կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 14:44
Մշակույթ

Նախագահ Արմեն Սարգսյանը կրկին հանդիպել է մտավորականների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ: Այս անգամ նախագահը հյուրընկալել է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես ընդգծել են մշակույթի ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, կարևոր համարել ժամանակին համահունչ քայլելը։ Անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններին՝ առանձնահատուկ համարելով կրթության առաջնային դերը երկրի զարգացման գործում: «Կրթության համակարգը շատ զգայուն է, պետք է հազար անգամ չափել, նոր կտրել,- մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը։- Եվ՛ հասարակական, և՛ մշակութային, և՛ կրթական ոլորտներում մենք սովորելու շատ բան ունենք, բայց ուղղակի վերցնել և արտապատկերել երկրի սահմանադրությունը, թե դասագիրքը, շատ վտանգավոր եմ համարում։ Ցանկացած ազգ և ժողովուրդ պետք է ունենա անփոփոխ չափանիշներ, արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում չպետք է փոխվեն։ Ինչ էլ որ ներկայացնենք աշխարհին, պետք է մեր մեջ եփված լինի»։

Նշելով, որ այսօրվա աշխարհն էապես տարբերվում է նախորդից, իսկ նախորդ աշխարհը ոչ թե 100, այլ սրանից 20 տարի առաջ էր' Արմեն Սարգսյանն ասել է. «Հսկայական քանակությամբ ինֆորմացիա կա։ Եթե կարողանում ես այդ ինֆորմացիան մարսել, համակարգել և դրանից հետո նաև համապատասխան եզրակացությունների գալ, մշակել ծրագիր և ըստ ծրագրի աշխատել, այդ դեպքում դառնում ես անհատ, որ գիտի, թե ուր է գնում, բիզնես, որ գիտի, թե ուր է գնում, մշակույթ, որ գիտի՝ ուր է գնում և երկիր, որ գիտի՝ ուր է գնում։ Մեր հիմնական խնդիրներից մեկն է՝ այս անորոշության պահին հստակ հասկանալ, թե մենք ով ենք և ուր ենք գնում։ Եթե դա լավ պատկերացնենք՝ այդ դեպքում իրավիճակը մեր օգտին է լինելու։

Մեզ համար շատ էական է նախ հասկանալ փոփոխված աշխարհը, այն լավ ճանաչել և երկրորդը՝ ունենանք մեր տեղը, գոնե տեսլականը, թե որտեղ ենք ուզում լինենք։ Եթե տեսլական ունենք, պետք է դրան համապատասխան ծրագիր լինի, այնուհետև՝ գործողությունների ցանկ։

Իհարկե, ինչպիսի որոշում էլ վերջում ընդունենք, միևնույն է, գալու ենք նույն տեղը, որ մշակույթը, կրթությունը, գիտությունը և ժամանակակից լինելն էական են։ Մենք կարող ենք հաջողակ լինել, եթե ներդաշնակ լինենք այսօրվա աշխարհի հետ»։