Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Միրզոյանը հանդես եկավ ելույթով և նախ շնորհակալություն հայտնեց սեփական խմբակցությանը` բարձր վստահության և պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար:
Նա ելույթը սկսեց հետևյալ խոսքով. ««Հանուն մեր երկրի հզորության և ի սարսափ թշնամաց». սրանից 2800 տարի առաջ մոտավորապես այս խոսքերն է դրոշմել սեպագիր արձանագրության մեջ Հայկական լեռնաշխարհի հնագույն պետություններից մեկի գահակալը էրեբունի ամրոցի հիմնադրման ժամանակ: Վստահ եմ` այս խոսքերի բովանդակության լայն իմաստն են առաջնորդել մեր պետականության բոլոր պահապաններին ու ջահակիրներին հնագույն ժամանակներից մինչև երրորդ հանրապետություն, մինչև մեր օրեր»:
Միրզոյանը կարևոր համարեց իր երախտագիտությունը հայտնել այն անհատներին, որոնք այսպիսի գիտակցում ու դերակատարում են ունեցել իրենց պատասխանատվության այս շրջանին նախորդած բոլոր պատմական փուլերում: «Մենք ևս մի քանի ամիս առաջ պայքարելով` մեր պայքարի հիմքում էինք դրել հանուն մեր պետականության, ՀՀ-ի և Արցախի հզորության, ժողովրդի բարեկեցության, ազատության ու իրավունքների արժեքները»,- ասաց նա և, անդրադառնալով ԱԺ աշխատանքի իր պատկերացումներին, նշեց, որ տրամաբանական է, որ ԱԺ օրենսդրական օրակարգում կենտրոնական տեղ են զբաղեցնելու նոր կառավարության ծրագիրը և դրա իրականացման ուղղությամբ մշակվելիք օրենսդրական փաթեթները:
ԱԺ նախագահի թեկնածուն նաև կարևորեց կառավարության խորհրդարանական վերահսկողությունը, որն այդ կերպ ևս հաշվետու կլինի ընտրողների առաջ: Թվարկելով վերահսկողության գործիքները` Միրզոյանը նշեց, որ խորհրդարական վերահսկողությունը, բացի իրավական կարգավորումներից, կարիք ունի երկու այլ գործոնի առկայության` քաղաքական կամք և ինստիտուցիոնալ կարողություններ, և երկուսի ձևավորման ու զարգացման համար էլ ներդնելու է բոլոր ջանքերը:
Ամփոփելով ելույթը` Միրզոյանն ասաց.«Կեցցե մեր երազանքների Հայաստանը, որը մենք կերտելու ենք, անպայման կերտելու ենք` հանուն մեր երկրի հզորության և ի սարսափ թշնամաց»: