Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, իր խոսքն է հղել Մարտի 8-ի առթիվ:
«Տոնական բոլոր օրերին ծանր է ինձ համար սոցիալական ցանցեր մտնելը։ Ծանր է, քանի որ այս օրերին ավելի ցայտուն և տեսանելի է դառնում հերոսների մամաների, քույրիկների, կանանց, դուստրերի տառապանքն ու վիշտը։
Այնպես որ, կանանց շնորհավորող գործող պաշտոնյաներ, բարձր ու ցածր պաշտոն զբաղեցնողներ, հայ մայրերին շնորհավորելուց առաջ հիշեք, որ այսօր իրենց մայրերին ու քույրերին, կանանց ու դուստրերին պետք է շնորհավորեին Մխիթարը, Սարոն, Իշխանն ու Կամոն, Արգամն ու Ալեքսը, Գևորգն ու Գոռը, Դավիթն ու էրիկը, Դավիթն ու Արան, Շաքարյանն ու Թաթուլը, Անդրեասն ու Կարենը, Վարդանն ու Արամը, Շանթն ու Սուրենը, Դավիթն ու Աբգարս ու այսպես հազարավոր տղերք։
Այսօր նրանց մայրերն ու քույրերը, կանայք ու դուստրերը, հորաքույրներն ու մորաքույրները, տատիկները դեռ սպասում են, պատկերացնո՞ւմ եք, դեռ սպասում են, որ տան դուռը բացվելու է և հերոսները ժպիտները դեմքերին, ծաղիկները ձեռքներին տուն են մտնելու կամ գոնե զանգելու են ու ասեն՝ շնորհավոր։
Հիմա կասեք, հերթական անգամ կասեք մենք ենք մեղավո՞ր պատերազմը սկսելու մեջ։ Կրկնում եմ՝ դուք չեք մեղավոր, բայց դուք մեղավոր եք ձեր քայլերով, գործողություններով, հայտարարություններով պատերազմը չկանխելու, մեր երկիր արյուն ու ողբերգություն բերելու մեջ։ Դուք կարող էիք կանխել պատերազմը, բայց չեք կանխել։
Իսկ դուք, հերոսների մայրեր, վստահ եղեք, որ այսօր ձեզ շնորհավորում են ձեր որդիները, ամուսինները, եղբայրները եև հայրերը։ Ապրեք գլուխներդ բարձր», - նշել է Նազարյանը: