կարևոր
3097 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-13 11:31
Հասարակություն

Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ իշխանությանը

Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ իշխանությանը

Օրենսդիր և գործադիր իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ,
Սուտ վկայություն մի՛ տարածեք, կեղծիք մի՛ խմորեք: Ձեզ մի՛ նույնականացրեք դատական իշխանությանց հետ և անարդար մեղադրական եզրակացության սլաքներ մի նետեք Հայոց Եկեղեցու ուղղությամբ՝ փորձելով հարվածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ի գլուխ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի: Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դուք շատ լավ գիտեք, որ շարժումը ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ է, Դուք շատ լավ գիտեք, որ դրսում ՀՀ քաղաքացիներ են, որոնք արդար բողոք ու պահանաջ ունեն, որոնք լսվելու կարիք ունեն: Եվ, նաև, շատ լավ գիտեք, որ ամենուր կա որոմ, ամենուր կան սադրիչներ. այս ողբալի կացությունը Ձեզ համար շահավետ դիրքավորում մի՛ դարձրեք:

Հայոց Հայրապետի բազմարդյուն, տիրական ու հզոր հեղինակությունն անսասանելի է. տարիներ շարունակ փորձել են, փորձում են այն բեկանել, սակայն երբեք դա չի՛ ստացվել: Այո, որովհետև Հայոց Հայրապետն Աստծո Օծյալն է և մարմնացումը բարոյական Արարատի՝ Սուրբ Էջմիածնի: Իսկ ամեն ոք և ամեն ինչ բախվելով այս Սրբազնագույն Վեմին՝ ինքը կխորտակվի:

Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Առավել շիտակ, արդար, հայրենաշեն կլինի, եթե Դուք իմաստություն, գիտակցություն ու կամք ունենաք և լսեք Ձեր քաղաքացիներին, որոնք Ձեր առջև արդար ու հիմնավոր խնդիրներ են դնում: Պետության գործիչները պետք է լինեն ԽՆԱՄԱԿԱԼ և բարվոք կառավարեն: Ձեր խոսքերով ու գործելակերպով այդ ամենը չի՛ վկայվում ու չի՛ փաստվում:

Հեռո՛ւ մնացեք Հայոց Եկեղեցուն հարվածելուց (և այդպես մեր ազգի, պետության և ազգային սուրբ արժեքների թշնամիներին ծառայություն մատուցելուց). ի վերջո, Դուք էլ եք այդ Եկեղեցու անդամ՝ հոգ չէ, մեղավոր կամ արդար»։