կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 16:19
Առանց Կատեգորիա

Էրդողանի գործելաոճն այս պահին նմանվում է «թաղի լավ տղու» արարքի. Տիրան Լոքմագյոզյան

Էրդողանի գործելաոճն այս պահին նմանվում է «թաղի լավ տղու» արարքի. Տիրան Լոքմագյոզյան

 Թուրքիայում ծավալվող ներքաղաքական հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ:

- Ո՞րն էր Էրդողանի` Ստամբուլում պարտության պատճառը: Արդյո՞ք դա նշանակում է, որ Էրդողանի դարաշրջանը մոտենում է ավարտին:

- Ես ամենևին չեմ կիսում այն տեսակետը, որ Էրդողանն այսօր հետքայլ է անում: Պետք է ընդունենք, որ նա խելացի քաղաքական գործիչ է, շատ լավ շախմատային քայլեր է անում, բացի այդ` գիտի, որ ամեն բան ժամանակավոր է: Այնպես չէ, որ Թուրքիան Ադրբեջանի նման հորից որդուն պետք է փոխանցի իշխանությունը: Էրդողանը գուցե մեծ հույս ունի, որ իր փեսան, որ ֆինանսների նախարար է, կարող է  փոխարինել իրեն, բայց, օրինակ, նրա տղաների մասով որևէ պլան չի կազմել: Էրդողանն այնպես է մաքրագործել Թուրքիան, որ այժմ նրա հանդեպ վտանգ չկա: Սայթաքել կարող են բոլորը, բայց քիչ հավանական եմ համարում, որ նրա դեմ ինչ-որ շարժում սկսվի: Եթե նա իր մեղքով սայթաքի, այդ ժամանակ դանակ քաշողներ, իհարկե, շատ կլինեն:

- Էրդողանի նախկին կուսակիցները` նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը,  ԱԳՆ նախկին ղեկավար և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և ԱԳՆ նախկին ղեկավար Ալի Բաբաջանը, նոր կուսակցություն են ստեղծում: Թուրքական քաղաքական բեմահարթակ վերադառնալու ի՞նչ շանսեր ունեն:

- Գյուլը, Դավութօղլուն և այլք ճնշված էին, դրա համար էլ հետ էին քաշվել, բայց հիմա կամաց-կամաց սկսել են խաղի մեջ մտնել, ինչը, կարծում եմ, երկար ժամանակ կպահանջի: Նրանք ֆեթուլլահական են, բայց քանի որ Ֆեթուլլահի ուժը բավական ջարդված է, դրա համար ամեն ինչ պետք է զրոյից սկսեն:

- Հուլիս ամսին նախատեսվում Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը Թուրքիա: ԱՄՆ-ն արդեն սպառնում է Թուրքիային պատժամիջոցներով: Ի՞նչ հետևանքներ կունենա թուրք-ամերիկյան ճգնաժամը:

- Թուրքիան` որպես մեծ ու հին պետություն, ունի իր հիմնական, չփոփոխվող  քաղաքականությունը: Էրդողանի գործելաոճն այս պահին նմանվում է «թաղի լավ տղու» արարքի: Դա, իհարկե, ներքին քաղաքականության համար է, արտաքինում նա միշտ տանուլ է տալիս: Բայց, այնուամենայնիվ, ներքին քաղաքականության մեջ լավ էլ առաջ է գնում: Թուրքիայի` հատկապես տգետ ժողովուրդը մեծ հավատ ունի Էրդողանի հանդեպ, և եթե նա կանգնում ու գոռում է` հեյ, Ամերիկա', լսի'ր ինձ, մարդիկ մտածում են, թե` այ, տեսնում եք, ԱՄՆ-ի հետ ոնց է խոսում, մյուսներն այդպես խոսել չէին կարողանում: ԱՄՆ-ը Թուրքիային երբեք ձեռքից բաց չի թողնի: Իհարկե, եթե Թուրքիան մի օր չորոշի հակաամերիկյան քաղաքականություն վարել ու գնալ Ռուսաստանի կողմը: Թուրքիան ԱՄՆ-ի ոլորտի մեջ է:

Իրանի հետ խնդիրը տարբեր է: Բավականին վտանգավոր է իրավիճակն այս պահին, ու եթե ինչ-որ մեկը հետքայլ չանի, ապա իրավիճակն ավելի կվատանա: Իրանը նույնպես հին պետությունն է, աղվեսի քաղաքականությունը նրան էլ է բնորոշ, ու հավանական է, որ հենց նա հետքայլ անի: Կարող է նաև համաձայնության գան, քանի որ երկու կողմն էլ պատերազմ չեն ուզում: Ինչ վերաբերում է Թուրքիային ու Իրանին, ապա նրանք միշտ էլ թշնամիներ են եղել` թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր ոլորտներում: Եթե Թուրքիան կրոնական այդ հարցերում շահող կարող է դուրս գալ, ապա մեկ րոպե անգամ չի վարանի ու կմտնի այդ մեծ խաղի մեջ:

Վրույր Սևակ