|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսի հետ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի և Լատվիայի նախագահները տեղեկություններ են փոխանակել կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրենց երկրների փորձառությունների մասին:
Նախագահ Սարգսյանը կարևորել է Լատվիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերությանն՝ ընդգծելով ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները: Նախագահը բարձր է գնահատել փաստը, որ Լատվիան Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրած` ԵՄ առաջին պետություններից է:
Խոսելով հայ-լատվիական փոխգործակցության հեռանկարների մասին՝ նախագահներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության լուրջ ներուժ ունեն ինչպես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, այնպես էլ՝ գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում: Նախագահ Լևիթսն ընդգծել է լատվիական կողմի հետաքրքրությունը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի, մասնավորապես ATOM (Advanced tomorrow) նախագահական նախաձեռնության նկատմամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև սննդի անվտանգության «միջանցքի» և դրան Լատվիայի հնարավոր մասնակցության մասին:
Հայաստանի նախագահը հրավիրել է Լատվիայի նախագահին՝ հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից: