Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակիցներն օգոստոսի 31-ի երեկոյան գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու, որը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակի ներկայացուցչի:
Հեռուստաընկերության տվյալներով՝ ոստիկանները փորձել են կանգնեցնել աֆրոմերիկացուն, որն ընթանում էր հեծանվով՝ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները: Երբ ոստիկաններին դա հաջողվել է, նրանց եւ կարգը խախտողի միջեւ ծեծկռտուք է սկսվել: Դրա ընթացքում աֆրոամերիկացին կիսաավտոմատ ատրճանակ է վայր գցել: Ըստ շերիֆի ներկայացուցչի հայտարարության՝ դրանից հետո ոստիկանները մի քանի անգամ կրակել են կարգազանցի վրա:
Շերիֆի գրասենյակը հայտնել է, որ այս պահին կատարվում է տեղի ունեցածի հետաքննություն: Որոշ թվով ցուցարարներ հավաքվել են պատահարի վայրում: