կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-04 10:39
Հասարակություն

Հոգևոր արժեքները սակարկման ենթակա չեն

Հոգևոր արժեքները սակարկման ենթակա չեն

ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից ներկայացված կրթության բարեփոխումների նախագիծը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել հայ հանրության շրջանում: «Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը, որի առաքելությունը տասնամյակներ շարունակ եղել է ազգային կրթության և մշակույթի սերմանման ճանապարհով հայ ինքնության արմատավորումն ու պահպանումը:

Մենք կենսափորձով գիտենք, թե ինչպես են հոգևոր ու մշակութային կռվանները կերտում հայ անհատին ու հանրությանը, և թե ինչպես է աշխարհաքաղաքացու դաստիարակությունն ու հոգեբանությունը հեռացրել մարդկանց սեփական ակունքներից` դատապարտելով աշխարհի մեծ օվկիանոսում ուծացվելու ճակատագրին:

Հայոց կրոնի հայագիտական առարկաների նկատմամբ նոր իշխանությունների օրոք ձեռնարկված, այսպես կոչված, բարեփոխական քայլերը կասկածի տեղիք են տալիս դրանց ծրագրվածության ու որոշակի հետևողականության հարցում: Այդ կասկածն ավելի է խորանում ու ամրապնդվում վերջին շրջանում բացահայտված դրանց հեղինակների կողմից կասկածելի հիմնադրամների ու շրջանակների հետ համագործակցության պատճառով: Այս դեպքում խնդիրը ձեռք է բերում ազգային անվտանգության նշանակություն:

Կարծում ենք, որ Հայաստանի իշխանությունները առանց հապաղելու հստակորեն իրենց գործնական դիրքորոշումը պետք է դրսևորեն միաժամանակ ցրելով այն կասկածները, որ կամա թե ակամա իրենք այս մութ գործընթացների հովանավորի դերում են: Ազգային ու պետական լուրջ մարտահրավերների առջև գտնվող երկիրը չի կարող գերակա չհամարել իր համար այն հարցը, թե ինչպիսի կրթություն ու դաստիարակություն պետք է ստանա իր երկրի ու պետության վաղվա զինվորն ու քաղաքացին:

Հայրենիքը սոսկ տարածք չէ, երկիր է, որի անվտանգությունը տարածքային ամբողջականությունն ու հոգևոր արժեքների պահպանումը անցյալի և ապագայի առջև մեր պարտականությունն է:

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակ