կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-20 22:04
Հասարակություն

Թաթուլը, ՄԱԿ-ն ու Պելետը

Թաթուլը, ՄԱԿ-ն ու Պելետը

Լոռվա հեռավոր սարերի գրկում, մոռացված աշխարհից ու մարդկանցից, Անտառամուտը մտել էր գիշերային խորը քնի մեջ: Ականջն անտառի ձայնին՝ գյուղն այսպես խորը քնում էր ամեն օր և արթնանում միայն այն ժամանակ, երբ արեգակի առաջին շողերը ավետում էին լուսաբացը:  Միայն մի մարդ կար Անտառամուտում, որ արդեն քսան տարի, քունը փախցրածի նման, արթնանում էր դեռ մթնշաղին  ու լույսը չբացված բռնում անտառ տանող ճամփան: Թաթուլն էր, Անտառամուտի հայտնի մոշ հավաքող Թաթուլը, ով իր փոքրիկ ընտանիքը պահելու համար որոշել էր ապավինել հայրենի բնությանը՝ մեկընդմիշտ բացառելով օտար երկիր աշխատանքի մեկնելու հնարավորությունը:

          - Ես ռավոտը շուտ վեր եմ կենըմ, հասնըմ եմ մոշուտ, ժամում 3 կգ մոշ եմ հավաքըմ, տանըմ եմ Կուրթան կլիենտին, նրա հետ էլ երկու բաժակ կոֆե եմ անըմ ու ժամը տասներկուսին արդեն մեր գեղամեջմ կայնած եմ, - իր մասին սիրում էր պատմել Թաթուլը:

Եվ այս կարճ ներկայացման մեջ իր գործին բիզնես հմայք հաղորդելու համար նա կարծես հատուկ շեշտում էր «կլիենտ» բառը:

          - Մի ժամում 3 կգ մոշ ո՞նց ես հավաքում, - զարմանքով մի օր հարցրեց  Երևանից ժամանած հորաքրոջ տղա Գևորգը, ով դեռ մանկուց բարի հոգով Թաթուլին շատ էր սիրում…

          - Վա՛հ, տունդ շինվի, դու քո ամեն օրվա գործը գնալով ավելի արագ չես անը՞մ….

          - Հա, բայց մոշը փշոտ թուփ է ….

          - Է՜հ, Գևորգ ջան, -ծոր տալով ասաց  Թաթուլը,- դրանք  իմ մոշերն են, ինձ խնայըմ են…

Մոշերը գուցե խնայում էին Թաթուլին, ինչպես հավատացած էր այդ բարի լոռեցին, բայց մի բան էլ կար. անընդհատ հողից ճաքճքված, փշերից ծակոտված ու բուժված Թաթուլի մատներն ու ձեռքի ափերն այնքան էին կոշտացել, որ դժվար թե այլևս որևէ բան այդքան հեշտ վնասեր նրան: Արևից նրա դեմքը խանձվել, մի տեսակ այնքան էր սևացել, որ հայ տեսակին անծանոթ որևէ մեկը առաջին անգամ, եթե հանդիպեր Թաթուլին, կարող էր կարծել, որ  նա ազգակցական հեռավոր կապ ունի աֆրիկյան սևամորթ որևէ ցեղի հետ, կամ որ Հայաստանը եղել է նաև նման ցեղերի նախահայրենիք:

Սակայն Թաթուլի այս անդադրում աշխատասիրությունը նրան ավելի էր մեկուսացրել աշխարհից, քան երևի որևէ անտառամուտցու: Նա թեև գիտեր, որ աշխարհում մատի հպումով աշխատող հեռախոսներ կան, դրանք անգամ ձեռքն էր վերցրել, բայց միևնույնն է, մի քամահրական ժպիտ էր արձակել մարդկության այդ վերջին հայտնագործության վրա և իր համար միևնույնն էր, թե դա ինչ նոր ֆունկցիաներ կարող էր ունենալ: Մատի հպումով աշխատող հեռախոս Թաթուլին պետք չէր. դա նրա ամենօրյա հոգսը թեթևացնող հանճարեղություն չէր և հետևաբար կարիք էլ չկար դրանով հետաքրքրվելու: Ավելին, այդ հզոր սարքը Թաթուլի սիրելի սարերում ու խոր ձորերում, ուր սովորաբար աճում էր ամենալավ մոշը, կապի բացակայության պատճառով ընդունակ չէր գործելու.….Թաթուլն ուներ իր աշխարհը, մանկության օրորոցի նման իր կուսական աշխարհը, որի հետ այնքան էր կապվել, որ երբեք մտքովն էլ չէր անցնի տեսնել, թե այդ աշխարհից ու երկրից  դուրս ուրիշ ինչ կա: Իսկ այն զրույցները, որ հաճախ գյուղամիջում պատմում էին հեռախոսների մեջ մխրճված տղաները աշխարհում կատարվող դեպքերի, տարօրինակ երևույթների, սովորությունների ու պատերազմների մասին, Թաթուլին նույնպես չէին հուզում: Ինքը մի բանում վստահ էր, որ ինչքան շատ մարդ խառնվի աշխարհի գործերին, էնքան աշխարհի գործերը վատ կգնան:  Թաթուլի կարծիքով հեռախոսն ու ինտերնետը գործը հենց դրան էլ տանում էին….ու բոլորովին պատահական չէր, որ երբ Թաթուլը լսեց Հայաստանում տեղի ունեցած առաջին հեղափոխության, իսկ հետո կորոնավիրուսի տարածման լուրը, բնավ չզարմացավ, չոգևորվեց ու չտխրեց:

          - Ա՛յ տա, Հայաստանը ցնծում է, հրապարակում ու Երևանի փողոցներում մարդիկ ուրախությունից խրոված են անում, նոր ղեկավար է եկել, դու ձեն չես հանըմ,-ասաց կինը…

       - Է՜հ, - ծոր տվեց Թաթուլը, - հեղափոխությո՜ւն. դա կգա իմ աղունը կաղա կամ իմ տեղը մոշ կքաղի՞...Հրապարակում խրովածս ո՞րն է: Բա քաղաքը գեղից էլ ինչո՞վ ա տարբերվըմ: Թող տանեն մայթերին էլ մոշ տնկեն՝ համ սիրուն է, համ էլ կուտեն, - մի տեսակ ոչ իրեն հատուկ զայրացկոտությամբ կնոջը պատասխանեց Թաթուլը, վերցրեց դռան շեմքին դրված մոշի դույլն ու բռնեց ծանոթ հանդի ճամփան:

Ի տարբերություն հեղափոխության լուրին, որ զայրացրեց Թաթուլին, հեղափոխությունից երկու տարի հետո վրա հասած կորոնավիրուսի լուրը նրան անհագ ծիծաղ պատճառեց:

          - Էդ անտերը մեր սարերը հասնողն ու Թաթուլին կպչողը չի, ով շատ դես ու դեն ա անըմ, քիթը ամեն տեղ խոթըմ, թող նա էլ մտածի,-ասաց ահաբեկված կնոջը Թաթուլն ու մոշը տարավ «կլիենտին» տալու:

Թաթուլի կնոջից առավել ահաբեկված էր կլիենտը.

          - Թաթո՛ւլ, ասըմ  են մարդիկ հմի պտի դիմակով ու ձեռնոցով շփվեն, որ իրար չվարակեն…,-ասաց նա՝ տեսնելով Թաթուլին:

       - Էդ ինձ չի վերաբերըմ,- քմծիծաղ տալով ասաց Թաթուլը, - իմ մոշուտներում ինձնից բացի ուրիշ մարդի ոտ չի կպնում, վիրուս-միրուս չի կարա գա…մեկ-մեկ գեղամեջ էի գնում, հիմա դրանց զրիցներից էլ է հավեսս փախել:

          - Հա, բան չասի, - ասաց հարևան գյուղացի կլիենտն ու Թաթուլին, ամեն դեպքում, զգույշ լինելու խորհուրդ տվեց:

Դատարկ դույլը ձեռքին, սովորականից ավելի դանդաղ քայլերով Թաթուլը տուն էր դառնում ու մտածում, որ աշխարհը գնալով ավելի է ապականվում: Մարդիկ դառնում են առավել ծալապակաս ու պարապությունից ինչ-ինչ հիմարություններ ասես մտածում են: «Պարապ մնացած մարդը մի հիմար բան կմտածի ու կխոսի, դրան էլ ուրիշ ալարկոտներ կհետևեն, որ չաշխատեն ու խոսեն: Ամեն ինչ ծնվում է պարապ վեր ընկնելուց»,-մտածում է Թաթուլն ու քայլում փոշոտ ճանապարհով: Երկրի խորհրդարանը նա համարում էր պարապ մարդկանց հավաքատեղի ու իր ապրած տարիների ընթացքում դրանց բերանից դուրս եկած մի խոսք կամ որոշում չէր տեսել, որ իր հոգսը թեթևացրած լինեին: Իսկ թե որոշում էլ տային, որ կվերաբերվեր Թաթուլին ու իր նմաններին, լավ է չտային, որովհետև դրանք միայն վնասող ու հոգսի տակ կքած գյուղացու կյանքն էլ ավելի բարդացնող էին: Դրանցից մեկը, որ վերաբերվում էր անտառից փայտ տանելուն, խիստ զայրացրել էր Թաթուլին: Իր կարծիքով՝ խորհրդարանում վեր ընկած պարապները քցել-բռնել էին, թե Թաթուլը ձմեռն ինչքան փայտ իրավունք ունի վառի իր ջարդոտված տանիքով, հազար ծակ ու ծուկ ունեցող տունը տաքացնելու համար: Թաթուլն իրավունք չուներ նաև փայտ վաճառեր: Ու երբ այս մասին գյուղապետ Կարոն գյուղապետարանում դրոշի տակ հանդիսավոր նստած հայտարարեց հավաքվածներին,  Թաթուլը նստած տեղից շամպայնի խցանի նման  վեր թռավ:

           - Ինչի՞, այտա՛, - գոռալով դիմեց նա Կարոյին, - էշությունն էլ է արգելվա՞ծ:

Թաթուլի գոռոցը ներկաներին, առավել ևս Կարոյին, անակնկալի բերեց. բոլորից նա ընդդիմանալ կսպասեր, բայց ոչ գյուղի ամենաանշառ ու լռակյաց մարդուց: Հետո, երբ նա այդ մասին պատմեց կնոջը, կինը բացատրեց, որ դա շատ բնական է, քանի որ գյուղի ամենաաշխատող մարդն ու միակը, որ մատով հեռախոս չունի դա Թաթուլն է:

Իսկ Թաթուլին ամենաշատ զայրացնում էր այն, որ խորհրդարանում նստած պարոն պարապները, իրական անտառագողերին ու էլեկտրական սղոցով հաստաբուն ծառ հատողներին թողած, անտառի չորացած ճղերը հավաքող ու մանր, ոտատակ ընկած ծառերը կտրող Թաթուլի ձեռքն են բռնում:

          - Թաթո՛ւլ, ինձ մի ասա, ես չեմ օրենք գրողը,- ասաց Կարոն, - գնա նրանց ասա: Ես փոխանցում եմ ձեզ, որ ծառ կտրելն ու վաճառելն արգելված է:

Արոյի այս պատասխանը ավելի զայրացրեց Թաթուլին: Աչքի առաջ եկան մեկ տարվա վաղեմության դեպքերը, երբ մի փսլնկոտ լակոտի կողքին կանգնած Կարոն ընտրական քարոզ էր անում, համոզում նրան ընտրել, գովում, թե մեր կողմերի տղա է, մեր ձայնը նրա ականջին մոտ կլինի…Երբ դժգոհ լինենք՝ կանչեք կասենք. «ախպե՛ր, հլա մի դես արի. մենք քեզ ձեն տվինք, որ էս անե՞ք»: Թաթուլն այդ հավաքին թեև մեծամասամբ անհաղորդ էր ու գնացել էր կնոջ խնդրանքով, Արոյի այդ խոսքերը շատ լավ էր հիշում: Ու հիմա, Կարոյի՝ իրեն տված պատասխանը նա համարում էր խոսքից ետ կանգնել, տղամարդուն ոչ սազական պահվածք ու չէր խնայի, այդ մասին կասեր դեմքին, եթե վերջին պահին մտքին չգար գյուղապետի ու իր ընտանիքի միջև գոյություն ունեցող քավորսանիկական հնամենի կապը: Թաթուլը հին սովորույթների ու ադաթների հանդեպ մեծագույն հարգանք ուներ ու աստվածավախ մարդ էր: Օջախի քավորն իր համար սրբություն էր, Աստծուց տված պատիվ ու չէր ընդունում նրանց, ովքեր  քավորին ընտրում էին հաշվի առնելով ոչ թե նրա բարությունը, ազնվությունը կամ գերդաստանի հետ հին սրբազան կապերը, այլ նրա ունեցած փողը, հասարակական կշիռն ու պաշտոնը: Այդպես, օրինակ, թաթուլենց գյուղում կային երկու քավորապետեր՝ մեկը եղել էր շրջկոմի նախկին քարտուղարը, մյուսը ոստիկանության պետի տեղակալը: Երկուսն էլ վաղուց գյուղում չէին ապրում և հայտնվում էին տարին մեկ կամ երկու անգամ՝ մեկ  քավոր կանգնելու, մեկը էլ ընտրություններին՝ սանիկներին ասելու, թե ում օգտին քվեարկեն: Վերջին տարիներին քավորապետ դառնալու շանսեր էր ձեռք բերել նաև գյուղապետ Կարոն. գյուղապետի ընտրություններում երկրորդ անգամ հաղթելուց հետո նրա սանիկների թիվը կտրուկ ավելացավ: Նա, ավելի շուտ նրա պապն ու հայրը եղել էին նաև Թաթուլենց օջախի քավորը: Օրենքի ուժով այդ պաշտոնը անցել էր հիմա Կարոյին ու Թաթուլի կինն ու մայրը՝ հենց այդպես էլ նրան դիմում էին: Թաթուլն այդ ամենին հարգանքով էր վերաբերվում, բայց միևնույնն է, նրան դուր չէր գալիս, որ Կարոն սկսել է գյուղի բոլոր անբանների քավորը դառնալ: «Բա քավորության ղադրն իմացողը ամեն մեկին քավոր կկանգնի՞»,- մի օր ծեր մորն ասաց Թաթուլը, երբ մայրը պատմում էր, որ Կարոն քավոր է կանգնել իրենց հարևան Վարսենիկ միջնեկ տղուն, որը տարիներ առաջ հատ-հատ  գողացավ Թաթուլենց բոլոր հավերը:

Անտառից ծառ չկտրելու որոշումը պարզվեց շատ վերևից էր եկել: Դրան խառնվել էր անգամ երկրի վարչապետը: Թաթուլը լսել էր, որ վարչապետի ծննդավայր Իջևանում, որ հեռու չէր իրենց կողմերից, քաղաքի կեսին, որպես ապօրինի փայտահատներ, բռնել-տարել են:

         - Խեղճ, աղքատ մարդկանց գիշերը ծեծելով ոստիկանները անկողնուց հանել-տարել են,-քնելուց առաջ Թաթուլին ասած կինը:

Թաթուլը լսեց ու բանի տեղ չդրեց: Միայն մտքին եկավ <> բառը, բայց միևնույնն է ալարեց արտասանել ու ընկղմվեց հոգնաբեկ ու խոր քնի մեջ: Հաջորդող օրերին գյուղում խոսակցությունների հիմնական թեման ծառահատումներն ու Իջևանի դեպքերն էին: Շատացել էին նաև գյուղ մտնող մեքենաները, բոլորն էլ ծառերի գործով: Թաթուլի հաշվարկով մեկ շաբաթում Անտառամուտ այնքան մեքենա էր մտել, որքան նախկինում մեկ տարում չէր եկել: Բայց, միևնույնն է, Թաթուլը վստահ էր, որ իր փայտը բերելու էր, պարզապես դրա ժամանակը չէր. սարերում դեռ մոշ կար ու լավ էլ վաճառվում էր: Նույնիսկ հիմա ավելի թանկ էր, որովհետև սեզոնի փակվելուն քիչ էր մնացել …Հիմա Թաթուլն ավելի շատ էր փորձում հավաքել ու երեկոները նստած հաճախ էր հաշվում իր բիզնեսի եկամուտները: «Քսան օր էլ, որ գործը գնա, անձրև-մանձրև չանի, էն կնգանը ապառիկ լվացքի մեքենա կառնեմ. էդ մի բանն էլ, թող սրա կյանքում լավն ըլլի»,- մտածում էր Թաթուլն ու պլանավորում աշնան գործերը: Մոշի սեզոնի ավարտից հետո նա հույս ուներ քսան օրում անտառից բերել իրենց ձմռան փայտը, հետո, թե հարևան Սաքոն խոպանից փող ուղարկեր, կինը կգար, Թաթուլին կխնդրեր իրենց համար էլ փայտ բերի: Երկու նման առաջարկ էլ լիներ, Թաթուլի ձեռքին մի քիչ փող կգար, յոլա կգնային ամեն տարվա պես: Մի երեկո, հերթական անգամ այս մտքերի վրա էր սևեռվել, երբ Կարոն ներս մտավ:

         - Բարի րիգուն, սանամե՛ր, - ասաց միջանցքում նստած Թաթուլի մորն ու առաջացավ դեպի Թաթուլը,-ինձնից նեղացե՞լ ես, ա՛յ տա…ամո՛թ է, ամո՛թ. Սելը ճռռալուն, սելվորն է ճռռում:

          - Չէ, ինչի՞ եմ նեղացել,-իրեն հատուկ հանդարտությամբ ասաց Թաթուլը…

          - Տեհա՞ր, Իջևանում ինչ արին. էլ ոստիկան, էլ ԿԳԲ, սաղ խառնին իրար…Իմ ասելն էդ էր….

         - Լավ արիր, ասիր, բայց էս տարվա փայտն անելու եմ….

         - Ա՛յ տա, արա, հո Կարոն քո հացին վայիս չի, բայց օրենք կա, կարգ կա….

         - Օրենքը որն է, մի էշաչափ փա՞յտը….

         - Սանամե՛ր, էս տղեդ հո յոթնուկ չի…,- Թաթուլի մորը դիմեց Կարոն:

Սանամերը,  անհաղորդ այս զրույցին, ընկղմվել էր կեսդարյա հուշերի մեջ, ու Կարոյի գալով հիշել էր նրա հորը, որ նույն շարժուն կեցվածքով տուն էր մտնում ու վաղամեռիկ ամուսնու հետ մի բաժակ դամբուլի օղի կոնծում….

          -Ա՛յ տա, -շարունակեց զրույցը Կարոն, - օրենքով ամեն բնակիչ իրեն հասանելիք փայտը կարա անի: Արի, արձանագրություն կազմի, փայտիդ հաշվառումը գրանցեք, գնա բեր….

         - Կանեմ, բայց ես ի՞նչ գիտեմ, ձմեռն էս տարի աղքատի ձմեռ է, թե հարուստի,- ասաց Թաթուլը:

«Հարուստի ու աղքատի ձմեռ» ասելով Թաթուլը նկատի ուներ ձմռան խիստ կամ մեղմ լինելը, որովհետև այս վերջին տարիներին Թաթուլի կարծիքով բնությունն էլ խառնել էր իր հաշիվները. մեկ շատ առատ ձյուն էր գալիս, մեկ էլ տեսար երկու-երեք տարի ձյան երես չէին տեսնում: Գիտակներն ասում էին՝ «գլոբալ տաքացում է»: Բայց Թաթուլը, որ էն գլխից սեր չուներ բարդ բառերի հետ, երբեք էլ չհասկացավ «գլոբալ» բառի իմաստը… «Բնություն է. մի տարի լավ կըլի, մի տարի վատ. կովն էլ ամեն տարի կարա չծնի»,- մտածում էր Թաթուլն ու ապրում՝ հույսը բնության բարեհաճության վրա:

          - Ա՛յ տա, - խոսքը շարունակեց Կարոն,- նեղանաս ոչ, հա՜, էս օջախն ինձ համար եղել ու մնում է սրբություն. ուղակի ասելս էն ա, որ թուղթ ու թամասուքն անենք օրինական, որովհետև հիմա որ ԿԳԲ-ն խառնվեց, չի ասի՝ Կարոն ու Թաթուլը պապական քավոր-սանիկ են կամ Թաթուլը ծնվել է անտառի բացատում:

Անտառի բացատում Թաթուլի ծնվելու մասին զրույցներ գյուղում վաղուց կային, թեև դա ճշմարտության հատիկ ուներ, բայց այնքան էլ իրական չէր: Բանն այն էր,որ երբ Թաթուլի մոր ցավերը բռնել էին, նա անտառում բանջար հավաքելուց էր եղել ու ընկերուհիները հազիվ էին գրկած տուն հասցրել: Այդպես անսպաելի էր եղել նաև Թաթուլի հորեղբոր աղջկա ծնուդը, որի մայրը մի գիրկ շուշան հավաքելուց հետո եկել էր ու ծննդաբերել: Ի պատիվ այդ իրադարձության՝ հորեղբայրը որոշել էր աղջկան անվանակոչել Շուշանիկ:

Թաթուլը լուռ լսում էր Կարոյին, որ լուրերի ճարպիկ հաղորդավարի նման կարծես ճգնում էր հաղորդել վերջին մեկ շաբաթվա լուրերը, ու գոհ էր միայն մի բանից, որ այս տարվա իր ձմռան փայտը կարող էր բերել, բայց հոգին տանջում էր մեկ այլ հարց, որ տնտեսագետներն անվանում են «բիզնեսի պլանի ձախողում ֆորս մաժորային իրավիճակում»: Թաթուլի ուշքն ու միտքը հարևան Սաքոյի ու նման երկու հնարավոր կլիենտների ձմռան փայտի մատակարարման հարցն էր. որ փայտ ուզեին, ո՞նց բերեր ու վաճառեր,եթե իր լիմիդը լրացել է…

          -Կարո՛, - ընդհատելով նրան՝ ասաց Թաթուլը,- բա էս մեր հարևան խոպանչի Սաքոն, անմարդ Արեգնազն ու էլի մարդիկ, որ փայտի կարիք ունեն, բայց իրենք կարալ չեն գնան փայտ բերեն, ո՞նց պտի անեն….ես բերել տիմ, ծախեմ իրանց վրա, հմի ի՞նչ անեմ,որ ԿԳԲ-ն բռնի ոչ…

          - Դրան էլ ձև կա, ա՛յ տա,- պատրաստի պատասխանը գրպանում պահածի նման վրա բերեց Կարոն,- իրենք կգան իրենց մասով դիմում կգրեն, դու կբերես… հո քո էշը համարներ չունի՞, որ բռնեն ու տուգանեն:

Կարոյի պատասխանը թեթևացրեց Թաթուլի հոգին. «իրոք որ՝ միամիտ լոռեցու հարց»,-մտածեց Թաթուլը. «ես ու իմ անգրացումը էշը, ինչքան կուզեմ՝ կբերեմ, ով տի ստուգի…»: Այս եզրահանգումը կարծես վերջ դրեց օրվա թեմային ու Թաթուլը մտքում արդեն գրեթե ճանապարհել էր Կարոյին տուն, երբ նա բացեց խոսակցության մի նոր թեմա.

         -  Տնաշե՛ն, էս պետեկայով տելեվիզորից գյուղում մենակ դու ունես ու պատերազմի վետերեն Ֆռից Ավագը: Ռադ արա, էլի….մի հատ լավ, թազա անտերներից բեր տունդ դիր. ոչ անտենա են ուզըմ, ոչ բան…միացրա ու աշխարհի սաղ ֆուտբոլները նայի….

         - Է՜հ, ես դրա ժամանակը ունե՞մ. ֆուտբոլն էն վախտ էր, որ վազ էի տալի ու ետևիցս հասնող չէր ըլըմ…. Ֆուտբոլից հիմա գնա մեր փեսա Արթուրի հետ խոսա: Տնաշենը Էրևան տեղը թողուց էկավ, որ էս անտեր գեղըմ ֆուտբոլ զարգացնի…. Ու՞ր ա, ջահել կա՞. թող պառավներին առնի ու վազ տա….

         -  Ըտենց մի ասա, - հակառակվեց Կարոն, - Արթուրին էս հողը քաշ տվուց բերեց. Էրևանի անունն է ելել՝ ի՞նչ կա էդ կվարտիրեկի մեջ. իմ սիրտը ճաքըմ է…Էն ա, Արթուրը, լավ էլ հող է բեջարըմ. այգու վրա էս տարի ցանց է քաշել. մեր գեղըմ ո՞վ էր արել ըտենց բան…

Թաթուլը հեռակա լսել էր այդ մասին, բայց չէր տեսել Արթուրի այգու ցանցերը: Նա մի տեսակ այդ ամենը չէր պատկերացնում, նույնիսկ կատակ էր համարում. «Կարկուտի դեմ ավտոյի ժեշտը չի դիմանըմ, ի՞նչ ցանց», - ասաց նա քրոջը, ով մի օր հպարտորեն պատմում էր ամուսնու վերջին նորամուծությունը: Բայց դե կարելի էր գնալ տեսնել. էժան լիներ՝ Թաթուլը բոլոր լավագույն մոշուտների վրա կքաշեր՝ հետաձգելով կնոջը լվացքի մեքենա առնելու ներքին խոստումը:

         - Թաթո՛ւլ, ես գնացի, հմի քավորկինդ սպասըմ է խանութը փակելուն, - ասաց Կարոն,- բայց էդ տելեվիզորի հարցը ականջի հետև մի գցիր, ամոթ ա, արի մի տեղեկանք տամ, գնա ապառիկ բեր….

Կարոյին բարի գիշեր ասելուց հետո Թաթուլը նոր միայն գլխի ընկավ, որ ոչ մի ապառիկ առանց աշխատանքի վայրի կամ գյուղապետի տեղեկանքի գլուխ չի գա: Նա այդ պահին բացահայտեց գյուղապետի կարևոր լիազորություններից ևս մեկն ու հասկացավ Կարոյի ինքնավստահության պատճառը:

Բայց հաջորդ օրը կատարվեց մի բան, որ հիմնովին փոխելու էր հեռավոր Անտառամուտի անքուն բնակիչ Թաթուլի կյանքը: Առավոտ ժամը տասին, երբ Թաթուլը համարյա ավարտին էր հասցնում վերջին դույլ մոշի հավաքը, նրա կնոպկով հեռախոսին զանգեց երևանցի հորաքրոջ տղա Գևորգն ու իր հանդարտ, բայց ուրախ ձայնով ավետեց, որ մինչև իրիկուն կլինի Անտառամուտում: Գևորգի հանկարծակի այցը Թաթուլի համար անսպասելի չէր. նա հաճախ էր գալիս գյուղ՝ կարծես իր մանկության հետքերը որոնելու: Գալիս էր իր բարի, կարոտած ժպիտով ու չէր խոսում քաղաքի ու քաղաքակրթության վերելքներից, չէր կշտամբում Թաթուլին, նույնիսկ գովում էր նրա չափից դուրս բարությունն ու հավատարմությունը հողին: Թաթուլն էլ Գևորգի ազնվության վրա չէր կասկածում ու այդպես էլ մի հարցում գլխի չէր ընկնում՝ «էդ տղու բախտը բերե՞լ է, թե չի բերել, որ ծնվել է Երևանում….»:

          - Չի՛ բերել, - մի օր ծիծաղելով ասաց Գևորգը, երբ գարեջրից հարբած Թաթուլն անկեղծացավ….

Ու, իրոք, Գևորգն ուրիշ էր….Կարծես նրանք նույն աշխարհից լինեին, թեև քայլել էին կյանքի տարբեր արահետներով: Գևորգը ծնվել էր Երևանում և միայն  ամեն ամառ էր եղբոր հետ այցելում Անտառամուտ, հետո դարձավ տնտեսագիտության թեկնածու, իսկ Թաթուլը բանակից հետո Անտառամուտից դուրս չեկավ ու մնաց մոշ հավաքող… Բայց գյուղն ու Լոռվա բնությունը երկուսինն էր ու դա էր երևի ամենազորեղ կապը, գենի ու հարատև եղբայրության բանալին:

          - Գալիս եմ, գնանք միասին մոշ հավաքելու,- հեռախոսից խոստացավ Գևորգը, - բայց մի կարևոր զրույց էլ ունեմ…

Այդ կարևոր զրույց ասվածը խառնեց Թաթուլի հոգին. «Գևորգը հենց այնպես բան չէր ասի. ի՞նչ է եղել, կարող ա՞….»,- Թաթուլի մտքին կրկին եկավ «հեղափոխություն» բառը, բայց նա նույն ներքին վստահությամբ արհամարհեց դա ու աշխատեց այդ օրը մոշն ավելի շուտ հասցնել կլիենտին ու վերադառնալ տուն:

Գևորգն Անտառամուտ հասավ երեկոյան կողմեր. «Տոյոտո քեմրիի» անիվը ճանապարհին ծակվել էր ու վահագնեցի տրակտորիստ մի տղա, արտում վարը թողնելով օգնության էր հասել…

         - Մարդկությունը սարերում է, Թաթո՛ւլ, սարերում, - իջնելով մեքենայից՝ գոչեց Գևորգն ու գրկեց քեռու տղային….

         - Բա, գիդես ես շա՞շ եմ, որ դուրս չեմ գալիս սարերից, - Գևորգին հակադարձեց Թաթուլը:

Քիչ անց եղբայրներն արդեն հին հուշերն էին փորփրում, իսկ Գևորգի հետ ժամանած երիտասարդը կամ հեռախոսով նրանց էր նկարում, կամ պտտվում տան շուրջը: Նա հայացքն ավելի շատ հառում էր անտառին, ապա թաթուլենց գոմին, հետո ծղոտի դեզին, որը թաթուլենց վերջին կթանի սատկելուց հետո դեռ մնում էր:

         - Գիտե՞ք, սրանից կարող եք հետաքրքիր վառելիք ստանալ, եթե ուզեք. աշխարհում դա տարածված է…. Համ էլ՝ անտառի փայտին ձեռ չեք տա…,- ասաց երիտասարդը:

Երիտասարդի այս խոսքերը Թաթուլին հիշեցրին վերջերս տեսած մի գեշ երազ, որտեղ սև մորուքով վարչապետը սպիտակ շորեր հագած հորդորում էր Թաթուլին անտառ չգնալ, փայտ չբերել…. Ու Թաթուլը երազային այս ակնթարթից դեռ դուրս չէր եկել, երբ երիտասարդը, առավել հաստատակամորեն շարունակեց իր միտքը.

          - Ճիշտ եմ ասում, Թաթուլ ջան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրով դուք կարող եք դրամաշնորհ շահել ու այս դեզը վերածել պելետի արտադրության:

Երիտասարդի արտասանած բառերի մեջ Թաթուլը պարզապես շփոթվեց. այլ կերպ չէր էլ կարող լինել… Նրա համար միանգամից անհասկանալի էին նախադասության երեք գլխավոր բառերը. «ՄԱԿ», «դրամաշնորհ», «պելետ»… Թաթուլի շփոթմունքը երկյուղի փոխվեց, երբ Գևորգն սկսեց պաշտպանել այդ գաղափարն ու սկսեց բացատրել, որ աշխարհում, մատի հպումով աշխատող հեռախոսից բացի ավելի հանճարեղ գյուտեր կան, ինչպես պելետի արտադրությունը: Դա թույլ է տալիս ծղոտը լցնել մեքենայի մեջ ու դրանից ստանալ ոչխարի թորանքի նմանվող, մի քիչ ուղանկյուն տեսքով վառելանյութ: «Փաստորեն ձմռանը տաքանալու համար ոչ փայտ է պետք, ոչ էշ, ոչ էշություն», -միանգամից առկայծեց Թաթուլի մտքում: Մի գաղափար, որին նա միանգամից  չհավատաց՝ համարելով ցնորամտություն: Բայց միևնույնն է այդ միտքն ամբողջ գիշեր նրան չթողեց քնել: Կարճատև քնի ընթացքում նորից սպիտակ շորերով մարդուն տեսավ երազին, բայց դա ոչ թե վարչապետն էր խիստ մորուքով, այլ գյուղապետ Կարոն, ով խնդրում էր փայտ հատել, իսկ Թաթուլը չէր համաձայնում: 

Առավոտյան, վերջին քսան տարվա մեջ, Թաթուլը որոշեց մոշուտ չգնալ, անգամ խնդրեց Գևորգին հետ կանգնել այդ մտքից ու սկսեց խոսեցնել երիտասարդին ՄԱԿ-ի, դրամաշնորհի ու պելետի մասին…. Երիտասարդը հատիկ-հատիկ բացատրեց ամեն բան ու խոստացավ Թաթուլի համաձայնության դեպքում մինչև ձմեռ գործը գլուխ բերել…. Թաթուլն առաջին անգամ անհավատալի, չտեսած բանի հանդեպ որոշեց հավատ տածել ու տվեց իր համաձայնությունը, իսկ Գևորգի ու ընկերոջ հեռանալուց հետո արգելեց կնոջն այդ գաղտնի խոսակցության մասին պատմել որևէ մեկին, հատկապես գյուղապետ Կարոյին:

Սեպտեմբերի կեսերն էր: Թաթուլը որոշեց գնալ Կուրթան՝ մոշի վաճառքից մնացած պարտքերը հավաքելու: Կարոյի խանութին աղջկա դպրոցական պայուսակի ու մի քանի մանր-մունր գնումների պարտք ուներ: Նոր էր հասել Կուրթան, երբ կինը զանգեց, թե Գևորգն ու ՄԱԿ-ի տղեն եկել են, հետներն էլ մի մեծ սարք: Թաթուլը պարտապան չորս տներից միայն մեկի տունը մտավ, փող չտվին, հետո արագ վերադարձավ Անտառամուտ: Սկզբում մտավ Կարոյի խանութ, իր պարտքի ցուցակին ավելացրեց մեկ հատ կանադական նրբերշիկ, մեկ հատ անհայտ ծագման օղի, ուզում էր գարեջուր էլ առնել, բայց Կարոյի գործակատար կինը չթողեց, ասելով.

         - Ձեր տուն եկողները տաս հատ արդեն տարել են. հերիք չի՞…..

Երբ Թաթուլը տուն հասավ, հյուրերն արդեն սարքն իջեցրել էին բեռնատարից ու գարեջուր էին խմում: Գևորգին գրկախառնվելուց հետո նոր միայն նկատեց, որ ՄԱԿ-ի տղուց բացի ևս երկու անծանոթ մարդիկ կան՝ մեկը բեռնատարի վարորդն էր,մյուս գանգուր մազերով մի աղջիկ:

        - Սա էլ ՄԱԿ-ի աղջիկն է՝ Սվետը. էս ծրագրի համակարգողը ինքն է,- ծանոթացրեց Գևորգը:

Սվետը ժպտաց Թաթուլին ու շնորհավորեց պելետի դրամաշնորհը շահելու համար, հետո սկսեց բացատրել այդ գործի առավելության ու մայր բնությունը խնայելու կարևորության մասին: Թաթուլը նրան գրեթե չէր լսում, նույնիսկ ամոթխած պատանու նման քաշվում էր դեմքին նայել, բայց Սվետի ձայնն անվերջ կարկաչում էր Անտառամուտի Թռչկանի նման ու նա Թաթուլին ծանոթացնում էր ինչ-որ թղթերի հետ, տող առ տող կարդում դրանք, բացատրում, հետո համապատասխան վայրերում ստորագրել տալիս: Վերջում էլ ասաց, որ պարբերաբար կայցելեն գործի ընթացքին հետևելու համար ու խնդրեց՝ հարցերի դեպքում անպայման զանգել: Մայրամուտի հետ Սվետն ու ՄԱԿ-ի տղեն հեռացան, իսկ Գևորգն ու բեռնատարի վարորդը մնացին:

Հաջորդ օրը Գևորգը Թաթուլին սովորեցրեց, թե սարքն ինչպես է աշխատում ու ինչ պետք է անել արտադրության ողջ ընթացքը լավ կազմակերպելու համար: Ընդունակ աշակերտի նման Թաթուլն այդ ամենին սկսեց հեշտությամբ տիրապետել ու երբ Գևորգը գնաց, ոգևորությունից քիչ էր մնում ամբողջ գիշեր արթուն մնար ու պելետ արտադրեր:

Այսպես անտառամուտցի աշխատավոր Թաթուլը մեկ օրում դարձավ գյուղի միակ ձեռնարկատիրության տերն ու սկսեց մտածել ժամանակի ընթացքում բիզնեսն ընդարձակելու մասին: Իր տան ձմռան պելետի պաշարը ապահովելուց հետո, նա սկսեց ընդունել պատվերներ: Գյուղում ով հին դեզ ուներ, որ կովերի համար չէր օգտագործելու, Թաթուլն առավ, բայց առաջին տարվա համար, միևնույնն է, հումքը քիչ էր: «Ոչինչ, մյուս տարի բանվոր կբռնեմ ու տղերացը կասեմ սարի սալոմը մեր տուն բերեն»,- մտածում էր Թաթուլն ու ամեն օր կնոջը հանձնարարում գյուղում գովազդել իր ապրանքը: Ով չէր հավատում նորահայտ վառելիքի գյուտին, Թաթուլը փոքրիկ մի տոպրակ ուղարկում էր, որ վառեն ու փորձեն: Արտադրամասի հիմնումից մեկ տարի հետո Թաթուլն արդեն հայտնի գործարար էր, նրա պելետով հետաքրքրված էին հարևան բոլոր գյուղերում: Առաջին մեծածախ պատվերը տվեց մոշի կուրթանեցի կլիենտներից մեկը: Այդ ձմեռը բավականին սաստիկ էր, բայց չնայած առատ ձյանը, ՄԱԿ-ի Սվետը մի եվրոպացու հետ, որ խոսում էր Թաթուլի համար անհասկանալի լեզվով, եկավ Անտառամուտ: Նրանք հետևեցին արտադրամասի աշխատանքին, իրենց թղթերում գրանցումներ արեցին ու շատ գովեցին Թաթուլի աշխատասիրությունը: Թաթուլը կնոջը պատվիրեց եվրոպացուն մի շիշ դամբուլի օղի նվիրել, իսկ Սվետի հարցում այդպես էլ չկողմնորոշվեց. «Ամառ էլ չի, վազ տամ հանդը, մի փունջ ծաղիկ քաղեմ…»,- մտածեց Թաթուլը: Վիճակը փոքր-ինչ փրկեց կինը՝ Սվետին նվիրելով երկու բանկա մոշի մուրաբա….

Արթուր Մկրտչյան