կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 12:25
Քաղաքական

ԹԱԹՈՒԼԸ. Գ.Գրիգորյան

ԹԱԹՈՒԼԸ.  Գ.Գրիգորյան

1990 թվի նոյեմբերի 30-նն էր: Ադրբեջանցիները հարձակվել էին Մարտունաշենի վրա, թեժ կռիվ էր: Ես Երևանից մեկնել էի Գետաշեն և աշխատում էի հիվանդանոցում, գլխավոր բժիշկ Սարգիս Հակոբքյոխվյանի հետ: Վիրավորներին օգնություն էինք կազմակերպում, երբ հիվանդանոց բերեցին գերի ընկած մի ադրբեջանցի ՕՄՈՆ-ականի, որը նույնպես վիրավոր էր: Նրան վիրահատեցի ու երբ դուրս եկա վիրահատարանից, Սարգիսը մոտեցավ ինձ և հարցրեց, թե ի՞նչ է լինելու այս գերու ճակատագիրը:

 

-Վիրավորը մնում է վիրավոր, պատասխանեցի, -նա օգնության կարիք ունի:

-Ասում են, նրան ուզում են գնդակահարել:

-Ո՞վ է ուզում,- հարցրեցի:

-Թաթուլը, -պատասխանեց Հակոբքյոխվյանը:

-Թաթուլն ո՞վ է,- զարմացա ես ու շրջվեցի խմբված գյուղացիների կողմը:

 

Նա տարբերվում էր մնացյալից իր փառահեղ արտաքինով: Կան մարդիկ, որոնք առաջին իսկ հայացքից իրենց վրա են բևեռում շրջապատի ուշադրությունը: Հաստատուն դիրքով կանգնած էր մի թիկնեղ երիտասարդ՝ ֆիդայական փառահեղ բեղերով ու թավ մազերով, կրքոտ աչքերի ծակող հայացքով, իր վարքն ու բարքը գնահատող մարդու արժանապատվությամբ, ոտքից գլուխ զինված, առինքնող իր այրական գեղեցկությամբ. Մի անմեկնելի հմայք էր ճառագում նրանից: Թաթուլն էր… Հազարների մեջ կարելի էր նրան տարբերել, թեև ոչ լսելի էի նրա մասին, ոչ էլ առավել ևս տեսել երբևէ:

 

Մի պահ զննեցինք իրար ու մոտեցանք, նա պարզեց աջն, ու սեղմելով այն՝ միանգամից ջերմություն զգացի այդ ձեռքսեղմումից: Ամուր էր նրա դաստակը ու վստահելի: Թևանցուկ արեցի Թաթուլին ու առաջնորդեցի միջանցքի մյուս ծայրը:

-Արի մի քիչ զրուցենք, իրար հասկանանք:

-Զրուցենք,- համաձայնեց նա:

-Ճի՞շտ է, որ գերուն ուզում ես գնդակահարել,- հարցրեցի ես:

 

Թաթուլի հոնքերը կեռվեցին ու զարմացած ինձ նայեց:

 

-Ո՞վ է քեզ նման բան ասել,- աչքերը փայլում էին,- գերին դեռ պետք է խոսի: Նրան վերացնելը գործին օգուտ չի բերի:

-Բավարարված եմ, - ժպտացի ես,- այդ դեպքում պայմանավորվեցինք, որ բուժումը շարունակենք այստեղ, մինչև կազդուրվելը, հետո նա ձեր տրամադրության տակ կլինի:

-Եղա’վ,- ասաց նա,- բայց գլխով պատասխան ես տալու նրա համար:

 

Ու հեռացավ դեպի գիշերվա թոհուբոհը:

 

Կեսգիշերն անց գյուղի ղեկավարներից մի քանիսը ներկայացան ու պահանջեցին գերուն: Ես ասացի, որ Թաթուլին խոստացել եմ ապահովել նրա անվտանգությունը: Բայց ինձ համաստիացրին, որ իրենք իրադրության տերն են, որ հարցը համաձայնեցված է Թաթուլի հետ: Գրեթե ոչ ոքի չէի ճանաչում, մանավանդ պատերազմական դրություն էր, շրջափակում, մտածեցի, որ ամեն մարդ իր գործով է զբաղված: Բայց չէր անցել երկու ժամ, երբ միջանցքից լսվեց Թաթուլի գոռգոռոցը: Բուժքույրն ու հիվանդները շվարած կանգնել էին պատի տակ: Նա պաշտպանական դիրքից էր եկել:

 

- Ո՞ւր է թուրքը, գոռում էր Թաթուլը:

 

Դուրս եկա միջանցք, ինձ տեսնելով նա բորբոքված առաջացավ ու նույն տոնով պահանջեց գերուն: Փորձեցի բացատրել, որ գյուղի ղեկավարներն են տարել նրան, նա անդրդվելի էր:

 

-Դու ինձ խոսք էիր տվել, որ հիվանդանոցում կմնա գերին: Ո՞ւր է նա:

 

Թաթուլը ճիշտ էր, ես ակամայից դրժել էի խոստումս, չմտածելով, որ տարբեր ուժեր են գործում Գետաշենում, տարբեր էր նրանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ, ու եթե մի քիչ ծանոթ լինեի իրավիճակին, ինքս կգերադասեի պահակ կանգնել այդ ադրբեջանցու գլխին, ու չէր կատարվի թյուրիմացությունը:

 

-Առավոտյան գնդակահարելու եմ երեքիդ էլ,- գոչեց նա,- գյուղխորհրդի նախագահին, գլխավոր բժշկին ու քեզ:

-Էլ ինչո՞ւ ես սպասում առավոտը բացվելուն, հիմա գնդակահարիր,- կուրծքս մերկացնելով` պոռթկացի ես,- քեզ բացատրում եմ, թե ինչպես է կատարվել դեպքը, իսկ հավատալ կամ չհավատալ թողնում եմ քո խղճին:

 

Թաթուլը փնչացրեց ու դուրս եկավ հիվանդանոցից: Ադրբեջանցուն նա, իհարկե, գտել էր ու հարցաքննել: Հետո նրան վերադարձրել էին յուրայիններին, փոխանակել էին, թե ինչ, այդպես էլ չիմացա: Միայն գիտեի, որ կենդանի է ՕՄՈՆ-ականը: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչո՞ւ էին գյուղի ղեկավարները ինքնակամ որոշում կայացրել ու տարել գերուն:

 

Թաթուլը Գետաշենի ինքնապաշտպանության կազմակերպիչն էր ու առաջնորդը, թեև գյուղում գործում էին տարբեր միավորումներ իրենց հրամանատարներով: «Արաբո» ջոկատը Մարտունաշենի դիրքերում էր, Գետաշենում՝ «Ալաշկերտն» էր Հրազդանից, Վահան Զատիկյանը՝ «Մալաթիա» ջոկատի հետ, Ռազմիկը` Արթիկից: Բոլորի գերխնդիրը գյուղերի պաշտպանությունն էր: Նրա հետ հաշվի էին նստում ամեն հարցում: Իր կարծիքը հայտնում էր ուղղակի և վերջնական շեշտով: Որոշ մարդկանց դուր չէին գալիս նրա կտրուկ ու առարկություն չընդունող դատողությունները, բայց Թաթուլը հմայիչ էր իր ազնվության ու անկողմնակալության մեջ: Նա առաջնորդ էր մինչև ուղն ու ծուծը, մարդը, որը իր մեջ էր պարփակում ազգի հպարտ ոգին, ու թեև ինչ-որ տեղ ուներ հաստակողություն, դա ևս նրա անկրկնելի անհատականության խտացումն էր, բայց ոչ երբեք թերությունը:

 

Մարտերը դադարեցին, գյուղը համեմատաբար խաղաղվել էր: Երբ Հայաստանից մանուկների համար Ամանորի նվերներ էին ուղարկել, դպրոցի աշակերտները դիմեցին նրան.

 

-Ընկեր Թաթուլ, դու բաժանիր նվերները, որ բոլորն ստանան:

 

Ստացվեց այնպես, որ նվերները քիչ էին, բոլորին չէին բավարարում: Թաթուլը դիմել էր սովխոզի դիրեկտորին՝ խնդրելով գումար հատկացնել երեխաների համար, բայց մերժում էր ստացել: Նա իր դրամն էր տվել, գյուղի խանութի աղքատիկ տեսականուց ընտրություն կատարել, ու ոչ մի մանուկ չմնաց առանց նվերի: Նայելով նրանց երջանիկ աչքերին` հասկանում էիր, թե ի~նչ է նշանակում նրանց համար Թաթուլը: Չէ՞ որ բոլոր աշակերտները նվերներ ստացան: Անգամ այն դպրոցականները, որոնց չէր դասավանդում Թաթուլը, նրան հպարտությամբ իրենց ուսուցիչն էին համարում: Աշակերտներին հայրենասիրական երգեր էր սովորեցնում ու Գետաշենի եկեղեցու բակում Ամանորի առիթով տոնախմբությունը Թաթուլն էր կազմակերպել: Երգում ու պարում էին այնպիսի ոգևորությամբ, որ նման ոգեղեն պոռթկում, մեղք է ասելը, բայց չէի տեսել Հայաստանում: Անհնար էր Թաթուլի հետ շփվել ու չվարակվել նրա ոգու ճախրանքով: Ինքը հոյակապ պարում էր ու երգում, բանաստեղծում ու երգեր հորինում: Բնությունը շռայլորեն օժտել էր նրան, ու զուլալ բյուրեղի նման զայրանում էր Թաթուլը` իր շուրջը արարելով սեր ու հավատք: Կրոնի պատմություն էր դասավանդում դպրոցում, հասցնում էր օր ու գիշեր ղեկավարել գյուղի ինքնապաշտպանությունը, լինել Մարտունաշենում, ընթացքում տարբեր հարցեր լուծել, Ռուբեն կարդալ, դաշնակցության գաղափարները տարածել գյուղում, մասնակցել բոլոր կռիվներին… Հիրավի աստվածատուր էր նրա տաղանդը: Երեխաները նրա սովորեցրած երգերն էին երգում, մեծերի խոսք ու զրույցի մեջ հոլովվում էր նրա անունը, ու երբ երևում էր գյուղամիջում՝ բեղերի տակ գողտրիկ ժպտալով, ասես նահանջում էին բոլոր տխուր մտքերը, ու հույս էր ճառագում իր ներկայությամբ:

 

- Լա~վ կինի,- Գետաշենի բարբառով սիրում էր կրկնել Թաթուլը: Եվ ահել ու ջահել օրհնանք էին շշնջում նրա ետևից:

 

Մենք հաճախ էինք հանդիպում, ծանոթության անհեթեթ միջադեպը անցյալ էր դարձել ու անկեղծորեն հպարտ էի նրա հետ մտերիմ լինելու համար: Հիվանդացել էր: Արթուր Կարապետյանը՝ նրա հավատարիմ ընկերն ու զինակիցը, հայտնեց ինձ այդ լուրը ու խնդրեց, որ գյուղում չիմանան այդ մասին: Չէր ուզում, որ գյուղում լսեն Թաթուլի հիվանդության մասին: Գնացի այցելության: Մրսած էր, լուրջ բան չկար, խորհուրդներ տվեցի, հաբեր նշանակեցի՝ ապսպրելով, որ անպայման օգտագործի:

 

-Ի՞նչ կլինի, եթե դեղերը չխմեմ,- խորամանկ ժպտալով` ինձ դիմեց նա:

- Բայց եթե կարելի է կանխել բարդությունները, ինչո՞ւ չանել այդ,- փորձեցի համոզել, թեև զգում էի, որ թեթևամիտ է գտնվելու բուժման հարցում:

 

Հաջորդ օրը, երբ գնացի այցելության, Թաթուլը պաշտպանական դիրքերն էր գնացել` առավոտյան, ինչպես միշտ, մինչև գոտկատեղը լվացվելով աղբյուրի սառը ջրով: Սպասեցի, մինչև վերադարձավ, բժշկի իմ իրավունքով փորձեցի կարգի բերել իմ հիվանդին, բայց նա միայն ծիծաղեց.

-Լա~վ կինի…

 

Արմենը՝ վարորդը, ինձ տեսավ գյուղում, ասաց, որ Թաթուլն արդեն առողջ է, այցելելու կարիք չկա: Եվս մեկ-երկու անգամ հանդիպեցինք գյուղում այդ օրերին: Թաթուլը սկսել էր հազալ, բայց այդպես էլ լուրջ չէր վերաբերվում իր առողջությանը: Դա ինձ անհանգստացնում էր: Անասելի չեմ սիրում, երբ չեն կատարում բժշկի խորհուրդները: Դա գրեթե միշտ բերում է անցանկալի բարդությունների ու քեզ մեղավոր ես զգում, որ չես կարողացել հաղթել հիվանդությանը: Իմ հորդորները պատշաճ լրջությամբ չէին ընդունվում, ու Թաթուլը արդարացնում էր իրեն նրանով, որ չի սիրում հաբեր ընդունել և մանավանդ պառկել անկողնում: Բայց հիվանդությունը գնալով բարդացավ, ու Թաթուլն անկողին ընկավ: Պառկած էր գյուղի ռադիստուհու՝ Լենա մայրիկի տանը, որի ամբողջ ընտանիքը խնամում էր հիվանդին ու օգնում ապաքինմանը: Թաթուլը երկկողմանի թոքաբորբ էր տանում, աչքերի տենդագին փայլը տեսնելով` սիրտս ճմլվում էր, բայց նա տոկուն էր և այդ վիճակում անգամ ղեկավարում էր գյուղի ինքնապաշտպանությունը: Օրական երկու-երեք անգամ բարձրանում էի գյուղի բարձունքը՝ «Դուզը», ուր Լենա մայրիկի տունն էր, իսկ հանդիպակաց տանը՝ Թաթուլի ջոկատի շտաբը: Կատարում էի ներարկումները (որոնք Թաթուլի սրտով չէին, իհարկե), բուժական այլ գործողություններ: Օր օրի բարելավվում էր հիվանդի վիճակը: Անկողնում անգամ չէր բաժանվում ատրճանակից, չորս կողմ գրքեր էին, ու տեսնելով նրա եռանդը` ակնածանք էի զգում այդ հզոր անհատականության հանդեպ:

 

Երբ կազդուրվեց այնքան, որ կարող էր երկար խոսել առանց հևոցի, գյուղի ֆիդայիները, որոնք հարում էին դաշնակցությանը, հավաքվում էին Թաթուլի մոտ ու զրուցում: Մարդիկ կարոտ էին կենարար ուժի՝ իմաստավորելու համար իրենց գոյապայքարը: Բայց նաև վիճել գիտեր ու անսասան իր համոզմունքների մեջ՝ նա մի քայլ անգամ չէր նահանջում իր դիրքերից, մանավանդ, երբ հարցը վերաբերում էր Գետաշենի պայքարին:

 

-Ով չի ուզում, թող հեռանա, մենք կպահենք այս գյուղը:

 

Ցավոք, հեռացողներ լինում էին, ուստի ֆիդայիները ուղղաթիռային հրապարակում մշտապես հերթապահում էին՝ կանխելով գյուղի տղամարդկանց արտահոսքը: Դեռ լրիվ չապաքինված՝ անցավ եռանդուն գործունեության՝ դպրոց, մարտական դիրքեր, գիշերային ստուգումներ ու առավոտյան կրկին դպրոց՝ իր մանուկների մոտ: Հանդիպում էինք գյուղում, առաջվա նման ամուր էր ու եթե մտախոհ էր, միանգամից չէր բացվում, ասես խմորում էր իր մեջ մտքերը, ներքուստ կռվում ու համաձայնում իր հետ, ապա պոռթկում էր այնպես, ասես հրաբուխ էր ժայթքել:

 

Խորհրդային զորքերը Մարտունաշենի մատույցներում գերի էին վերցրել երկու ֆիդայու: Այդ լսելով` Թաթուլը խիստ զայրացավ, րոպեների ընթացքում կազմակերպեց ջոկատների շարժընթացը, անտեսանելի ձևով շրջապատեց դեսանտայիններին, ու ինքը սպիտակ դրոշը ձեռքին՝ ընդառաջ գնաց՝ իբր բանակցությունների: Մնացածը կատարվեց այնքան գեղեցիկ ու ճկուն, որ այսօր էլ թվում է, թե հեքիաթ էր, ոչ իրականություն: Մոտենալով զինվորականներին` Թաթուլը թևանցում արած մի կողմ տարավ հրամանատարին, ապա, կայծակնային արագությամբ դուրս քաշելով նռնակի օղակը, սպառնաց պայթեցնել բոլորին, եթե ազատ չարձակեն գերի վերցված ֆիդայինները: «Կարմիր բերետավորները», կարկամած ու հանկարծակիի եկած նման քայլից, անկարող եղան որևէ քայլ անել իրենց հրամանատարին ազատելու համար: Անմիջապես ազատ արձակեցին ֆիդայիներին, ու վերադարձվեց բռնագրավված զենքը: Դեսանտայինները, ստանալով իրենց հրամանատարին, հեռացան, խոստանալով հանգիստ թողնել հայերին:

 

Բայց նրանք ուխտադրուժ գտնվեցին ու մեծ ուժերով շրջափակեցին Գետաշենը` պահանջելով զինաթափ լինել բոլորին, հանձնել գյուղում եղած զենքը, գնդացիրը, որը արդեն տեսել էին ֆիդայիների մոտ: Դրությունը ծանր էր, գյուղի ղեկավարները, մյուս ջոկատների տղաները հավաքվել էին գյուղամիջում ու որոշում էին փոխզիջման գնալ՝ որոշակի քանակի զենք հանձնել: Մոտեցավ Թաթուլը՝ ավտոմատը ուսին: Նրան հայտնեցին որոշումը: Լռեց մի պահ, նայեց հավաքվածներին ու պայթեց.

 

-Ես իմ տղաների արյան գնով զենք եմ ճարում, զինում մարդկանց, որ ամեն փսլնքոտի առաջին իսկ պահանջով հանձնե՞մ…Մի ժանգոտած հրացան էլ չեմ տա: Թող գան վերցնեն, եթե կարող են:

-Բայց, Թաթուլ,- փորձեց հանգստացնել նրան Հրանտը՝ գյուղխորհրդի նախագահը,- զորքի դեմ կարելի՞ է կռվել:

-Կարելի’ է, եթե պետք է, խորհրդային զորքի դեմ էլ կկռվենք, մեզանից լավը չեն: Նրանք ո’վ են, որ ես զենք հանձնեմ:

 

Թաթո~ւլ, Թաթո~ւլ, ինչքա~ն հեռատես էիր, ինչպե՞ս կարողացար հաղթահարել այդ ծանր պատնեշը, դուրս գալ բոլորին ճնշող կաղապարից ու համարձակորեն հայտարարել, որ խորհրդային զորքի դեմ կարելի’ է և պե’տք է կռվել: Այն ժամանակ դա սրբապղծության նման մի բան էր թվում: Դեռ մենք հավատում էինք, թե նրանք արդար դիրք են գրավում: Թաթուլն այդպես էլ իր ջոկատից զենք չհանձնեց, մյուսները հավաքել էին մի քանի ինքնաշեն նռնակ ու շարքից դուրս եկած հրացան, հանձնել էին զորքին, որը ժամանակավորապես հեռացավ: Հիվանդանոցում Թաթուլը մի որոշ ժամանակ թաքնվեց, քանի որ զինվորականների մտքով անցել էր նաև նրան պահանջել: Հայտնեցին, որ նա հեռացել է գյուղից… Հիվանդանոցը կասկածից դուրս էր, այնտեղ ստուգումներ չկատարեցին: Թաթուլի և գլխավոր բժշկի հետ խորհրդակցելով՝ որոշեցինք զինամթերքը տեղափոխել հիվանդանոց: Գիշերը Արթուրի, Թաթուլի, Սմբատի ու Տիգրանի հետ մի քանի ուղերթ կատարեցինք նրանց շտաբից մինչև հիվանդանոց ու պահեստավորեցինք զենք ու զինամթերքը: Խորհրդային սպաներն ու զինվորները, որ հիվանդանոց էին գալիս բուժվելու, շատ կզարմանային, եթե տեղյակ լինեին, թե ինչեր կան հարևան հիվանդասենյակում:

 

Հիվանդանոցի սենյակներից մեկում ես էի ապրում: Թաթուլը ինձ էր վստահում իր ատրճանակը, երբ գյուղ էր մտնում խորհրդային զորքերի հերթական խումբն ու սկսում ընտրովի ստուգել այս կամ այն շենքը, պատահական մարդկանց: Ոչ ոքի չէր հանձնում միայն նռնակը, որը բոլոր պարագաներում կրում էր, ու թերևս նախատեսված էր վերջին պահի համար: Խորհում էր «Գթություն» դեղատուն բացել գյուղում, արդեն նախնական պայմանավորվածություն ուներ Երևանի հետ և գյուղացիների միջից փորձում էր գտնել վստահելի մի անձ, որը ազնվորեն կկատարեր այդ առաքելությունը: Հաճախ էր հիշում դստերը և շշնջում էր.

 

-Ասպրամիս եմ կարոտել:

 

Երեխան մեկ տարեկան էր դարձել, 1991 թ. փետրվարի քսանն էր, Կամոյից բժիշկներ էին ժամանել Գետաշեն մի քանի օրով, ու Թաթուլը երեխայի ծննդյան օրվա առթիվ մեզ հրավիրել էր: Երեկոյան, երբ պատրաստվում էինք բարձրանալ դեպի «Դուզը», մի հիվանդ բերեցին, որին հարկ էր վիրահատել: Ես այդպես էլ չկարողացա մասնակցել Ասպրամի ծննդյան տարեդարձին: Ու ի~նչ ճակատագիր էր դա, երբ հայրը ամիսներով չէր տեսնում իր զավակին ու նրա ծննդյան օրը նշում էր առանց գրկին ունենալու նրան… Ուշ երեկոյան, երբ տղաները վերադարձան հիվանդանոց, ուր ապրում էինք, պատմում էին այդ հետաքրքիր հանդիպման մասին: Գերվել էին Թաթուլի հմայքով՝ երգել էր, պարել, ուրախացել ու, ճանապարհ դնելով հյուրերին, երևի թե կրկին գնացել էր դիրքերը:

 

Մի օր հիվանդանոց հասցրեցին Արթուր Կարապետյանին` Թաթուլի հավատարիմ զինակցին: Թևից վիրավոր էր, բարեբախտաբար ոսկրերը չէին վնասվել, և բուժումն ընթանում էր հարթ: Սակայն Թաթուլը պահանջում էր Երևան ուղարկել Արթուրին: Ես բացատրեցի, որ վերքը վտանգավոր չէ: Թաթուլը մի կողմ տարավ ինձ.

 

-Հավատում եմ քեզ, բայց ուզում եմ, որ Արթուրը տուն մեկնի, հարազատների հետ լինի մի քանի օր:

 

Արթուրին ուղղաթիռով ուղարկեցինք Երևան: Հարազատներին ասել էր, որ վայր է ընկել ու վնասել ձեռքը: Դա նրա վերջին այցելությունն էր Երևան… Թաթուլն Արթուրին շատ էր սիրում, գիշեր ու ցերեկ միասին էին: Մի՞թե կանխազգում էր… Վերջին անգամ Թաթուլին ողջ տեսա մարտի 17-ին: Նա մի քանի օր առաջ Երևան էր մեկնել ինչ-որ գործերով ու վերադարձել: Ես նույն ուղղաթիռով պետք է վերադառնայի Երևան՝ ամիսների բացակայությունից հետո: Գետաշեն էի ժամանել աշնանը, հիմա արդեն գարուն էր: Ուղղաթիռի մոտ զրուցեցինք, անգամ ժամանակ չէի ունեցել Երևանում հետազոտվելու, ինձ անհանգստացնում էր կրած թոքաբորբը: Նա ասաց, որ վիճակը Գետաշենում ծանր է, պայքարի վերջը չի երևում: Գրկեցինք իրար:

 

-Սպասում եմ քո վերադարձին,-ասաց նա:

-Քեզ հետևի’ր,-խեղդվելով հուզմունքից՝ պատասխանեցի ես,- դու մեր ազգին դեռ շատ ես հարկավոր:

 

Արագ քայլերով մոտեցավ գյուղացիներին, որոնք անհամբեր իրեն էին սպասում: Ինձ փոխարինելու եկավ Վալերի Խաչատրյանը, ես ժամանակավորապես վերադարձա Երևան:

 

Սա էր իմ ճանաչած Թաթուլը. մեծին հետ մեծ, փոքրի հետ՝ փոքր, կյանքը նվիրած իր ծննդավայր Արեգից այնքա~ն հեռու Գետաշենին: Հսկայի նման իր վրա էր վերցրել պատասխանատվությունը՝ պայքարել գյուղի ազատության համար, ֆիդայիների ձեռքով վերականգնված եկեղեցու անաղարտության համար, մանուկների ժպիտի ու նրանց հոգում սերմանած հավատի համար: Երևան վերադառնալուց հազիվ մեկ ամիս էր անցել, երբ տարածվեց Գետաշենի շրջապատման ու հրետակոծության լուրը: Ես այս ու այն կողմ էի ընկնում՝ հնարավորություն փնտրելով Գետաշեն հասնելու համար, քանի որ ուղղաթիռներն այլևս ուղևորներ չէին տեղափոխում:

 

Մայիսի 2-ին ինձ օգնեցին «Էրեբունի» օդանավակայանի թռիչքահրապարակ անցնել, երկու ռազմական չվերթ պետք է կատարվեր: Մի կերպ կարողացա սողոսկել այդ ուղղաթիռներից մեկն ու թաքնվել դագաղների ու ալյուրի պարկերի ետևում: Արդեն լսել էի Թաթուլի, Արթուրի զոհվելու մասին, բայց չէի հավատում, հրաշքի էի սպասում` մտածելով, թե թյուրիմացաբար սխալ լուր են հաղորդել: Հուսով էի հանդիպել նրանց: Ուղղաթիռը վայրէջք կատարեց Շահումյանում, Գետաշենից ոչ մի նորություն չկար, միայն լուր տարածվեց, որ Իգոր Մուրադյանը կարողացել է այնտեղից զրահամեքենաներով դուրս բերել զոհված տղաների մարմինները: Անտանելի եղանակ էր՝ ցուրտ էր, ցեխ ու անձրև, երկինքը գորշ ու ճնշող, ինչպես այդ ծանր բոթը: Մարդիկ ժամերով կանգնել էին դրսում ու հայացքները ճանապարհի կեռմանին սպասում էին` դեմքերի վրայից սրբելով անձրևի կաթիլներ: Ու երբ երևաց զրահամեքենան, բոլորը մղվեցին դեպի այն: Մի սարսափելի ողբ սկսվեց: Ես ճանաչեցի Թաթուլի վանդակավոր վերարկուն, ու պատրանքները չքվեցին… Անսասան այդ հերոսը անշարժ պառկած էր զրահամեքենայի վրա, անտարբեր շրջապատի թոհ ու բոհին, թերևս առաջին անգամ անօգնական՝ ապավինելով ուիշներին: «Ալաշկերտ» ջոկատի Աբելը, Մանվելը, Արեգը նույնպես այնտեղ էին, իջեցրինք Թաթուլի, Արթուրի մարմինները ու ձեռքներիս վրա տեղափոխեցինք հիվանդանոցի ինչ-որ մասնաշենք: Նրանց դեմքերին անդորր էր, ու հավերժության կնիքն էր իջել այդ վեհության վրա: Զոհվել էին նաև Հրաչը` «Ալաշկերտ» ջոկատից, «Արաբոյի» սյուներից մեկը՝ «Դեդը», գետաշենցի Վալերիկ Նազարյանը: Այլևս ո՞ւմ վրա պետք է հույս դներ գետաշենցին… Նրանց մարմինները ուղարկեցին Երևան:

 

Ահա, թե ինչ էր կատարվել Գետաշենում այդ ճակատագրական օրերին: 1991 թ. ապրիլի 30-ին «փառապանծ» խորհրդային բանակը իր ամբողջ հզորությամբ հռչակեց տխրահռչակ «Օղակ» գործողությունը, որը նպատակ ուներ հայաթափ անել Մարտունաշեն, Գետաշեն գյուղերը: Ադրբեջանական ՕՄՈՆ-ականները, շնագայլերի նման խառնված զորքերին, մտան Գետաշեն: Գյուղը պաշարված էր, հրետակոծվում էր տանկերից և հրանոթներից, օդում պտտվում էին ուղղաթիռները: Տանկերը սողոսկեցին գյուղ, նրանցից մեկի մեջ գնդապետ Մաշկովն էր՝ «Օղակ» գործողության հրամանատարը:

 

Թաթուլն իր տղաների հետ կարողանում է մոտենալ տանկերին, ապա մագլցում է աշտարակի վրա ու Մաշկովի օձիքից բռնած դուրս քաշում տանկից: Մի ձեռքին օղակը քաշած նռնակը, նա գերի է վերցնում նաև տանկի անձնակազմին: Թաթուլը պահանջում է գնդապետից՝ հրաման տալ ՕՄՈՆ-ականներին՝ գյուղից հեռանալ: Գնդապետին այլ բան չի մնում անել, քան ենթարկվել ֆիդայուն: Հրաչ Դանիելյանն ու Արթուր Կարապետյանը լինում են Թաթուլի կողքին: Ու երբ ՕՄՈՆ-ականները սկսում են նահանջել, ինչ-որ մեկը, ըստ երևույթին ծանոթ լինելով գյուղին, շրջանցում է շենքն ու անցնելով տղաների թիկունքը, ավտոմատի կրակահերթով սպանում է նրանց: Թաթուլն ընկնելով բաց է թողնում նռնակ օղակը, բայց ինչ-որ հրաշքով Մաշկովը կենդանի է մնում ու, անցնելով զորքի մեջ, նրանց հետ փախչում է:

 

Ադրբեջանցիներն, արդեն գոտեպնդված, մոտենում են սպանվածներին, նրանց իսկ զենքով մինչև վերջին փամփուշտը կրակում տղաների վրա: Ասես կարելի էր երկու անգամ սպանել հերոսներին… Այսպես Թաթուլը իր մահով փրկում է ամբողջ գյուղը սպանդից, քանի որ այդ ժամանակ բավական էր` արձակվեր մի գնդակ գետաշենցիների կողմից, և սրի կմատնեին բոլորին: Մինչ այդ կացնահարել էին, գնդակահարել, բռնաբարել տասնյակ խաղաղ բնակիչների: Տղաների սպանությամբ ասես սթափվելով իրենց կատարածից, զորքն ու ՕՄՈՆ-ականները վերջապես հեռացան գյուղից: Բայց «Օղակ» գործողության փաստաթղթերը Թաթուլը հասցրել էր հանել Մաշկովի գրպանից, ու աշխարհն իմացավ այդ խայտառակ ծածկագրերի բովանդակությունը:

 

Տղաների մարմիններին հրաժեշտ տալուց հետո ֆիդայիների հետ գիշերը ձիերով կարողացանք Շահումյանից անցնել Գետաշեն: Այնտեղ մնացի մինչև վերջին գետաշենցին տեղահանվեց խորհրդային բանակի օգնությամբ: Ուղղաթիռի մոտ, երբ տեղացիների հետ պատրաստվում էինք հեռանալ Գետաշենից, Սարգիս Հակոբքյոխվյանի և Վալերի Խաչատրյանի հետ ռուս զինվորն ինձ էլ ձերբակալեց ու հանձնեց ադրբեջանցիներին: Մեզ բանտարկեցին Գյանջայի բանտում: Երբ բանտում անցկացրած մղձավանջներից հետո վերադարձանք ու այցի գնացինք Թաթուլի շիրիմին, ինձ պատել էր մի ծանր զգացում. այս փոքրիկ հողաթումբը, չապաքինված վերքերի նման, ամփոփում է Մեծ հայորդու մարմինը: Նա ընդամենը 26 գարուն ապրեց… Մի՞թե դա մնաց Թաթուլից:

 

Կանցնեն տարիներ ու ինչպես Անդրանիկի, Չաուշի, Սերոբի մասին են պատմում, կպատմեն նաև Թաթուլի մասին՝ խորհրդավոր ու հիացած ձայնով: Մինչդեռ նա մեզ հետ էր ու քայլում էր, ծիծաղում, պայքարում, կարոտում, առանց հավակնելու հավերժության ողորմածությանը: Մարմնական էր բոլորի նման, սակայն ոգին այլ էր, ու ո՞վ կարող է իմանալ, թե ի~նչ կորցրեցինք մենք Թաթուլի մահով…

 

Գևորգ Գրիգորյան

22 փետրվար-21 մարտ 1992 թ. Քոլատակ-Երևան