություններ իրականացնողներին, խորացնելով հիասթափությունն ու անվստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ։
Մենք պահանջում ենք.
- Հատուկ քննչական ծառայության ղեկավարությունից՝ միջոցներ ձեռնարկել վերոհիշյալ փաստերի վերաբերյալ կայացրած որոշումների վերանայման համար եւ պատասխանատվության ենթարկել անաչառություն ու արհեստավարժություն չցուցաբերած քննիչներին,
- ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել ՀՔԾ-ի գործողությունների եւ կայացրած որոշումների նկատմամբ եւ ապահովել լրագրողների դեմ ուղղված բռնարարքների ու մասնագիտական գործունեության խոչըդոտումների յուրաքանչյուր փաստի մանրակրկիտ հետաքննում՝ մեղավորներին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու համար,
- ՀՀ ղեկավարությունից՝ խստագույնս պահանջել իրավապահ մարմիններից՝ կասեցնել թափ հավաքող անպատժելիության շքերթը մեր երկրում։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ –ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ