|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ-ում Սփյուռքի նախարարության կարգավիճակի փոփոխության վերաբերյալ պարզաբանում տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմիցս անդրադարձել է խնդրին: «Սփյուռքի դպրոցներում ծրագրի ապահովումն իրականացնում է ԿԳՆ-ն, դասագրքերի ապահովումը՝ Սփյուռքի նախարարությունը: Ուսուցիչները մի ծրագրով գալիս են, վերապատրաստվում, գնում, տեսնում են սեղանին դրված մի ուրիշ գիրք, որը ոչ մի կապ չունի այն նախապատրաստության հետ, որի վրա գումար է ծախսվել, այսինքն՝ հա՛մ դասագրքի, հա՛մ ծրագրի արդյունավետության խնդիր կա»,- ասաց նա:
Մեկնաբանելով նախարարության կամ նախարարի գործառույթի անարդյունավետությունը Սփյուռքի հետ հարաբերություններ հաստատելու առումով` վարչապետն ասաց. «Կառավարության անդամ լինելով՝ Սփյուռքի նախարարը բազմաթիվ պարտականություններ ունի, այսինքն՝ Հայաստանում նախարարի կարգավիճակից բխող ամենօրյա մեծ պարտականություններ ունի, մինչդեռ Սփյուռքով զբաղվող` երկրի թիվ մեկ պաշտոնյան պետք է այդ կարգի պարտականություններից ազատ լինի, որ ավելի շատ ժամանակ տա Սփյուռքին: Նա չի կարող 15 օր գնալ և մի համայնքի հետ աշխատել, իսկ հանձնակատարը կարող է, օրինակ, 20 օր գնալ և մնալ Փարիզում, համայնքի բոլոր շերտերի հետ հանդիպումներ ունենալ»:
Սփյուռքի հանձնակատարն, ըստ Փաշինյանի, ավելի շատ Սփյուռքում պետք է աշխատի, քան Հայաստանում, Սփյուռքի բոլոր անկյուններից ազդակները հավաքելով` բերի, դնի կառավարության սեղանին: «Դա պետք է լինի կազմակերպություն, որը ներկայացնի ամբողջ Սփյուռքը»,- ասաց նա: