կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-04 14:16
Հասարակություն

Ոստիկանությունն Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով ուսումնասիրություն է կատարում

Ոստիկանությունն Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով ուսումնասիրություն է կատարում
Ոստիկանությունը Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով համապատասխան ուսումնասիրություն է կատարում։

Հայկական բնապահպանական ճակատը հայատարարություն է տարածել, որում նշել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:

«Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում»,- ասված էր Հայկական բնապահպանական ճակատի հայտարարությունում, որում նաև կոչ էր արվում քաղաքացիներին դուրս գալ ու բողոքել:

 «Լիդիան Արմենիա» ընկերությունը իր հերթին հայտարարել է, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

«Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից։ «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել»,- նշված է հայտարարության մեջ։

Բնապահպանական տարբեր կազմակերպություններ և մի շարք քաղաքացիներ արդեն սկսել են բողոքի ցույց և ավտոերթ դեպի այդ տարածք։