Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետևելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին` կարելի է մի քանի եզրակացություններ անել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ բոլոր կողմերը հոգնել են արդեն տարիներ շարունակ տեղի ունեցող հակամարտությունից: Սիրիան գտնվում է տնտեսական շատ ծանր վիճակի առջև, էլ չեմ ասում, որ պետության տարածքը լրիվ ազատագրված չէ: Այս պայմաններում հույս կա, որ, վերջիվերջո, բանակցությունները կարող են թափ ստանալ: Դրանք ընթանում են, բայց` շատ դանդաղ: Պետք է հույս ունենալ, որ վերջին զարգացումները, հանդիպումները, որ տեղի ունեցան և դեռ պետք է տեղի ունենան, նոր թափ կհաղորդեն բանակցային գործընթացին, և հնարավոր կլինի այն տեղափոխել պրակտիկ հարթություն»,- ասաց Սաֆրաստյանը:
Ըստ նրա` Սիրիայում կարևոր գործոններից մեկն էլ այն է, որ ռուսական և ամերիկյան զինված ուժերին հաջողվում է խուսափել առճակատումից: «Սա վկայում է այն մասին, որ երկու երկրները բավական լուրջ են տրամադրված և ամեն ինչ անում են, որ աշխարհին սպառնացող նոր վտանգ Սիրիայից դուրս չգա»,- ասաց թուրքագետը:
Ինչ վերաբերում է Սիրիայում տիրող իրադրությանը, ապա Սաֆրաստյանն ընդգծեց, որ Թուրքիան շարունակում է իր ագրեսիան Սիրիայի դեմ: «Շարունակում է ընդլայնել իր գործողությունների շրջանակները` ստանալով աջակցություն ԱՄՆ-ից և ՌԴ-ից: Թուրքիան սկսում է իր պահանջները, վերջնագրերը ներկայացնել նաև այլ տարածքների նկատմամբ»,- ասաց նա:
Սաֆրաստյանի խոսքով` Թուրքիան արդեն վերջնագիր է ներկայացնում Իրաքի իշխանություններին՝ պահանջելով դուրս բերել Քուրդիստանի բանվորական կուսակցության ստորաբաժանումները: «Թուրքիան խոսում է իր հարևանների հետ վերջնագրի լեզվով, օկուպացրել է Սիրիայի տարածքի զգալի մասը, անընդհատ Հյուսիսային Իրաքում ռմբակոծություններ են տեղի ունենում: Պատահական չէ, որ Էրդողանն անընդհատ կրկնում է, որ ոչ մի բանի առջև կանգ չեն առնի, մինչև չհասնեն իրենց նպատակին: Սրա հետ մեկտեղ նրանք ստանում են աջակցություն աշխարհի ուժերի կողմից, ոչ մի լուրջ դատապարտում Թուրքիայի դեմ, որ օկուպացրել են Սիրիայի տարածքը, ցավոք չկա: Կմկմալով մի քանի օր առաջ մեկնաբանություն արեց Գերմանիայի կանցլերը, ԵՄ-ն, ՄԱԿ-ի հանձնակատարն է հայտարարությոններով հանդես գալիս, բայց ոչ մի բանաձև, ոչ մի հստակ դատապարտող հայտարարություն չկա: Այդպիսի հայտարարություններ, բացի Սիրիայից և Իրանից, չենք լսել: Սա նշանակում է, որ թուրքական ագրեսիվ քաղաքականությունը չի հանդիպում պատնեշների, ինչը ցավալի է»,- նշեց նա:
Անդրադառնալով Թրամփի հայտարարությանը, թե հնարավոր է Սիրիայից դուրս բերի ԱՄՆ զինված ուժերը, Սաֆրաստյանն ասաց, որ Սիրիայի հարցում, կարծես, ԱՄՆ-ը հստակ դիրքորոշում չունի: «Սրանից որոշ ժամանակ առաջ Թիլերսոնը, երբ դեռ պետդեպարտամենտի քարտուղարն էր, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը որոշակի պարտավորություններ ունի Սիրիայի առջև և պետք է դրանք իրականացնի: Թրամփի այս հայտարարությունն էլ փաստում է այն մասին, որ ԱՄՆ-ն ունի իրարամերժ մոտեցում, այսինքն` մինչև հիմա չունի հստակ քաղաքական գիծ` կապված Սիրիայի հետ»: