Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը գրում է․
Չէի կարող չանդրադառնալ այս հարցազրույցում հնչած հակագիտական, անգիտական, ու խիստ վտանգավոր որոշ մտքերի։
Պարոն Սինանյանին կառաջարկեմ իրական մասնագետներից սովորել հայոց պատմություն, ժողովրդագրություն (էթնոգրաֆիա), ժառանգաբանություն ու ծագումնաբանություն (գենետիկա) և դիվանագիտություն։
Որպեսզի Արգիշտիի կողմից Էրեբունիում բնակեցված, Արմե-Շուպրիայից ու Ծուպանիից (Ծոփքից) բերված ռազմիկների ծագումնաբանությունն իմանա՝ պետք է տեղեկանա, որ հայկական լեռնշխարհի ցեղերի ու ցեղային միությունների մեծագույն մասը նույն հայկական ժառանգականությունն ունեին, նրանք արյունակիցներ էին մեծամասամբ։ Ուղղակի միասնական պետություն հետագայում ծնունդ առավ։ Ուսումնասիրեք, որպեսզի տեսնեք ու համոզվեք, որ հայկական լեռնաշխարհի ամենաարևմտյան ու ամենաարևելյան մասերում 6000 տարի առաջ ապրած մարդկանց ԴՆԹ-ն նույնական է, և ժամանակակից հայի ԴՆԹ-ն այդ ժամանակվա (նախա)հայ մարդու ԴՆԹ-ից այսքան հազարամյակների մեջ շեղվել է ընդամենը 0,4%-ով, որն անգամ մի կաթիլ օտար արյուն չխառնվելու պարագայում էլ՝ 6000 տարվա մեջ բնական մուտացիայի արդյունքում կարող էր շեղվել։ Իսկ այդ 0,4%-ն այնքան անտեսանելի շեղում է, որ անգամ անդրադառնալ չարժե։
Մի խոսքով՝ ճանաչեք ժամանակակից հայության հիմքը հանդիսացած ցեղերի ու ցեղային միություններին անվանապես, ժառանգաբանությամբ, մշակույթով ու պատմությամբ։
Երբ խոսում եք Տիգրան մեծի կողմից բերված օտար ազգերի ներկայացուցիչների մասին, տեղեկացեք, որ Տիգրան 2-րդի կայսրությունը հազիվ 4 տասնամյակ է գոյություն ունեցել, և այնպես չէ, որ հենց սկզբից օտարազգիներ է բերել, հետևաբար, իր բերած օտարազգիները, մինչև իր կայսրության վերջը՝ հազիվ 5-ից 25 տարի են ապրել Հայաստանում, և նրանց մեծ մասը հետո վերադարձել է իրենց երկիրը։ Բացի դա, նրա բերած մարդկանց մեծ մասը արհեստավորներ էին և հիմնականում բաշխված էին քաղաքներում, մասնավորապես մայրաքաղաք Տիգրանակերտում, Վանում, Արտաշատում, Նախիջևանում և թվապես ազդեցություն չեն ունեցել հայկական ժառանգականության վրա, ինչպես պղտոր փոքրիկ առվակը երբ մի կարճ շրջանում խառնվում է արագահոս ու լայն գետի հետ։
Մի կարևոր հանգամանք էլ. հենց այդ ներկրված օտարները հռոմեացիների առջև բացեցին մայրաքաղաք Տիգրանակերտի դարպասները։ Այնպես որ, մեր անցյալի «տրոյական ձիերին» պետք չէ գովերգել, որքան նրանց քանակը շատ՝ այնքան պետությունը անկայուն և դյուրակործան։ Աճող հզոր բոլոր պետությունները նախկինում կործանվել են հենց այդ բազմազանության արդյունքում, երբ կենտրոնական իշխանությունը թուլացել է։ Ուսումնասիրեք անցյալի բոլոր կայսրությունների պատմությունները՝ կհամոզվեք։ Նայեք ժամանակակից արևմտաեվրոպական պետություններում տեղի ունեցող ժողովրդագրական պատկերի փոփոխմանը, ի վնաս բնիկների՝ կհամոզվեք։ Տեսեք, թե ինչ է կատարվում բազմազգ, բազմացեղ ու բազմակրոն Իրաքում, Սիրիայում, Լիբիայում։ Մեր պետության բարեբախտությունն է, որ առ այսօր գրեթե միատար է և ազգամիջյան կամ կրոնական բազմազանության հողի վրա չեն կարողանում պառակտել և կործանել։
Ի դեպ, երբ նշում եք, որ պետք է նրանց ուծացնել (ձուլել), նրանց կարծիքը հաշվի առե՞լ եք, ուզու՞մ են ձուլվել, այդ պայմանով գալ։ Դուք այդ մասին նշելով՝ վիրավորում եք արդեն տասնամյակներով ու հարյուրամյակներով մեր մեջ ապրող ազգային ու կրոնական փոքրամասնություններին՝ եզդիներին, ասորիներին, ռուս-սլավոնական մոլոկաններին, դուխոբորներին, կոզակներին և այլ փոքրամասնություններին։ Մենք երբեք, ո՛չ որպես ազգ, ո՛չ որպես պետություն՝ նման խնդիր չենք դրել նրանց մեր մեջ ձուլելու, ընդհակառակը, հայությունը եղբայրաբար է ընդունում նրանց ու որպես պետություն՝ հնարավորինս արվել է նրանց ազգային ինքնությունը, մշակույթը և լեզուն պահպանելու ուղղությամբ։ Մեզ լիովին բավարարում է, որ ՀՀ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները իրենց զգան Հայաստանի լիարժեք ու հային հավասար իրավունքով և պարտականությամբ քաղաքացիներ՝ առանց հայության մեջ ձուլվելու, եթե ի հարկէ՝ դա իր կամավոր ընտրությունը չէ։ Ես լինեի Հայաստանի ազգային որևէ փոքրամասնության ներկայացուցիչ՝ հաստատ ուծացնան մասին Ձեր այդ արտահայտությունը որպես վիրավորանք կընդունեի։
Եվ վերջում, այն օրինակը որ բերեցիք, չինացիների ու կորեացիների սինթեզից ճապոնացիների առաջացման մասին, այլևս չկրկնեք, քանի դեռ ճապոնացիների ականջը չի ընկել։ Սա՝ դիվանագիտական նրբանկատության առումով։ Իսկ գիտական առումով, հավատացնում եմ Ձեզ, նման հակագիտական արտահայտություն վաղուց չէի լսել։ Ընկերաբար տեղեկացնեմ Ձեզ, որ երբե՛ք, լսու՞մ եք, ԵՐԲԵ՛Ք երկու տարբեր էթնոսների միավորումից նոր էթնոս չի առաջնում, այլ ընդամենը մի հեգեմոն էթնոսի մեջ առաջնում է որոշակի ժառանգական, մշակութային, լեզվական փոփոխություն։ Ինչպես թյուրքական բուլղարների անունը և մի քանի բառ մնաց այդտեղ ապրող սլավոնական ցեղերի մոտ, բայց իրենք տարալուծվեցին ու անհետացան, ինչպես գերմանական ֆրանկների անունը մնաց ռոմանականացած գալերի վրա ու նրանք անհետացան։ Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել հիմա, բայց լավ կլիներ խորհրդակցեիք մասնագետների հետ ու գիտական լուրջ գրականություն ինքնուրույն ուսումնասիրեիք։
Հիշեք. Կորեացիների ու չինացիների գումարումից ճապոնացի չի առաջանում։ Դա շատ պարզ է ու կարելի է հիշել, ինչպես մեկին գումարած մեկը։
Լուրջ հարցերի մասին եք խոսում, քաղաքականություն եք մտածում մշակել՝ խորհրդակցեք բազմաթիվ ոլորտների բազմաթիվ լուրջ մասնագետների, սա սիրողական զբաղմունք չէ, ազգային անվտանգության գերակա խնդիր է, որի սխալի հետևանքներն անդառնալի կարող են լինել թե՛ հայ տեսակի, և թե՝ հայոց պետականության համար։ Ողջ լերուք։
Հ.Գ. Հարգելի հայրենակիցներ, մեկնաբանություններում որքան կուզեք՝ փաստարկված քննադատեք, բայց կխնդրեմ զերծ մնալ անձնական վիրավորական արտահայտություններ անելուց։