կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-10 21:06
Արցախ

Սևրի պայմանագիրը երբևէ ուժը կորցրած չի հայտարարվել և մինչ օրս մնում է արդիական

Սևրի պայմանագիրը երբևէ ուժը կորցրած չի հայտարարվել և մինչ օրս մնում է արդիական

100 տարի առաջ՝ 1920թ. օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում ստորագրվում է խաղաղության պայմանագիրը՝ մի կողմից, որպես գլխավոր դաշնակից պետություններ, Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի, ինչպես նաև նրանց դաշնակիցներ Հայաստանի, Բելգիայի, Հունաստանի, Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիան), Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետության և Չեխոսլովակիայի, իսկ մյուս կողմից՝ Առաջին աշխարհամարտում պարտություն կրած Թուրքիայի կողմից:

Սևրի պայմանագիրը խարսխված էր ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության գաղափարների վրա՝ նպատակ ունենալով վերջ դնել բռնատիրություններին և ազատություն ու անկախություն շնորհել տարածաշրջանի ժողովուրդներին՝ իրենց պատմական տարածքներում:

Պայմանագիրը փաստում էր հայերի իրավատիրությունը Հայկական լեռնաշխարհի պատմական հայկական տարածքների նկատմամբ։

Մասնավորապես՝ 89-րդ հոդվածով նախատեսվում էր, որ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր շուրջ 160 հազար քկմ՝ դեպի Սև ծով ելքով:

Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող դրույթները չեն իրականացվել միջազգային և տարածաշրջանային մի շարք քաղաքական գործընթացների պատճառով։ Սակայն պայմանագիրը երբևէ ուժը կորցրած չի հայտարարվել և մինչ օրս մնում է արդիական:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն