կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-13 21:02
Քաղաքական

Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

Հերթական անգամ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի: Իր երկրի ներքաղաքական անհաջողություններից ուշադրությունը շեղելու նպատակով այս անգամ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիսարևելյան հատվածը, այդ թվում հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրեր: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների փորձերը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դատապարտված են ձախողման հայոց փառապանծ բանակի արհեստավարժ և հայրենանվեր հակազդման շնորհիվ:

Թուրքիայի Հանրապետությունն անթաքույց հայտնում է իր սատարումն Ադրբեջանի զավթողական գործողություններին՝ հերթական անգամ ապացուցելով  ազգային թշնամանք ու ատելություն քարոզող վարչակազմերի էությունը: Դեպի Հայն ու Հայաստանը ուղղված նրանց կույր ատելության դեմ հանդիման կանգնած է հայ ժողովուրդը՝ իր հայրենիքի համար մղվող սրբազան պայքարով: Պատմության ընթացքում բազմիցս է ապացուցվել հայրենիքի պաշտպանության հարցում հայոց միասնականությունը: 

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես միշտ, իր  աշխարհասփյուռ կառույցով վճռականորեն կանգնած է Հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:

Միաժամանակ փաստում ենք՝ միջազգային հանրությունն ու քաղաքակիրթ մարդկությունը չպետք է անտարբեր մնան թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմատենչ վարքագծի նկատմամբ, հակառակ դեպքում` այն կործանարար կլինի ինչպես փխրուն զինադադարի, այնպես էլ տարածաշրջանի համար:

Ուստի, դիմելով միջազգային հանրությանը, կոչ ենք անում ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան և համարժեք միջոցներ ձեռնարկել արհավիրքից խուսափելու համար:

Հայ Յեղափոխական Դաշնակցության

Հայաստանի Գերագույն մարմին

13.07.2020 թ.