Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով միջազգային հանրության ներգրավածությունը բացարձակ անհրաժեշտություն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եգիպտական «AlQahera News» լրատվամիջոցին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարն ընդգծել է, որ գրեթե երեք ամիս շարունակ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ և վերջնանպատակ ունենալով իրականացնել էթնիկ զտումներ: Մարդասիրական ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հրահրել է նաև էներգետիկ ճգնաժամ: Ձմռան ցուրտ պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խաթարել և շարունակում են խաթարել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:
«Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական հռետորաբանությունն ապացուցել են միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրները հասցեագրելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով։ Միջազգային հանրության, այդ թվում՝ արաբական աշխարհում մեր գործընկերների և բարեկամների դիրքորոշումը պետք է լինի հստակ՝ ընդդեմ ևս մեկ ցեղասպանության նախապատրաստմանն ուղղված ցանկացած գաղափարախոսության և գործողության. միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նմանատիպ հերթական ձախողումը»,- ասել է Միրզոյանը։
Նա հավելել է՝ չնայած բոլոր ռիսկերին և երկրի շուրջ ստեղծված փխրուն իրավիճակին, Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք սերունդների համար: