կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-27 17:38
Հասարակություն

Դատավոր Ազարյանի գրագողությունը հաստատելուց հետո էլ նա չի զրկվի գիտական աստիճանից. ԲՈԿ նախագահ

Դատավոր Ազարյանի գրագողությունը հաստատելուց հետո էլ նա չի զրկվի գիտական աստիճանից. ԲՈԿ նախագահ

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին` ո՞վ է եղել այն քաղաքացին, որը հետաքրքրվել է` դատավոր Ալեքսանդր Ազարյանի աշխատանքը գողացվա՞ծ է, թե՞ ոչ:

Ի պատասխան` նա ասաց, որ ինքը երբեք անուններ չի հնչեցրել, ու դա նույնիսկ այն ժամանակ, երբ հայտարարել է, որ խնդիրներ կան որոշ ռեկտորների դոկտորի և պրոֆեսորի գիտական աստիճան ստանալու հարցերում:

«Դատավոր Ազարյանի  ատենախոսությունը 2 այլ ատենախոսությունների հետ ունի տեքստի համընկնում: Դրանցից մեկը պաշտպանվել է նրանից առաջ, մյուսը՝ հետո: 15 էջից ավելի համընկնում է եղել: Այդ 15 էջը համընկել է Վազգեն Ռշտունու և Տիգրան Նահապետյանի ներկայացրած աշխատանքների հետ»,- հայտնեց Գոգյանը:

«Ալեքսանդր Ազարյանը կզրկվի՞ գիտական աստճանից»,- հետաքրքրվեցին լրագրողները: Նա բացասական պատասխան տվեց: «Եթե անգամ ապացուցվի, որ աշխատանքը գրագողության տարրեր ունի, նա չի կարող զրկվել աստիճանից, որովհետև դրա համար համապատասխան մեխանիզմներ չկան»,- պարզաբանեց Գոգյանը` հավելելով, որ գիտական աստիճանից պետք է զրկվի ոչ միայն գրագողը, այլ նաև գիտական նորույթ չներկայացնողը, որը, օրինակ, չեխերեն ինչ-որ ատենախոսություն կարդալով, մի քիչ թարգմանում է  և ասում` իմն է:

ԲՈԿ նախագահն ասաց նաև, որ այսօր էլ են ատենախոսություններ մերժում, ավելին` բարձրաստիճան պաշտոնյայի ազգականի ատենախոսություն են մերժել, պարզապես այդ մասին չեն բարձրաձայնում, որ թեման չշահարկվի: