Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ակնհայտ է՝ խորանում են մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղը հանդիսացող հանքարդյունաբերության հետագա զարգացման հիմնախնդիրները:
Կարծում եմ կարիք կա նորից հիշեցնելու այս հիմնախնդիրներին վերաբերող մեր տեսակետներն ու մոտեցումները, որոնք շարունակում են մնալ արդիական:
Ընդհանուր առմամբ, այս հիմնախնդիրները կայուն զարգացման տեսանկյունից ձևավորում են հետևյալ խումբ ռիսկերը՝
Այս երկու խումբ ռիսկերն ունեն և՛ տնտեսական, և՛ սոցիալական առարկայական բնույթ: Դրանք վերաբերում են հանքարդյունաբերական տարածաշրջանների բնակիչներին և տնտեսական այլ գործունեություն իրականացնողներին, այդ ձեռնարկությունների սեփականատերերին ու ներդրողներին, աշխատողներին ու նրանց ընտանիքի անդամներին:
Այս ու նմանատիպ բնույթ ունեցող մի շարք այլ ռիսկերն առաջանում են հենց շուկայական կարգավորման ձախողման արդյունքում, երբ պետությունը «ձեռքերը» լվանում ու մի կողմ է քաշվում: Շուկայական գործիքներն ի զորու չեն լուծելու այս հիմնախնդիրները: Դրանք արագորեն ձևափոխվում են իրական մարտահրավերների՝ հանրության տարբեր խմբերի միջև անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ու խորացման իմաստով: Ցավոք, մեր երկրի օրինակով դրա ականատեսն ենք լինում բազում անգամներ:
Մասնավորապես, միայն բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովելուն ուղղված հիմնախնդիրների լուծումը կարող է առաջ բերել բացասական մի շարք սոցիալ-տնտեսական հետևանքներ՝ հանքարդյունաբերության ոլորտում տնտեսկան ակտիվության կրճատում և տնտեսության այլ ոլորտների համար մուլտիպլիկատիվ բացասական արդյունք, ներդրումների արտահոսք, աշխատատեղերի կրճատում, գործազրկության և աղքատության ավելացում և այլն:
Իհարկե, պետք է սկզբունքորեն փաստել՝ բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովում է երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ հիմք՝ ստեղծելով ինչպես ներկա սերունդների միջև համերաշխության մթնոլորտ, այնպես էլ ապագա սերունդիների համար զարգացման հավասար պայմաններ։
Սակայն կայուն զարգացումը զուտ բնապահպանական արդյունք չէ: Մեր երկրի տնտեսության զարգացման համար առարկայական սկզբունք պետք է լինի նաև սոցիալական ներառականությունն ու արդարությունը: Պետությունը պետք է անհրաժեշտ մասնակցություն և դրական դեր ունենա սեփականության իրավունքը արդյունավետ պաշտպանելու, ներդրումներ ներգրավելու և առաջանցիկ տնտեսական աճ ապահովելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն եկամտաստեղծ զբաղվածություն ապահովելու գործընթացներում:
Այս տեսանկյունից հանքարդյունաբերության ոլորտը պետք է ենթարկվի պետական համալիր կարգավորման: Միաժամանակ, պետությունը պետք է վերականգնի իր մասնակցությունը և հստակ թիրախավորի օգտագործված ռեսուրսների վերականգնումն ու շրջակա միջավայրի վրա բացասական հետևանքների հնարավորինս նվազեցումը: Ոլորտում կարճաժամկետ տնտեսական հաջողությունների հասնելու մոլուցքը չպետք է ձևավորի անարդյունավետ տնտեսական կառուցվածք՝ անտեսելով երկրի համեմատական առավելություններն ու զարգացման երկարաժամկետ իրական ներուժը, չստիպի անխնա շահագործել բնական պաշարները:
Ցավոք, ներկայումս Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները և դրա կառուցվածքը հակառակ միտումներն են արձանագրում:
Մյուս կողմից՝ սոցիալական պետությունը պետք է իրական աջակցություն ցուցաբերի աշխատանքային տարիքի աշխատունակ քաղաքացիներին՝ նրանց կայուն զբաղվածության լիարժեք ապահովման նպատակով, չթողնի աշխատաշուկայի «քմահաճույքին»՝ գործազուրկին կամ երկարատև սպասումից հետո աշխատանք գտած ու այն կորցնելու ռիսկ ունեցող աշխատողին:
Ցավոք, այս նպատակին ուղղված զբաղվածության պետական աջակցության ծրագրերը ևս լիարժեք չեն ծառայում իրենց նպատակին: Ավելին՝ դրանք աննախադեպ թերակատարվել են 2018-2019 թվականներին, համապատասխանաբար՝ շուրջ 70 և 50 տոկոսներով:
Հավաքական այս լուծումների հավասարակշռված գործադրումը հնարավորություն կստեղծի խուսափել այլևս իրողություն դարձած «աշխատանք, թե՞ շրջակա միջավայրի պաշտպանություն» երկընտրանքից, իսկ առաջանալու դեպքում՝ այն լուծել «և՛ աշխատանք, և՛ շրջակա միջավայրի պաշտպանություն» սկզբունքի ներքո:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող