կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 17:06
Իրավական

Կողոպուտ՝ Դավիթաշենի դեղատներից մեկից. ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել կասկածյալին

Դավիթաշեն թաղամասի դեղատներից մեկում օգոստոսի 26-ին կողոպուտ էր կատարվել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մի տղամարդ մտել էր դեղատուն, թիկունքից հրել-գցել էր աշխատակցուհուն, հափշտակել դրամարկղի փողն ու փախել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես մեկնեց դեպքի վայր: Ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին տուժողի հետ:

Հանցագործը եղել էր մարզագլխարկով ու դիմակով: Դեմքը տեսնել չէր հաջողվել: Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները:

Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Սիսիան քաղաքի 30-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Անդրանիկի փողոցում հայտնաբերեցին կասկածվողին և բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը և ձերբակալվել: Նախաքննությունը շարունակվում է: