Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից։
ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար:
Նախարարը հույս է հայտնել, որ աշխատանքներն ամփոփելուց հետո ԱՀԿ առաքելության առաջարկները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարին:
Միշել Թիերենը փոխանցել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կատարած այցերի տպավորությունները: Փորձագետները ծանոթացել են կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացակարգերին: Նա նշել է, որ պացիենտների բաշխումը պետք է շատ մտածված կատարվի` ուշադրությունից դուրս չթողնելով այլ հիվանդություններով անձանց:
Շարունակելով առաքելության ղեկավարի միտքը` Արսեն Թորոսյանը խոսել է առաջնային օղակի բուժաշխատողների և նրանց պատրաստվածության մասին, որտեղ այս պահին ևս գերծանրաբեռնված իրականացվում է կորոնավիրուսով վարակված անախտանիշ, թեթև և միջին ծանրության անձանց տնային բուժումը և հսկողությունը: Նախարարն ասել է, որ մինչ այս անցկացվել են առցանց դասընթացներ ավելի քան 1000 բուժաշխատողի հետ` գիտելիքները հարստացնելու համար:
Հյուրն ընդգծել է, որ համավարակի դեմ պայքարում կարևոր է միջգերատեսչական և տեղական կազմակերպությունների համագործակցությունը` վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում: Նա խոսել է նաև 3 հիմնական միջոցառումների` դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին, հավելելով, որ պետք է խուսափել մասսայական հավաքներից, փակ տարածքներում միջոցառումներից և այլ բազմամարդ իրավիճակներից:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման համար կրկին հանդիպելու և ամփոփելու արդյունքները: