կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-30 16:57
Քաղաքական

Մեր նման Սփյուռք ունեցող ժողովրդի՝ Սփյուռքի հարցերով հանձնակատարն ինչպե՞ս կարող է պնդել, որ այլ ազգերի «ուծացումն է հզորության բանաձևը»

Մեր նման Սփյուռք ունեցող ժողովրդի՝ Սփյուռքի հարցերով հանձնակատարն ինչպե՞ս կարող է պնդել, որ այլ ազգերի «ուծացումն է հզորության բանաձևը»

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.

«Շաբաթասկզբին մեր ժողովրդին իր «հանճարեղ» մտքերով հայտնվեց հերթական «լուսավորյալը»։ Սփյուռքի հանձնակատարի պաշտոնում հայտնված անձը, ցավոք, բացառություն չեղավ իր թիմի մեծամասնությունից ու մեր ժողովրդի «պողոսացված» ամենագետ հատվածից, որոնք իրենց համարում են «լայն պրոֆիլի», «ամենինչի» մասնագետներ։ Սա այլ խոսակցության նյութ է, երբ թերի գիտելիքներ ունենալով կամ ընդհանրապես տգետ լինելով տարբեր ոլորտներում, մարդիկ իրենց իրավունք են վերապահում ոչ միայն կատեգորիկ դատողություններ անել, այլև այդ ոլորտի մասնագետներին վերաբերվել քամահրանքով։ Ինչ արժի դարակազմիկ «դատողությունը» ճապոնացիների էթնոգենեզի մասին՝ այն է, «ճապոնացիները առաջացել են կորեացիների ու չինացիների սինթեզի արդյունքում»։ Էս պրիմիտիվիզմը մոտավորապես հիմնված է նույն տրամաբանության վրա, որ ցեմենտն ու ավազը որ ջրով խառնես, կստանաս բետոն։ Բայց այս կարգի դատողությունը կիրառելի չէ ազգերի կազմավորման պրոցեսի մասին։ Բայց սա ամենակարևորը չէ։
 
Սույն «ամենագետը» որոշեց անդրադառնալ նաև «հզոր պետություններում ազգերի ուծացման հարցին», փորձելով դա որպես աքսիոմատիկ ճշմարտություն ներկայացնել։ Դրա հետ նա հընթացս խառնեց «դեմոգրաֆիական» խնդրի լուծման, հետո նաև մեր «մոնոէթնիկության» անպատեհությունը։ Մարդը չի էլ հասկանում, որ վերջին երկու պրոբլեմները բացարձակ կապ չունեն առաջինի հետ։ Իսկ ազգային փոքրամասնություններին «ուծացնելու» իր տեսլականը ուղղակի հակասում է մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին։
 
3 տարի ես գլխավորել եմ ՀՀ Նախագահին կից Ազգային փոքրամասնությունների խորհուրդը, ինձնից առաջ այդ պարտականությունը կատարել է լուսահոգի Վահան Հովհաննեսյանը և Ռազմիկ Դավոյանը։ Հայաստանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի երկու՝ Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման մասին և Տարածաշրջանային լեզուների մասին կոնվենցիանները, որոնցով հստակ պարտավորություններ է ստանձնել մեր երկրում ապրող ժողովուրդների էթնիկ, լեզվական, մշակութային, կրոնական առանձնահատկությունները պահպանելու ուղղությամբ։ Տարիների ընթացքում հսկայական ջանքեր ու ֆինանսական միջոցներ են հատկացվել այս նպատակով, անցկացվել են փառատոններ, բացվել են դասարաններ, տպագրվել են դասագրքեր, լուծվել են տնտեսական ու կենցաղային պրոբլեմներ։ Ու հիմա սույն «ամենագետն» իր մի հիմար, իր պաշտոնին ու դիրքին անհարիր հայտարարությամբ կասկածի տակ է դնում մեր պետության ջանքերը՝ այստեղ ապրող ազգերի ինքնատիպության, նրանց լեզուների պահպանման ու զարգացման հանձնառությունը կատարելու պատրաստակամության վերաբերյալ։ Մենք հավասարվում ենք մեր հարևաններին՝ այդ երկրներում ապրող ազգերի նկատմամբ ասիմիլյացիոն քաղաքականություն վարելու իմաստով։ Մեր նման Սփյուռք ունեցող ժողովրդի՝ Սփյուռքի հարցերով հանձնակատարը ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ խոսել ու պնդել, որ այլ ազգերի «ուծացումն է հզորանալու բանաձևը»։ Ստեղ լրիվ տեղին է հարցը՝ տղա ջան, դու լա՞վ չես։
 
Ինչի՞ արդյունք է այս տգիտություն, ինչու՞ սույն սուբյեկտը կարգի չի հրավիրվում իր ղեկավարի՝ «ժողջանի» վարչապետի կողմից, դա ուրիշ հարց է։ Պրոբլեմը շատ խորն է, մեր ժողովրդի քաղաքագիտական անգրագիտությունը թափանցել է իշխանության ամենաբարձր մակարդակ։ Ակնհայտ է, որ այս անձանց պաշտոնավարումը սպառնալիք են դարձել մեր երկրի հեղինակության համար»։