կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 01:17
Քաղաքական

Սեւրի պայմանագիրը եւ Հրանտ Դինքը

Սեւրի պայմանագիրը եւ Հրանտ Դինքը

Հունվարի 19-ին, ժամը 14:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա «Սեւրի պայմանագիրը եւ Հրանտ Դինքը» խորագրով միջոցառում:

 

Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնից հայտնում են, որ միջոցառմանը ելույթներով հանդես կգան ՀՀ անվտանգության գծով նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը,  գրականագետ Վարդան Դեւրիկյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Կարապետյանը: Միջոցառմանը կմասնակցի Ավետիս Ահարոնյանի ժառանգներից ԳԱԱ ակադեմիկոս Հրայր Ահարոնյանը /Դեթրոյթ/: Հյուրեր կլինեն դեսպանատներից, Սփյուռքի հայկական համայնքներից: «Ավետիս Ահարոնյան» առաջին աստիճանի ոսկե մեդալ կշնորհվի հինգ հայ գործիչների:

 

Միջոցառման ժամանակ կցուցադրվի «1.500.000+1. Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանի հեղինակած 4 րոպեանոց տեսանյութ` նվիրված Հրանտ Դինքի հիշատակին:

 

Գրադարանի ցուցափեղկերում կներկայացվեն Հրանտ Դինքին նվիրված` հայաստանյան եւ սփյուռքի մամուլում հրատարակված հոդվածներ, լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր: Ուշագրավ են Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւաններ», Սոնա Արշունեցու «Ով է սպանել Հրանտ Դինքին» գրքերը, Դինքին նվիրված բանաստեղծությունները:

 

Ի դեպ, նույն օրը, նույն ժամին Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա ցույց` «Թուրքիա, դեմ հանդիման կանգնիր քո պատմությանը, հարգիր փոքրամասնության իրավունքները» մակագրությամբ ցուցապաստառներով, իսկ Անգլիայի լորդերի պալատում տեղի կունենա միջոցառում, որտեղ «Իրականում ինչ է կատարվում Թուրքիայում» թեմայի մասին կխոսի թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօղլին:

 

Հրանտ Դինքը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին: Նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերենով եւ թուրքերենով տպագրվող թերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երեւելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:

 

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, «Ակոսի» խմբագրատան առաջ։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։

 

2007թ հունիսին ՀՀ նախագահի մրցանակ է հետմահու շնորհվել է Հրանտ Դինքին: Ըստ ՀՀ նախագահի, «առաջին անգամն է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու: Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մենք միշտ կհիշենք նրան, եւ մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել»:

 

Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը` Ռաքել Դինքը, դուստրը` Դելաուա Դինքը եւ եղբայրը` Երվանդ Դինքը:

 

Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, որը հայտարարել է. «Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ եւ պատվավոր, եւ տխուր է ընտանիքի համար: Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ: Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը՝ փոքր կղզիներ են»: