կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-09 17:53
Հասարակություն

Անարդար և նվաստական որոշում. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ Ամատունի Վիրաբյանի պաշտոնանկության մասին

Անարդար և նվաստական որոշում. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ Ամատունի Վիրաբյանի պաշտոնանկության մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի պաշտոնանկությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սրտի ցավով և հոգեկան խորին վրդովմունքով տեղեկացա Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Տիար Ամատունի Վիրաբյանի պաշտոնազրկման մասին:
Անարդար և նվաստական որոշում, իսկ հիմքը՝ խախուտ:
2003 թ. ճանաչել եմ և աշխատել Ա. Վիրաբյանի հետ: Նա մի անձ է, ով ձոնված է արխիվային գործին և փայլուն գիտակ Հայոց նոր և նորագույն շրջանների պատմության: Անձ, ով արգո գիտնական է, դասախոս և մեծ վաստակի տեր: Անձ, ով իր տնօրենության օրոք նաև ջանասիրաբար կառուցեց ու բարեզարդեց մեր Հայրենիի կարևորագույն հաստատություններից Ազգային արխիվն իր մասնաճյուղերով: Վերջապես, անձ, ով ապրում և իր մեջ կրում է Հայրենիքը, Ազգը, Եկեղեցին, վառվում Հայոց անցյալի ու ներկայի խնդիրներով ու հոգսերով, ցոլացնում պատմության դասն ու պատգամը վասն գալիքի:
Եվ, ահա, այսպես անարդար և տմարդի կերպով հեռացվում է. ավա՜ղ, հեռացվում է ողջ աշխատակազմի և նրանց արդար ու շիտակ բողոք-դիմումի հանդեպ մեղկ արհամարհանքով...
Դատապարտելի է նման մտայնությունն ու այս մոտեցումը:
Կսիրեմ հուսալ, որ պետական պատկան այրերը չեն վտանգի Հայաստանի ազգային արխիվը՝ այդ նվիրական հաստատությունը վստահելով անհայտ ծագման պաշտոնյայի:
Կսիրեմ հուսալ, որ Ազգային արխիվի ողջ անձնակազմը բարոյական ուժն ու քաջությունը կունենա պայքարելու և ընդունելու այնպիսի առաջնորդի, ով կշարունակի Տիար Ամատունի Վիրաբյանի հայրենանվեր ու ազգաշահ ծառայությունը»: