Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիեննայում մայիսի 16-ին կայացած` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հարցում: Այս մեխանիզմների ներդրումն իսկապես կարող է դրական ազդեցություն ունենալ` մեղավորներին, խախտող կողմին ֆիքսելու և հետագայում պատասխանատվության որոշակի մեխանիզմներ մշակելու առումով, բայց այս պահի դրությամբ թերևս հստակ չէ` ի՞նչ են իրենցից ներկայացնում «հետաքննական մեխանիզմները»:
ԼՂՀ ԱԳ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ընդգծեց`մեխանիզմները, որոնց մասին խոսվում է, տեխնիկական միջոցներ են, որոնց ներդրմամբ հնարավոր կլինի հստակ ասել` որտեղից է եղել կրակոցը: «Տարբեր արտադրության այդպիսի սարքեր կան, բայց եթե համաձայնություն ձեռք բերվի, պետք է մանրամասներ լսվեն և քննարկվեն` ո՞ր մեկն է տեղադրվում»,- ասաց նա:
Ալեքսանյանը շեշտեց, որ այդպիսի մեխանիզմների ներդրման մասին դեռևս 2014 թվականից էր խոսվում, երբ Ադրբեջանն ավելի ինտենսիվ էր դիվերսիոն գործողություններ ու խախտումներ անում, սակայն, քանի որ այս երկու տարիների ընթացքում Ադրբեջանը դեմ է եղել այս մեխանիզմներին, հարցն ավելի մանրամասնորեն չի քննարկվել:
«ԵԱՀԿ-ն որոշում է կայացրել մշակել նմանատիպ մեխանիզմ, իսկ ղարաբաղյան ու հայաստանյան կողմը համաձայնել են դրան: Հատկապես, եթե հիշում եք, ադրբեջանցիները մեզ մեղադրում էին, իբրև թե մեր կողմը խփել է 8-ամյա տղայի, բայց բոլորին է հայտնի, և ռելիեֆն էլ ցույց է տալիս, որ մենք չէինք կարող` բլուրը թույլ չէր տա»,- ասաց նա:
Ալեքսանյանի խոսքով`այդ մեխանիզմների ներդրումը հստակություն կմտցնի և կերևա`որտեղ, որ տեղամասում է տեղի ունեցել խախտումը, ու արդեն որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը չի կրակել: «Համենայն դեպս, հստակ կնշվի` ով է մեղավոր: Մեր կողմից ասում ենք, որ Ադրբեջանն է սկսել, բայց իրենք էլ մեզանից վատ չեն մեղադրում: Այն, ինչ իրենք են մեր նկատմամբ անում, նախքան անելն արդեն տեքստով ուղարկում են ԵԱՀԿ` փոխակերպելով և ասելով, որ հայերն են հարվածել: Եթե մեխանիզմները լինեն, միջազգային հանրությունը հստակ կարող է քայլեր ձեռնարկել»,- ասաց ԼՂհ փոխարտգործնախարարը` հավելելով, որ իրերը կկոչվեն իրենց անուններով և հարձակվողին հարձակվող կանվանեն: