կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-16 11:16
Հասարակություն

Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի պատասխանը Հայ դատի հանձնախմբին

Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի պատասխանը Հայ դատի հանձնախմբին

2020 թվականի հուլիսի 14-ին Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախումբը, կապվելով Անգլիայի արտաքին գործոց նախարարության հետ, մտահոգությունն է հայտնել ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունների առնչությամբ, որոնք իրականացվել են ծանր սպառազինությունից հրաձգությամբ եւ անօդաչու սարքերի կիրառմամբ:

Հարձակումը կատարվել է Տավուշի մարզի Մովսես համայնքի ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան շրջանում: Այս շրջանը մաս չի կազմում Արցախի «հակամարտության» գոտուն և վիճելի տարածք չէ երկու պետությունների միջև:

Ծրագրված այս հարձակումը հարված է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և միջազգային ճանաչված սահմանների սկզբունքին՝ հակառակ գլոբալ համավարակի տարածման պայմաններում հակամարտությունների դադարեցման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հնչեցրած կոչին:

Հայ Դատի հանձնախումբը Արտաքին գործոց նախարարությունից անմիջապես ստացել է պատասխանը, որով խորը մտահոգություն է հայտնվում հայ-ադրբեջանական սահմանում զինադադարի խախտման առիթով:

Ձեր ուշադրությանն ենք հանձնում Արտաքին գործոց նախարարության հայտարարությունը.

«Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգ է վերջին շրջանում հայ-ադրբեջանական միջ-պետական սահմանին տեղի ունեցած զինադադարի խախտմամբ և խորապես ցավում է մարդկային կորուստների համար: Կողմերին դիմում ենք կոչով հարգելու հրադադարը՝ վերադառնալով երկխոսության, փորձելով լիցքաթափել ստեղծված կացությունը եւ խուսափել հավելյալ կորուստներից:

Կողմերին հորդորում ենք լինել զուսպ, խուսափել հռետորաբանությունից, որը կարող է հավելյալ լարվածության պատճառ դառնալ:

Մենք վերահաստատում ենք մեր զորակցությունը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում տարվող աշխատանքներին՝ բանակցությունների ճամփով հասնելու համար Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ լուծմանը:

Շարունակվող բախումները վտանգում են տարածաշրջանի կայունությունն ու բարօրությունը և, այդ իմաստով, անխուսափելի են դարձնում պաշտոնական բանակցությունների անհապաղ վերսկսումը»: