կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-06 21:04
Հասարակություն

Կարծում եմ՝ վաղը «Լիդիան» ընկերության եւ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն. Ջերմուկի քաղաքապետ

Կարծում եմ՝ վաղը «Լիդիան» ընկերության եւ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն. Ջերմուկի քաղաքապետ

Կարծում եմ՝ վաղը «Լիդիան» ընկերության եւ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները կհանվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրուցյում ասաց քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։

«Լուծումները քննարկվում են, Կառավարություն տեղյակ է։ Հիմա այստեղ տեղադրված վագոն-տնակի հարցի ուղղությամբ ենք նամակ գրել «Լիդիանին»։ Պայմանավորվել ենք երկու կողմերի հետ որ 2 կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, եւ, միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի Կարծում եմ՝ վաղը այդ վագոն-տնակները կտեղափոխվեն. Ամուլսարի պահապանների վագոն-տնակները նույնպես կտեղափոխվեն»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը։

Քաղաքապետը նշեց, որ Ամուլսարի 3 հենակետում էլ այդ հարցը բարձրացվել է։

Նա ասաց, որ այս պահին սպասում են «Լիդիան» ընկերության պատասխանին։

Հարցին՝ արդյոք տեղյա՞կ են ակցիայի մասնակիցները, որ իրենց վագոն-տնակները նույնպես տեղաշարժվելու են, քաղաքապետն ասաց, որ տեղյակ են։

Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ամուլսարում բողոքի ակցիան չի դադարում։ Նրանք երեք պահանջ են ներկայացնում. առաջինը՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության վագոն-տնակները 30 մետր հեռացնել տարածքից, ընկերության պահնորդական խմբի դուրս հանումը Ամուլսարի տարածքից եւ Կառավարության կողմից հստակ որոշում՝ Ամուլսարի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Նշենք, որ արդեն 2 օր է՝ Ամուլսարում իրավիճակը լարված է, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձել են տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։

Ակցիայի մասնակիցները փակել էին Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը։ Դեպքերին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, մարզի ոստիկանապետը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստի առթիվ։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։