կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-06 13:43
Իրավական

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել է Շահեն Հարությունյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությանը

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել է Շահեն Հարությունյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությանը

Երեկ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի նախկին կինը` Ռուզաննա Բադալյանը, և նոյեմբերի 5-ի գործով անցնող մյուս մեղադրյալների հարազատները հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ռուզաննա Բադալյանը:

 

Նրա խոսքով` հանձնակատարն անդրադարձել է Շահեն Հարությունյանին 5 տարի ազատազրկման դատապարտելու` դատախազի միջնորդությանը և կարծիք հայտնել, որ նա ընդհանրապես պատասխանատվության չպետք է ենթարկվի:

 

Տիկին Ռուզաննան հավելեց, որ իրենք` ամբաստանյալների հարազատները, իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար կարող են միայն երթեր կազմակերպել կամ դիմել մեր ու միջազգային իրավապաշտպան կառույցներին:

 

Yerkir.am-ի  դիտարկմանը` եթե դատավճռով հաստատվեն առաջարկված պատժաչափերը, հնարավո՞ր է` ծայրահեղ միջոցների դիմեն` ընդհուպ մինչև հացադուլ կամ նստացույց, Բադալյանը պատասխանեց. «Մենք պատրաստ ենք և' հացադուլի, և' նստացույցի, բայց ո՞վ է մեզ լսողը»:

 

Իսկ մյուս ամբաստանյալների հարազատներն էլ նշեցին, որ նման պարագայում կդիմեն Եվրադատարան, քանի որ իրենց հույսը կապում են այդ կառույցի հետ:

 

Անդրադառնալով դատաքննությանը` Ռուզաննա Բադալյանը հերթական անգամ ընդգծեց, որ նոյեմբերի 5-ի անկարգությունները հրահրվել են ոստիկանների կողմից, իսկ արդյունքում դարձել են տուժողներ: «Ոստիկանների աչքերն արցունքոտվելու արդյունքում այսօր մարդկանց մինչև ութուկես տարի ազատազրկում է սպառնում: Ազատության համար մարտնչող տղաները կանգնած են դատարանի առաջ և հանցագործների փոխարեն պետք է բանտերում հայտնվեն` թողնելով իրենց ընտանիքները»,- ասաց նա:

 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Ռուզաննա Բադալյանը նշեց, որ նախագահն իր այդ խոսքով ևս մեկ անգամ հաստատեց, որ անմիջականորեն ուղղորդում և հրամայում է դատարանին: «Դատավորը միայն Սերժ Սարգսյանն է, ինչպես ասի, այնպես էլ կլինի »,- նշեց գործով ամբաստանյալ Հայկ Հարությունյանի մայրը:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին: Այցի օրերին նա ելույթով էր հանդես եկել` անդրադառնալով նաեւ Շանթ Հարությունյանին: Նա ասել էր, որ Հարությունյանը և նրա ընկերները պետք է դատապարտվեն, քանի որ հանցագործություն են կատարել: