կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 19:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Թուրքական գործելաոճն ունի ընդգծված ագրեսիվ ռազմական բնույթ․ Ռուբեն Մելքոնյան

Թուրքիան արդեն հայտարարել է, որ նոր սպառազինություն է ուղարկել Ադրբեջանին: Սա տարածաշրջանում նոր պատերազմի սկի՞զբ է, թե՞ հերթական սադրիչ հայտարարությունը` դրանից բխող հնարավոր վտանգներով: Այս, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանային վերջին օրերի լարվածության, ՀԱՊԿ-ի չեզոք հայտարարությունների եւ այլ թեմաների շուրջ Yerkir.am-ը զրուցել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ։

-Պարոն Մելքոնյան, Ադրբեջանին սպառազինությամբ Թուրքիայի աջակցելը նոր գործողությունների՞, թե՞ նոր պատերազմի նախապատրաստություն է։

- Թուրքիան առաջին հերթին ապակառուցողական քաղաքականություն իրականցնող երկիր է, եւ տարածաշրջանային տարբեր կոնֆլիկտներում Թուրքիայի ներգրավվածությունն իրավիճակն  ավելի է թեժացնում։ Իսկ Ադրբեջանի պարագայում նրա շահագրգռվածությունը, կարող ենք ասել, որ կրկնակի է, ե՛ւ որպես հակահայկական, ե՛ւ որպես փոքր եղբայր-պետություն։ Այստեղ կարող ենք նաեւ տեսնել պանթյուրքիզմի որոշակի նրբերագներ։ Եվ 2-րդը՝ արդեն վաղուց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ տարատեսակ համագործակցության ծրագրեր, պայմանագրեր կան։ Նաեւ ռազմական առումով Թուրքիան, ըստ էության, չի էլ թաքցնում իր մեծ հավակնությունները՝ Նախիջեւանում դեյուրե ամրակայվելու, Ռուսական ռազմաբազայի եւ այլնի մասին։ Կարծում եմ, զենքի կամ ընդհանրապես ռազմական աջակցության մասին թուրքական հայտարարությունները որքան էլ ստանդարտ են, այս անգամ որոշակի տարբերություն ունեն։ Թուրքական այս անգամվա ակտիվությունը մի փոքր կարող ենք անվանել աննախադեպ, որովհետեւ ե՛ւ հայտարարությունների ոճը, ե՛ւ տոնայնությունը, ինչպես նաեւ մասշտաբը, աշխարհագրությունը այլ են։ Սկսած երկրի նախագահից մինչեւ շատ ավելի ցածր ռանգի պաշտոնյաներ, գրեթե նմանատիպ հայտարարություններ են անում։ Կարող ենք ասել, որ սա իր աննախադեպությամբ միեւնույն ժամանակ ընդգծված անհանգստացնող է, քանի որ Թուրքիան, լինելով անկանխատեսելի եւ սպառնալ հանդիսացող երկիր, կարող է  իրականացնել եւ իրականացնում է միջազգայնորեն ընդունված չափորոշիչները խախտող հակամարդկային տարատեսակ քայլեր։

- Այսինքն Դուք չե՞ք բացառում, որ հնարավոր է մի նոր ռազմական թեժ կետ ձեւավորվի  տարածաշրջանում:

- Չեմ բացառում, որ թուրքական ապակառուցողական, հակահայկական քայլերը եւ հակահայկական քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ դարձել է այդ երկրի քաղաքականության գլխավոր կետերից մեկը, ինչ-որ պահի տեսական հարթությունից կարող է վերածվել գործնականի։ Մենք դա Թուրքիայի քաղաքականության մեջ՝ գործնական հարթությունում, նկատում ենք, օրինակ, երբ Հայաստանը տասնամյակներով ենթարկվում է տնտեսական շրջափակման, տարատեսակ միջազգային հարթակներում հակահայկական բանաձեւերով, քվեարկություններով եւ այլն։ Բացի դրանից, հատկապես վերջին տարիների թուրքական գործելաոճն ունի ընդգծված ագրեսիվ ռազմական բնույթ։ Դրա օրինակներն են Սիրիայում նրա օկուպացիոն քաղաքականությունը եւ Սիրիայի մի հատվածի փաստացի զավթումը, Իրաքում, Լիբիայում թուրքական զինուժի եւ նրա դաշնակից ահաբեկիչների համագործակցությունը։ Կարծում եմ՝ այս պարագայում պետք է ակնկալել, որ չի կարելի բացառել Թուրքիայից նոր թեժացման կամ լարվածության նոր օջախներ։ Կամ, եղած լարվածության ավելի թեժացման փորձեր։ Իհարկե, Հայաստանի պարագայում կան զսպող մեխանիզմներ, խոսքը ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական պայմանագրի, 102-րդ ռազմաբազայի մասին է։ Բայց, այնուամենայնիվ, պետք է նայել այդ հարցի ամբողջ սպեկտորին եւ տեսնել, թե որտեղ կան թույլ օղակներ։ Այնպիսի հատվածներ, որտեղ Թուրքիան կկարողանա իր ապակառուցողական քաղաքականության համար ավելի լավ հենք գտնել եւ հենց դրանց վրա ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Օրինակ՝ Նախիջեւանի պարագան դրանցից մեկն է։

- Այսինքն, այս հայ-ադրբեջանական լարվածությունը միայն ձեռնտու է Թուրքիայի՞ն, թե՞ կան այլ շահագրգիռ կողմեր։

- Հայ-ադրբեջանական լարվածությունը որքան էլ տրիվյալ տեղավորում ենք մեր ինքնորոշման իրավունքի, արցախյան հարցի, եւ այլնի կոնտեքստում, այնուամենայնիվ, այն մեծ քաղաքականության մի մասն է, եւ այստեղ այդ քաղաքականության տարբեր  բաղադրիչները  կարող ենք տեսնել, նույն՝ նավթագազային ինչ-որ ենթատեքստեր։ Անգամ, Հայաստանի կողմից մի բարձունքի զբաղեցումը, տեսանք, թե աշխարհում ինչ լարված արձագանքների պատճառ դարձավ։ Հատկապես, Մեծ Բրիտանիայի պառլամենտի արձագանքը բավական հետաքրքիր էր։ Այսինքն՝ եւս մեկ անգամ ֆիքսվում է, որ սա ունի նաեւ աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Իսկ այն, որ Թուրքիան, հատկապես այս տարածաշրջանի ապակառուցողական պրոցեսների առաջամարտիկն է, դրանում որեւէ կասկած չկա։ Եթե նայում ենք Թուրքիայի շուրջը, աշխարհագրությունը, որտեղ նա հրահրել է, կամ՝ թեժացրել է կոնֆլիկտներ, ապա տեսնում ենք, որ Կովկասը, հատկապես՝ Հայաստանը, գտնվում է թուրքական ագրեսիվ քաղաքականության նպատակների ծիրում։ Պետք է հասկանալ, թե ինչ զսպող մեխանիզմներ կան, որ մինչեւ հիմա Հայաստանում չի ակտիվացրել իր քաղաքականությունը այնպես, ինչպես արել է Կիպրոսում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Հունաստանում։ Նաեւ պետք է հասկանանք, որ վաղ թե ուշ ինչ-որ մի պահի թուրքական մեծ նպատակների մեջ, Կովկասի ապակայունացումը նույնպես խոսքից անցնելու է  գործի։ Հիմա դրա ամենացայտուն  դրսեւորումներին ականատես ենք լինում, ի դեմս՝ թուրքական հայտարարությունների։

- Ըստ Ձեզ, Ադրբեջանի կողմից արված այն հայտարարությունը, թե իրենց հրթիռները Մեծամորի ատոմակայանին են նայում, կրկին հրահրվում է Թուրքիայի կողմի՞ց, թե՝ սա պարզապես հայտարարություններ են, որ արվում են։

- Մեծամորի հետ կապված խնդիրը պետք է դիտարկել երեւի թե 2-3 հարթությունում։ Առաջինը՝ ադրբեջանական հուսահատ կոմպլեքսների կոնտեքստում սա նաեւ ներքին լսարանի համար է, որ, տեսեք՝ մենք Հայաստանի վրա ունենք այնպիսի մի լծակ, որ կարող է ուղղակի կործանել այդ երկիրը։ Նաեւ ուշադրություն դարձնենք, որ հայտարարությունն արվել է ադրբեջանցի պաշտոնյայի կողմից, բայց ոչ շատ բարձրաստիճան։ Այսինքն՝ մի գուցե դա նաեւ ունի ներքին սպառման որոշակի խնդիր։ 2-րդը՝ Մեծամորի ատոմակայանի հարցը,  եթե անգամ նայում ենք Խորհրդային շրջանի խորհրդաթուրքական հարաբերություններում, որոշակի սպառնալիք է նաեւ Թուրքիայի համար։ Այդ մասին կարող ենք Թուրքիայի կողմից գտնել բազմաթիվ բողոքի նոտաներ, անհանգստության տարբեր հայտարարություններ։ Ատոմակայանի խնդիրը, կամ՝ Աստված չանի, ինչ-որ վթարը, նույնքան ցավոտ է լինելու նաեւ Թուրքիայի համար։ Եվ, 3-րդը՝ աշխարհում կան նաեւ զսպող մեխանիզմների գրված կամ չգրված օրենքներ, որոնք հենված են համամարդկային նույնիսկ հումանիստական արժեքների վրա։ Ադրբեջանի այդ հայտարարությունը խոսում է այն մասին, որ որեւէ միջազգային չափորոշիչ, որեւէ հումանիտար ընկալում այդ երկրի հասարակության համար, ըստ էության, ընկալելի չէ։

- Պարոն Մելքոնյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս ասել էր, որ Արցախի դերքերից մեկում տեսանելի են եղել հակառակորդի մեծածավալ ռազմական ենթակառուցվածքներն ու զորքերի շարժը։ Ի՞նչ է սա, հնարավոր նոր գործողությունների նախապատրաստո՞ւմ։

- Կարծում եմ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է իրականացնել քայլեր այնտեղ, որտեղ հնարավոր է։ Կլինի սահմանի ինչ-որ հատվածում, մեծ քաղաքականության ինչ-որ մի օրակարգում՝ միջազգային հարթակում, Հայաստանին կամ Արցախին ինչ-որ բացասական բաներ պարտադրելու կոնտեքստում։ Դրա համար ադրբեջանական զորքի տեղաշարժը եւ ադրբեջանա-արցախյան ճակատում որոշակի անհանգստությունը, ըստ էության, կանխատեսելի հանգամանքների շարքից են։ Բայց, նաեւ պետք է այլ  կոնտեքստում էլ նայել, որ Հայաստանն էլ, Արցախն էլ ի զորու են, հավանական բախման պատերազմի դեպքում, անդառնալի կորուստներ հասցնել Ադրբեջանին՝ տարբեր ենթակառուցվածքների, տարբեր հանգամանքների հետ կապված։ Կարծում եմ, որքան էլ հակահայկական ատելությունից կուրացած լինի  ադրբեջանական վերնախավը, այնուամենայնիվ, ինչ-որ պահի գիտակցում է, որ պատերազմի դեպքում իրենց կորուստները կարող են լինել իրոք անդառնալի։ Այսինքն՝ գոյություն ունեն հավասարակշռման ինչ-որ մեխանիզմներ, որոնք նաեւ մեր անվտանգության որոշակի երաշխիքներից են հանդիսանում։

- Հայ-ադրբեջանական սահմանային վերջին օրերի լարվածության մասին ՀԱՊԿ-ի ոչ էական հայտարարությունների մասին ի՞նչ կասեք։

- ՀԱՊԿ-ի հետ կապված իմ պատկերացումներն ու ընկալումները մի փոքր տարբեր են։ 1-ինը, ՀԱՊԿ-ի գործելավոճում չգրված կամ գրված օրենք կա, որ կարող է միջամտել միայն այն պարագայում, երբ անդամ պետության ռեսուրսները այլեւս բավարար չեն դիմադրելու։ Փառք Աստծո, հայկական զինուժը ապացուցեց, որ ոչ միայն բավարար են դիմադրելու այլ նաեւ՝ պատժիչ գործողություններ իրականացնելու, մեր սահմանների եւ մեր խաղաղ բնակչության անվտանգությանը միտված տարածքային ձեւափոխումներ անելու։ 2-րդը՝ երեւի թե մեզ մոտ ՀԱՊԿ-ի հանդեպ կա իմիջային ընկալում, որ ահա, պետք է անպայման ՀԱՊԿ-ը գա եւ պաշտպանի։ ՀԱՊԿ-ի դեմ տրամադրվածություն ունեցող շրջանակները՝ քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները դրա վրա շատ են ուշադրություն  դարձնում, որ, տեսե՛ք, ՀԱՊԿ-ը որեւէ քայլ չի անում, միայն բավարարվում է հերթապահ, զգուշավոր հայտարարություններով։ 3-րդը՝ պատերազմական գործողություններին ՀԱՊԿ-ի ներգրավվումը, ինքնին ենթադրում է այդ ամենի ավելի մեծածավալ բնույթ։ Այսինքն՝ Տավուշում դիրքային պատերազմի կամ բախման ժամանակ ՀԱՊԿ-ի ներգրավվում երեւի թե պետք էլ չէ, որովհետեւ, երբ ասում ենք ՀԱՊԿ, արդեն ընկալում ենք մեծ ծավալներ, աշխարհաքաղաքական լայն ենթատեքստ։ Ուստի, պետք է ամեն կերպ խուսափել այնպիսի իրավիճակի ստեղծումից, որ ՀԱՊԿ-ը իր ամբողջ ռազմական ներուժով մտնի բուն գործողությունների մեջ։ Ինձ համար ՀԱՊԿ երեւույթը ավելի կարեւոր է, որպես զսպող մեխանիզմ, որովհետեւ ՀԱՊԿ-ը կարող է մտնել պատերազմի մեջ, երբ օրինակ՝ Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա։ Իսկ ՀԱՊԿ-Թուրքիա պատերազմն արդեն նման է 3-րդ համաշխարհային  պատերազմի։

- ՆԱՏՕ անդամ Թուրքիան, աշխարհի կարծիքը հաշվի չառնելով, Սուրբ Սոֆիայի տաճարը վերածեց մզկիթի, շատ փորձագետներ գտնում են, որ սա արդեն հուսահատական քայլ է։

- Այստեղ երկու հանգամանք եմ ուզում առանձնացնել՝ հասարակական եւ պետական։ Գաղտնիք չէ, որ սուրբ Սոֆիայի տաճարն ընկալվում է որպես օսմանյան կամ թուրքական զենքի, իսլամի հաղթանակի սիմվոլ՝ ընդդեմ քրիստոնեական կամ բյուզանդական քաղաքակրթության։ Սուրբ Սոֆիայի տաճարի վերածումը թանգարանի՝ թուրքական պետական հասարակական տարբեր շրջանակներում տասնամյակներ շարունակ ընկալվել է բացասական կերպով, որպես իրենց այդ հաղթանակի խորհրդանիշի ստվերում։ Էրդողանը, ըստ էության, արտահայտում է թուրքական պետական մտածողությունը, որ այն, ինչ զավթել է 1453 թվականին թուրք Սուլթան Մեհմեդ երկրորդը, թուրքական պետականության սեփականությունն  է, եւ պետք է վերածվի մզկիթի։ Այսինքն, սա թուրքական պետության մտածելակերպի դրսեւորում է։ Եվ, 2-րդը՝ թուրքական հասարակությունը աջակցում է եւ երկրի ղեկավարությունից պահանջում նմանատիպ ծայրահեղական, հակաքրիստոնեական, հակահունական, հակահայկական քայլեր։ Կարող ենք ասել, որ հակամարդկային կամ հակաքաղաքակրթական քայլեր իրականցնելիս, թուրքական պետությունը եւ թուրքական հասարակությունը գործում են համահունչ։ Այս  պրոցեսը հասկանալու համար բավական է տեսնել այն սատարման ակցիաները, որ տեղի է ունենում ամբողջ Թուրքիայում։ Եվ 3-րդը՝ կարող եմ առանձնացնել, որ սա վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական, քաղաքական իմիջին, որ նա, լինելով ընդգծված իսլամամետ գործիչ, իհարկե, հավակնում է համեմատվել իրենց պատմության այնպիսի կերպարների հետ, որոնք խորհրդանշում են իսլամի հաղթանակը, օրինակ, քրիստոնեության նկատմամբ։ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով՝ Էրդողանն, ըստ էության, ուղղակիորեն զուգահեռ է տանում իր եւ Մեհմեդ 2-րդի միջեւ։ Երբ նայում ենք այդ սատարման ակցիաները, ամբողջ պաստառները Էրդողանի եւ Սուլթան Մեհմեդ 2-րդի նկարներն են իրար կողք ցուցադրվում, որպես նրա գործի շարունակող։ Էրդողանի համար, ով իր քաղաքական պայքարը սկսել է իսլամական պոպուլիզմով եւ այն հասցրել գագաթնակետին, թերեւս ամենակարեւոր հոգեբանական իմիջային կետերից մեկն է, որ նա պետք է հասներ իր քաղաքական պայքարով։ Ըստ էության՝ հասավ։ Եթե իրավական առումով նրա գերնպատակն էր փոխել սահմանադրությունը եւ դառնալ գերհզոր նախագահ, ապա՝ բարոյական, հոգեբանական առումով, նրա նպատակն էր անցնել Աթաթուրքին եւ համեմատվել իսլամական նկարագիր ունեցող սուլթաններից որեւէ մեկի, տվյալ պարագայում՝ Ստամբուլը գրաված եւ սուրբ Սոֆիան մզկիթի վերածած սուլթանի հետ։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում