կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-19 14:46
Տարածաշրջան

Սուրբ Սոֆիան, կանաչ դրոշը և թուրը

Սուրբ Սոֆիան, կանաչ դրոշը և թուրը

Հուլիսի 24-ին՝ ուրբաթ օրը, Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի։ Դրանով ցույց տրվեց, որ Թուրքիան նոր ժամանկաշրջան է թևակոխելու։ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Կրոնական գործերի ղեկավար Էրբաշը՝ օսմանյան թուրը ձեռքին, խալիֆայության կանաչ դրոշի ներքո, նախագահի առջև ուրբաթօրյա նամազն արեց։ Ամբիոնի վրա Թուրքիայի Հանրապետության՝ լուսին և աստղ պատկերված կարմիր դրոշի փոխարեն կախեցին խալիֆայության կանաչ դրոշը,  գրչի փոխարեն թուր վերցրեցին, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը չարտաբերեցին, մինչև իսկ անուղղակի քննադատեցին նրան։ Այս ամենը խորհրդանշական կերպով ներկայացնում է առաջիկայում Թուրքիայի քաղաքական կերպարը։

«Թուրը»՝ զավթելու, «թրի իրավունք» հասկացության, իսկ կանաչ դրոշը՝ խալիֆայության, երեք մայրցամաքներում իշխած Օսմանյան կայսրության խորհրդանիշն  էր։ Սուրբ Սոֆիայի խորանին թրով բարձրանալը բացահայտ նշանակում է՝ «Սուրբ Սոֆիան մերն է՝ ուժի իրավունքով»։

Օսմանյան կայսրությունը նվաճողական, խալիֆայական, բացարձակ իշխանապետություն էր։ Նվաճումների տարիներին թուրը ռազմական և քաղաքական ղեկավարության խորհրդանիշն էր։ Սակայն դարն ու աշխարհը վաղուց փոխվել են։ Ժամանակներն այլևս առաջվանը չեն։ Վերջին երկու դարում գրիչը փոխարինել է թրին։ Աշխարհը  վաղուց հասկացել է, որ գրիչն ավելի զորեղ է, քան թուրը։

Օսմանյան պետության սովորույթի մեջ փադիշահը (սուլթանը-Ակունքի խմբ․) երբեք ամբիոն չէր բարձրանում ու խոսում ժողովրդի հետ։ Փադիշահը նստում էր հետևում, իսկ նրա փոխարեն խոսում էր մեծ վեզիրը՝ կանաչ դրոշի, խալիֆայության խորհրդանիշի ներքո,   օսմանյան թուրը՝ ձեռքին։

Թուրքիայի Հանրապետության պետական սովորույթից հանվել էր խալիֆայության կանաչ դրոշի ներքո, թուրը ձեռքին՝ նամազ ընթերցելը, փոխարենը պետական ավանդույթ էր դարձել խոսել թուրքական դրոշի ներքո։

Հրամանատար Մուստաֆա Քեմալը վերացրել էր խալիֆայությունը, երբեք թուրը ձեռքին՝ ամբոնին չէր մոտեցել և չէր խոսել կանաչ դրոշի ներքո։

1930-ական թթ․, երբ Եվրոպայում ահագնանում էր խտրականությունը, ռազմատենչությունը, երբ Թուրքիան չորս կողմից կրակի ճիրաններում էր հայտնվել, Մուստաֆա Քեմալը, «Երկրում խաղաղություն, տիեզերքում խաղաղություն» կարգախոսով, պատկերել էր Թուրքիայի տեսլականը։

Այն, որ Կրոնական գործերի նախագահ Էրբաշը՝ թուրը ձեռքին, նամազ արեց, հայտարարութուն էր՝ ուղղված աշխարհ, թե իրենք հեռանում են այդ կարգախոսից և որդեգրում են նեոօսմանականությունն ու նոր նվաճողական քաղաքականությունը։

Ինչու՞ հենց հուլիսի 24-ը։ Մի՞թե մեկ ուրիշ օր չէր կարող լինել

Սուրբ Սոֆիայի մի հատվածում արդեն  վաղուց էին նամազ անում։ Սուրբ Սոֆիայի հատակին գորգեր փռելու կարգադրությունը Պետական խորհրդի որոշումից շատ առաջ՝ 2020 թ․ հունիսի սկզբին էր տրվել։ Դա նշանակում է, որ Պետական խորհրդի որոշումից առաջ քաղաքական որոշում է եղել։ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու գործը նախապես ծրագրվել է ամենայն մանրամասնությամբ։

Դա կարող էր տեղի ունենալ նաև օգոստոսի 1-ին կամ 8-ին։ 2020 թ․ հուլիսի 24-ը հատուկ, անցյալից վրեժ լուծելու նպատակով է ընտրվել, քանի որ 1924 թ․ հուլիսի 24-ին Լոզան քաղաքում, աշխարհի աչքի առջև ընդունվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման փիլիսոփայությունն ու հիմնական սկզբունքները։ 1924 թ․ հուլիսի 24-ին հռչակվեց, որ Թուրքիայի Հանրապետությունը խալիֆայական, շարիաթական և բացարձակ իշխանապետություն չէ, այլ ժամանակակից, խաղաղասեր պետություն է, որտեղ հարգվելու են մարդու իրավունքերն ու ազատությունները, տարբեր կրոնները, հավատքները, տարբեր ազգությունները։

Կրոնական գործերի նախագահը Սուրբ Սոֆիայում ընթերցած ուրբաթօրյա նամազը՝ նոր ժամանակաշրջանի քաղաքական հայտարարությունը, կարող էր կարդալ Սյուլեյմանիյե կամ մեկ այլ պատմական մզկիթում և մեկ ուրիշ ուրբաթ։ Սակայն Սյուլեյմանիյե մզկիթը կամ էլ մեկ այլ մեծ մզկիթ և մեկ ուրիշ ամսաթիվ չէին համապատասխանի ներքին և արտաքին լսարանին ուղղված հաղորդագրությանը։ Սուրբ Սոֆիան նվաճողականության խորհրդանիշն էր։ Բացի այդ՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի իմացությամբ 1932 թ․ փետրվարի 3-ին՝ Քադիրի գիշերը (Kadir Gecesi- Ռամադան ամսվա 28-րդ գիշերը-Ակունքի խմբ․), աշխարհում առաջին անգամ Սուրբ Սոֆիայի մզկիթում թուրքերեն Ղուրան, թեքբիր («Ալլահու Աքբար» արտահայտությունը, որը նշանակում է՝ «Ալլահը մեծ է-Ակունքի խմբ․) ու կամեթ (մզկիթում նամազ անելու համար ոտքի կանգնելու կոչ- Ակունք խմբ)  է ընթերցվել։ Այսինքն՝ Սուրբ Սոֆիան այն մզկիթն է, որտեղ իսլամի պատմության մեջ առաջին անգամ թուրքերեն Ղուրան է կարդացվել։

 

Գրիչ և թուր

1930-ական թթ․ հիմնականում քննարկվում էր այն հարցը, թե Թուրքիայի Հանրապետությունը ո՞ր ճանապարհով պետք է գնա՝ գիտակա՞ն, թե՞ կրոնական։ Այդ բանավեճը տևել է Թուրքիայի Հանրապետության պատմության ամբողջ ընթացքում և դեռևս շարունակվում է։ Հանրապետության հիմնադրման տարիներին փադիշահության, խալիֆայության կողմնակիցները՝ կրոնական, իսկ հանրապետականները գիտության, լուսավորության ճանապարհով գնալն էին պաշտպանում։

Նախագահ Մուստաֆա Քեմալն ասելով, թե «Կյանքում ամենաճշմարիտ դաստիարակը գիտությունն է», «Կյանքում ամենաճշմարիտ ուղին գիտությունն է ցույց տալիս», վերջ է դրել այդ քննարկմանը։ Հասարակությունը պետք է լիներ գիտակենտրոն, Թուրքիան պետք է դառնար գիտական, տեխնիկական, մշակութապես զարգացող, աշխարհի հարգանքին արժանի ժամանակակից պետություն։ Դրան ուղղված առաջին քայլը Թուրքիայի Հանրապետության 90 տոկոս անգրագետ քաղաքացիներին գրագետ դարձնելն էր։ Դրա համար գրագիտության արշավ է կազմակերպվել։ Օսմանյան կայսրությունում համալսարան չկար, կար կրոնական դպրոց։ Առաջին համալսարանը հիմնադրվել է Ստամբուլում 1933 թ․ օգոստոսի 1-ին։

Գրիչը փոխարինեց թրին։ Գրիչն ու կավիճը դարձան Հանրապետության խորհրդանիշները։ Մուստաֆա Քեմալը ձեռքը վերցրեց կավիճն ու անցավ գրատախտակի առջև, լատինական այբուբենով գրել-կարդալ սովորեցրեց։ Հանրապետության առաջին տարիներին փորձել են կրթություն տալ՝ «Կյաքում ամենաճշմարիտ դաստիարակը գիտությունն է» կարգախոսի ներքո։

Կրոնական գործերի նախագահ Էրբաշը Սուրբ Սոֆիայում խալիֆայության կանաչ դրոշի ներքո, թուրը՝ ձեռքին, հայտարարեց այն մասին, որ Աթաթուրքի ժամանակաշրջանի դպրոցակենտրոն, լուսավորչական պետություն հասկացությունը փոխարինվում է «մզկիթակենտրոն» պետություն հասկացությամբ և ասաց․ «Մեր քաղաքակրթությունը մզկիթակենտրոն քաղաքակրթությունն է․․․  Այժմ մենք պետք է միության և եղբայրության գիտակցությամբ մեր մզկիթները կենդանի պահենք, մեր մզկիթները մեր կյանքի առանցքը դարձնենք։ Կին, տղամարդ, երեխա, երիտասարդ թե տարեց՝ մեր մզկիթներում պետք է լինենք, մեր մզկիթներում կյանք գտնենք»։

2020 թ․ հուլիսի 24-ը պատմության մեջ անցավ որպես օր, երբ կրոնը տարանջատվեց պետական գործերից, վերջ տրվեց աշխարհիկ պետություն հասկացությանը։

Կարծես՝ Թուրքիայում քաղաքական կյանքը, 2020 թ․ հուլիսի 24-ից առաջվա համեմատ, ավելի բարդ է լինելու, և ծանրակշռությունն ավելի շատ անցնելու է սուննի իսլամական քննարկումներին։

Երբ Թուրքիան տնտեսական ճգնաժամ է ապրում, երբ մեկ եվրոն արդեն ութ թուրքական լիրա է, երբ գործազրկությունը, աղքատությունը, հասարակական անկարգություններն աճում են, Սուրբ Սոֆիայի վրա խալիֆայության դրոշը բարձրացնելը, թրով ուժի ցուցադրությունն ավելի է ավելացնելու մեր խնդիրները։ Թուրքիայի Հանրապետությունը երբեք ոչ իսլամական հանրությանը այս աստիճան իր դեմ չէր հանել։

Նման գործընթացի ժամանակ ժողովրդավար և գիտակենտրոն Թուրքիայի համար, հանրային խաղաղության և բարեկեցության ձգտելու համար շատ կարևոր է ասել՝ «Երկրում խաղաղություն, տիեզերքում խաղաղություն», «Կյանքում ամենաճշմարիտ դաստիարակը գիտությունն է»։

Շատ դժվար ժամանակներ ենք ապրում։ Թուրքիան այնպիսի երկիր է, որ երբ ասում ենք, թե ահա կործանվեց, կործանվելու է, մեկ էլ անհույս վիճակից ելք է գտնում։ Հանրապետության ժամանակվա ձեռքբերուրմները ջուրը չեն ընկել, չեն էլ ընկնելու։

Քեմալ Յալչըն

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net