կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-22 15:03
Քաղաքական

Լոս Անջելեսի ադրբեջանական հյուպատոսարանը՝ ընդդեմ ՀՅԴ-ի

Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ երիտասարդաց դաշնակցության կողմից երեկ Լոս Անջելեսում կազմակերպված բողոքի հանրահավաքի վերաբերյալ, որտեղ նշված է հետևյալը. «Ահա թե ինչի են ընդունակ հայ դաշնակները: Հարձակվում են խաղաղ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների վրա, այդ թվում՝ կանանց: Հարյուրավոր հայեր այսօր հարձակվել են մեր հյուպատոսարանի առջև կանգնած մի քանի խումբ ադրբեջանցի բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Արդյունքում՝ վիրավորվել է 7 ադրբեջանցի, 4-ը հոսպիտալացվել: Լոս Անջելեսի ոատիկանության վարչությունը պետք է լրջորեն ուսումնասիրի այս հարցը և բոլոր հանցագործներին պատասխանատվության ենթարկի: Մենք մեր բոլոր գործընկերներին կոչ ենք անում բարձրացնել իրենց ձայնը: Փոքրամասնությունների խմբի դեմ ուղղված այսպիսի բռնությունները տեղ չունեն Լոս Անջելեսում»:

Հյուպատոսարանի կողմից տարածված մեկ այլ հայտարարությունում էլ ասվում է. «Ագրեսիվ և բռնի հայկական լոբբիստական խմբերն այսօր հարձակվել են խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցների վրա՝ Լոս Անջելեսում մեր հյուպատոսության դիմաց: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և ՀՅԴ Ամերիկայի երիտասարդաց ֆեդերացիան են պատասխանատու այս բռնության համար: Բոլորը ՝ քաղաքապետից մինչև տարբեր կազմակերպություններ, որոնք համագործակցում են այս արմատական դաշնակ խմբերի հետ, պետք է տեսնեն վերջիններիս իրական դեմքերը»։

Փաստենք, որ ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի երիտասարդական – ուսանողական միությունների ու կազմակերպական շրջանների կառույցների կողմից աշխարհի բազմաթիվ երկրներում այս օրերին նախաձեռնված ակցիաները, որոնք ուղղված են հուլիսի 12-ից ակտիվացած ադրբեջանական ագրեսիայի դեմ, անցել են առանց որևէ միջադեպերի, եթե այնտեղ չեն եղել ադրբեջանցիներն՝ իրենց սադրիչ գործողություններով: 

Լոս Անջելեսում կատարվածի ողջ պատասխանատվությունը ևս ընկած է ադրբեջանցի սադրիչների վրա: Մինչ դեպքին անդրադառնալը՝ փաստենք նաև, որ նորություն չէ ադրբեջանական շրջանակների մոտ ընդգծված թշնամական վերաբերմունքը ՀՅԴ-ի նկատմամբ, ինչը արտացոլված է նաև վերոհիշյալ հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է կոնկրետ միջադեպին, ապա այն տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել են երկու հայ աղջիկների վրա, ինչից հետո ՀՅԴ երիտասարդները «դաս են տվել» սանձարձակ ադրբեջանցիներին: 

Ստորև ներկայացնում ենք միջադեպի հետ կապված Ադրբեջանի հյուպատոսարանի պաշտոնական էջի գրառումները և միջադեպի մասնակից որոշ սանձարձակ ադրբեջանցիների լուսանկարները: 


Տեսանյութն՝ այստեղ։