կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-18 17:58
Քաղաքական

Ինչու՞ է զայրացել առաջին նախագահը

Ինչու՞ է զայրացել առաջին նախագահը

Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ ծագած բանավեճին անդրադարձավ նաև Լ. Տեր- Պետրոսյանը: Անդրադարձավ իրեն հատուկ ոճով. ճշմարիտ դրույթներից բխեցնել կեղծ եզրակացություններ, գլխիվայր շուռ տալ իրականությունը: Արդարացիորեն դատապաարտելով խորհրդային պատմագիտությունը, վկայակոչելով, «հայ պատմագիտության հսկաներին»,  Լ. Տեր- Պետրոսյանն առանց գիտական փաստարկներ ներկայացնելու՝ այսօրվա մեր պատմաբանների, ինչպես նաև եվրոպական շատ հայագետների ու արևելագետների գիտական ուսումնասիրությունները հավասարեցնում է ադրբեջանական  կեղծարարություններին և պիտակավորում որպես գավառական:

Սակայն նրա համար գլխավորը դա չէ: Նա չափազանց վտանգավոր է համարում, որ այսօրվա մեր պատմագիտությունը փոխարինվում է հայդատականով. դառնում է պահանջատիրական: Ի դեպ, Գ. Սարգսյանը, քննադատելով խորհրդային պատմագիտությունը, նշում էր, որ «իշխող քաղաքական դոկտրինի թույնը, հոսելով հին պատմությունից դեպի նորը, հետզհետե ուժեղանում էր, իսկ հասնելով նորագույնին՝ պարզապես կազմալուծում այն»: Այսպիսով,  խորհրդային պատմագիտությունը բնութագրելով որպես գռեհիկ մատերիալիստական՝ Լ. Տեր- Պետրոսյանը, սակայն, ինքն է դիմում նույն մեթոդին և մեր նորագույն պատմությունը կազմալուծող իր հակահայդատական դոկտրինի թույնը հոսեցնում է դեպի մեր հնագույն պատմություն: 

Պահանջատիրությունն է զայրացրել առաջին նախագահին: Իշխանության գալու առաջին իսկ օրվանից, շարունակելով բոլշևիկյան պատմագիտության գիծը, Լ. Տեր- Պետրոսյանը պահանջատիրությունը դարձրեց ՀՀՇ գաղափարական հարձակումների հիմնական թիրախ: Այսօր էլ բազմաթիվ հին ու նոր հհշականներ իրենց առաջնորդի ազդանշանով վերսկսել են իրենց հարձակումները Հայ դատի դեմ:

1991 թ. հոկտեմբերի 16-ին «Երկիր» թերթում հոդվածով անդրադարձել ենք այս հարցին, և,   քանի որ հհշական դիրքորոշումները մնացել են նույնը, կառաջարկեինք վերատպել այն:

 

***

Պահանջատիրությո՞ւն թե…

ՀՀՇ-ի պաշտոնաթերթ «Հայքի» սեպտեմբերի 11-ի համարում «Պահանջատիրությո՞ւն թե ՞… ուզվորություն»  վերնագրով մի պասկվիլ է տպագրվել, որտեղ հայ ժողովուրդը ներկայացվում է որպես ուզվոր։ Այն ստորագրել են ինչպես իրենք են ներկայացրել, «քաղաքականպես ոչ այնքան հասուն մի մեծ խումբ հայեր, որոնք ոչ էլ ՀՀՇ-ական են»։ Ըստ նրանց՝  մեր կորցրած պատմական տարածքները վերադարձնելու ռեալ հնարավորություն առայժմ չկա, ուստի մեր պահանջատիրությունն անհիմն է, եւ ներկա պայմաններում դառնում է ուզվորություն։ Այս եզրակացությանն նրանք եկել են, ինչպես իրենք են գրում, հետեւյալ երեք դիտարկումներից ելնելով. «Առաջին՝ մեր կարծիքով որեւէ իմաստ չունի վեր կենալ եւ Թուրքիայից պահանջել մեր հողերը։ Մեզ թվում է՝ չի տա։ Երկրորդ՝ իմաստ չունի նաեւ մեր հողերը պահանջել Ամերիկայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Ղազախստանից կամ մեկ ուրիշից։ Չեն տա։ Երրորդ՝ բացարձակապես իմաստ չունի մտածել, որ եթե որեւէ մեկից ոչինչ չպահանջենք, սակայն մեզ հռչակենք պահանջատիրական հանրապետություն, ապա կհասնենք մեր նպատակին»։ Եվ նրանք ՀՅԴ-ից պահանջում են (այս դեպքում նրանք որպես պահանջատեր են հանդես գալիս) բացատրել «պահանջատիրություն» բառը։ «Հակառակ դեպքում մեզ կարող է թվալ, - գրում են նրանք, թե  հայ ժողովուրդը, ըստ ձեզ (ըստ ՀՅԴ-ի Վ.Հ.) ոչ թե պահանջատեր է, այլ… ուզվոր»։

Զարմանալի չէ, որ այս ծանակագիրը սեփական ժողովրդի հասցեին տպագրել է «Հայք» թերթը։ Առաջին անգամ չէ, որ այն փորձում է վարկաբեկել ու ծաղրել պահանջատիրության գաղափարը։ Ուղղակի զավեշտ է, բայց այդ թերթի անունն արդեն պահանջատիրություն է։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի վերանվանել այն ասենք «29 հազար քառ. կմ» եւ հռչակել որպես ոչ թե Հայոց Համազգային Շարժման  (չէ՞ որ սա էլ պահանջատիրական է հնչում ), այլ    «Քաղաքականապես ոչ այնքան հասունների» պաշտոնաթերթ։

Իհարկե, այդ պասկվիլն արհամարհանքի է արժանի, բայց քանի որ Պահանջատիրությունը հանգիստ չի տալիս նաեւ մի շարք նորաթուխ քաղաքական գործիչների, որոնք այն համարում են քաղաքական ռոմանտիզմ, թերեւս, արժե անդրադառնալ խնդրի էությանը։

Պահանջատիրությունը Հայ Հեղափոխական Դաշնակցությունը չի հնարել, ընդհակառակը՝ հայ ժողովրդի պահանջատիրությունն է ծնել այդ կուսակցությանը՝ կանխորոշելով դրա առաքելությունը՝ հարատեւ պայքար  մղել ազգի ամբողջական իրավունքների լիակատար վերականգնման համար։ Եվ մի՞թե դա դատապարտման կամ առավել եւս ծաղրի է արժանի։ Պահանջատիրությունը Դաշնակցության համար ռոմանտիկա չէ, ոչ էլ թաշկինակ՝ արցունքները սրբելու համար։ Դա մեր ժողովրդի իրական վիճակից բխող բարոյական,  իրավական ու քաղաքական դիրքորոշում է եւ դրան համապատասխան՝ գործունեության ծրագիր։ Դրանով ՀՅԴ-ն տարբերվում է այսօրվա որոշ կազմակերպություններից ու դրանց գործիչներից, որոնց  քաղաքական դրույթներն ու վարքը գուցե տեղին կլինեին եվրոպական որեւէ բարեկեցիկ երկրում, բայց ոչ ըստ էության, իր ոչ մի հարցը չլուծած Հայաստանում։

Պահանջատիրությունն արտահայտում է մեր ժողովրդի վերաբերմունքը սեփական պատմության նկատմամբ, անբավարարվածությունը՝ պատմականորեն ստեղծված իր վիճակից ։ Այս տեսակտից այն մեր պատմության ողբերգական արգասիքն է։

Յուրաքանչյուր ժողովուրդ, որը չի կարող համակերպվել ստեղծված իրավիճակին, երբ խզված են կեսական կապերը, խաթարված է ազգի, որպես միասնական օրգանիզմի կենսագործունեությունը, երբ այլեւս չի հանդուրժում իր ոտնահարված իրավունքներն ու արժանապատվությունը, պատմական անարդարությունը, դառնում է պահանջատեր։ Դրա պատճառները տարբեր են լինում՝ բռնապետություն, սոցիալական անարդարություն, օտարի լուծ, գաղութացում, բռնի տեղահանում, տարածքների զավթում, ցեղասպանություն և այլն։ Համապատասխան պահանջատիրության բնույթի՝ դրա հետապնդման տարբեր միջոցներ են կիրառվում՝ հեղափոխություն, ազգային ազատագրական պայքար, տեռոր, իրավական, քաղաքական միջոցառումներ և այլն։

Այս ամենն իր արտացոլումն է գտնում տվյալ ազգի հոգեբանության, ինքնագիտակցության մեջ և պայմանավորում նրա պատմական վարքը։ Հայոց պահանջատիրության յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն համադրում է պահանջատիրություն ծնող վերը նշված բոլոր պատճառները միասին վերցրած, ինչը եւ պայմանավորել է մեր ժողովրդի կողմից պայքարի թվարկած բոլոր միջոցների կիրառումն իր պատմության այս կամ այն հատվածում։ Դրանով է կանխորոշված մեր ազգի ներկայիս վիճակի ողջ բարդությունը։ Սակայն դա է մեր ազգի վիճակը, այդպիսին է մեր ժողովրդի պատմությունը, եւ նրա կողմից առաջադրված խնդիրները պետք է լուծել եւ ոչ թե չեղյալ հայտարարել։ Հնարավոր չէ ազգն իր իսկ պատմությունից դուրս դնել։

Պահանջատիրությունն այն աստիճանի է ներթափանցել մեր ազգային հոգեբանության ու գիտակցության մեջ, միահյուսվել դրանց, որ անջատել՝ կնշանակեր խաթարել մեր հոգեբանությունը, երկատել մեր գիտակցությունը։ Մի՞թե հնարավոր է գիտակցել սեփական պատմությունն ինչպես որ է, եւ դրան հակառակ ապրումներ ու դատողություններ ունենալ, ամեն տարի հիշել ապրիլ 24 –ը, «Անտունի» ու «Կռունկ» երգել, «Անլռելի զանգակատուն» կարդալ ու այնպիսի կեցվածք ընդունել, որ կարծես թե կոտորվածներն ու բռնազավթվածները հին եգիպտացիք են եղել։

Պահանջատիրությունից հրաժարվելու համար պետք է արմատապես շրջել ազգային ինքնագիտակցությունը, այն դարձնել ապազգային, դրան համապատասխան հայ ժողովրդի նոր պատմություն գրել՝ սկսելով այն, ասենք, ՀՀՇ-ի առաջին համագումարից։ Սակայն ազգային գիտակցությունը կենսունակ է։ Բոլշեւիկները փորձեցին ազգային գիտակցությունը դասակարգային դարձնել եւ դրա համար միլիոնավոր մարդկանց սպանեցին, թուրք-թաթարական ցեղախմբերից նոր ժողովուրդներ սարքեցին, իսկ հներին ստիպեցին մոռանալ իրենց պատմությունը, սակայն վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ ազգային գիտակցությունը կարելի է այլասերել, բայց այն արմատապես վերացնելն անհնար է։

Բոլշեւիկյան այդ անմարդկային եւ անբարոյական էքսպերիմենտը թանկ նստեց մեր ժողովրդի վրա, պակաս ծանր հետեւանքներ կարող է ունենալ նաեւ այս նոր հարվածը ազգային մեր ինքնագիտակցությանը։

Հակապահանջատիրական գաղափարաբանությունը անբարոյական է, քանզի այն մեր ժողովրդին ինքնախաբեության է դրդում, իրապաշտական քաղաքականության անվան տակ նրան համոզում են հրաժարվել սեփական արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանելուց՝ ազգի մի հատվածը «երջանկացնել» մյուս հատվածների (Սփյուռքի եւ Արցախի) շահերը վաճառելու հաշվին։ Այդ գաղափարաբանությունն է, որ մեզ կարող է դարձնել ուզվոր, քանի որ դրա քարոզիչները պատրաստ են զիջել մեր իրավունքները, ասենք, թուրքական մակարոնի դիմաց, ինչպես Եսավը իր անդրանկիության իրավունքը զիջեց կրտսեր եղբորը մի աման ոսպով ապուրի համար։ Իրավազուրկը միշտ էլ ուզվորի դերում է հանդես գալիս։

Այս գաղափարաբանությունն իր տափակ հարցադրումներով՝ պահանջատիրությո՞ւն, թե՞ անկախություն, պահանջատիրո՞ւթյուն, թե՞ ուզվորություն (հետաքրքիր է երրորդ «թե՞»-ն ո՞րն է լինելու), մարդկանց թյուրիմացության ու երկմտանքի մեջ է գցում։ Անհասկանալի է դառնում, թե ինչու՞ մենք Անկախություն ենք հռչակում և միաժամանակ հրաժարվում ապօրինի ճանաչել 1921 թ․ մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը, որը մեր անկախության ժխտումն է։ Ինչու՞ էինք Գորբաչովին ադրբեջանամետ կոչում, երբ Արցախի հարցի լուծման վերաբերյալ նրա առաջարկներն ավելին էին, քան այսօրվա մեր պահանջները։ Ինչու՞ էին ապակողմնորոշման կամ լուռ անտարբերության մեւ մեղադրում «Ժամանակ»-ին, երբ այսօր «Լրաբերը» աֆրիկյան կորած-մոլորած երկրների անցուդարձից է պատմում, իսկ Արցախի մասին լռում է։ Էլ ինչո՞ւ էինք հուզմունքով ու հոգատարությամբ հետամուտ, որ Խաչիկ Ստամբոլցյանը հացադուլից սովամահ չլինի, օդանավակայանում զոհված Խաչիկի համաքաղաքային թաղում կազմակերպում, երբ այսօր անտարբեր ենք Արցախի սովյալների, մոլորվածների ու սպանվածների հանդեպ։ Ի՞նչ է, լրի՞վ ենք կորցրել մեր արժանապատվությունը, թե՞ վախենում ենք ուզվոր երևալ։ Այս բոլորը ոչ միայն անտրամաբանական է, այլև՝ անբարոյական։

Պահանջատիրությունը մեր իրավունքների գիտակցումն է, դրանք վերականգնելու ու պաշտպանելու ձգտումը։ Այն ելնում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքից և չի հակասում միջազգային իրավունքին։ Այս տեսակետից պահանջատիրությունը ոտնձգություն չէ հարևան պետությունների դեմ։ Յուրաքանչյուր ժողովուրդ լիակատար իրավունք ունի պայքարելու հանուն իր ազգային ու տարածքային միասնության։ Մինչև այժմ ոչ մի ժողովրդի չեն դատապարտել դրա համար։ Մեր պահանջատիրությւոնը ոչ մի առնչություն չունի ռևանշիզմի կամ էքսպանսիոնիզմի հետ․ դա հայրենիքի, ոչ թե տարածքի պահանջ է։ Հայրենիքի, որն այսօր վերածել են արոտավայրի, որին փորձում են տեր կանգնել այս կամ այն խաշնարած ցեղերը, իսկ մենք, ի՞նչ է, հրաժարվե՞նք։ Տարածքը նվաճում են, իսկ մենք պայքարում ենք խլված, նվաճված հայրենիքը վերադարձնելու համար, և չկա միջազգային իրավունքի մի կետ, որ անօրինական համարի բռնի տեղահանված ժողովրդի հայրենիք վերադառնալու ցանկությունը։ Այդ ո՞ր տրամաբանությամբ մենք պետք է հրաժարվենք մեր այդ իրավունքից․ գուցե այդ իրավունքը տրված է միայն հարևանների՞ն, Ղրիմի թաթարների՞ն․․․

 Հակապահանջատիրության գաղափարախոսները ելնում են կեղծ փաստարկներից։ Նախ նրանք պահանջատիրությունը դիտում են որպես վիրավորված ինքնասիրության արդյունք, որպես ռևանշիզմ, այնինչ մեր գոյատևման, զարգացման համար անհրաժեշտ կենսական պայմանների ու երաշխիքների ապահովման պահանջն է դա։

Երկրորդ՝ նրանք պահանջատիրությունը հանգեցնում են տարածքային հավակնության (հենց այդպես էլ հարցը ներկայացնում են թուրքերն ու ադրբեջանցիները), որը լուծելի է միայն պատերազմի միջոցով։ Մինչդեռ զուտ իրավական ու քաղաքական ճանապարհներով մեր ժողովրդի մի մասը կարող է վերաբնակվել իր հայրենիքում, որ պետության իրավասության տակ էլ այն գտնվի։

Երրորդ՝ նրանք պահանջատիրությունը հակադրում են անկախությանը, մինչդեռ պահանջատիրությունն ազգային անկախության մեր ձգտման ամենաուժեղ դրսևորումն է, նրա կենսունակության ամենացայտուն վկայականը, և դա շատ լավ են հասկանում մեր հարևանները։

Չորրորդ՝ ըստ նրանց, պահանջատիրությունը կաշկանդում է միջազգային քաղաքական կապերի հաստատումն ու զարգացումը, այնինչ դա է Հայկական հարցը դարձնում միջազգային հարց, իսկ մեզ՝ միջազգային քաղաքականության ակտիվ սուբյեկտ։

Հինգերորդ՝ նրանք պահանջատիրությանը նայում են զուտ պահի տեսանկյունից, իսկ դրա իրականացման հնարավորությունները չափում տարածքաշրջանում ուժերի բաշխման ներկա վիճակով, մինչդեռ այդտեղ կատարվող իրադարձությունները խոսում են քաղաքական արմատական փոփոխությունների միտումի մասին։

Այս փաստարկներից ելնելով հնարավոր է իրապաշտական քաղաքականություն վարել, այն դեպքում, երբ այն պետք է ելնի ստեղծված վիճակի հստակ պատկերացումից, դրա հիմնական տնտեսական, իրավական, քաղաքական կապերի, գործոնների, հնարավորությունների վերլուծությունից։

Հակապահանջատիրական գաղափարախոսությունն այլափոխված է ներկայացնում ազգի իրական վիճակը, նրա գոյությունը դիտարկում է ոչ թե պատմական հավերժության, այլ՝ պահի դիրքերից, իսկ դրա վրա կառուցած քաղաքականությունը չի կարող իրապաշտական, հաշվենկատ ու ճկուն լինել, ընդհակառակը՝ իրականում այն կդրսևորի ու դրսևորվում է որպես անհաշվենկատ ու կարճատես։

Իրապաշտական չէ այն քաղաքականությունը, որը հաշվի չի առնում ուժերն ու կարողությունները։ Սակայն դա ճշմարիտ է ոչ միայն ուժերի ու կարողությունների գերագնահատման, այլև դրանց թերագնահատման դեպում։ Տեղին է հիշել քաղաքականագետների մյուս ճշմարտությունը՝ քաղաքականությունը հնարավորին հասնելու արվեստն է։ Արդյունավետ է այն քաղաքականությունը, որն առավելագույնս օգտագործում է պատմության կողմից ընձեռած հնարավորությունները, այլ ոչ թե՝ անտեսում։ Պատմությունն ինքնին հիմնահարցեր չի լուծում, այն միայն դրանք լուծելու հնարավորություններ է ստեղծում։ Հաշվենկատ ու ճկուն չէ այն քաղաքականությունը, որն անկարող է կիրառել այդ հնարավորությունները, որն ընտրելով նվազ դիմադրողականության ճանապարհը՝ պահանջատիրական խնդիրները լուծելու փոխարեն, դրանք չեղյալ է հայտարարում։

Եվ իսկապես, այսօր շատերը պետք է ընտրեն՝ պահանջատիրությո՞ւն, թե՞ ուզվորություն․․․

 

Վարդան Հակոբյան