կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-19 22:47
Արցախ

Թող հաղթի մարտունեցին. Նվեր Դադամյան

Թող հաղթի մարտունեցին. Նվեր Դադամյան

Մարտունի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնի համար հուլիսի 5-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առաջադրվել է 6 թեկնածու: Թեկնածուներից է դաշնակցական, ինքնառաջադրված Նվեր Դադամյանը: Նա երեք անգամ ընտրվել է Մարտունի համայնքի ավագանու անդամ, այժմ զբաղեցնում է Պատմական միջավայրի պահպանության Մարտունու շրջանային պետական ծառայության պետի պաշտոնը:

«Ապառաժի» հետ զրույցում Նվեր Դադամյանը նշել է, որ որպես համայնքի ավագանու անդամ հիմնովին ծանոթ է քաղաքի խնդիրներին ու հնարավորություններին:

Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարի պաշտոնը շատ պատասխանատու, դժվար աշխատանք է և, այս ամենը գիտակցելով, պատրաստ է իր ուժերը ներդնել համայնքի զարգացման գործում:

Խոսելով քաղաքում առկա խնդիրների մասին, քաղաքապետի թեկնածուն նշել է, որ առկա ֆինանսական միջոցներով հնարավոր չէ բոլոր խնդիրներին լուծում տալ: «Մարտունիում երիտասարդներն աշխատանքով, բնակարանով ապահովման խնդիր ունեն: Ճիշտ է, ահռելի աշխատանքներ են կատարվել, ներկայումս էլ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում, բայց դեռևս կան անբարեկարգ փողոցներ, գերեզմանոցի տարածքի խնդիր կա, իսկ մի շարք թաղամասեր չունեն կոյուղագծեր»,- ասել է Նվեր Դադամյանը:

Նա իր գործունեության ընթացքում միշտ էլ ամեն ինչից վեր է դասել համայնքի շահերը, սակայն ավագանու անդամի լիազորությունները բավարար չեն մեծամասշտաբ փոփոխություններ կատարելու համար:

Անդրադառնալով կորոնավիրուսային վարակի պայմաններում քարոզչական աշխատանքներ իրականացնելուն, մեր զրուցակիցը նշել է, որ վարակի տարածման վտանգի պայմաններում քարոզչական աշխատանքները դժվարանում են, քանի որ հնարավոր չէ անմիջական շփման միջոցով ներկայացնել ծրագիրը:    

«Կարևորում եմ այն հանգամանքը, որպեսզի ընտրությունների ընթացքում և դրանից հետո բնակիչների միջև թշնամանք չստեղծվի: Դժվար ժամանակաշրջան է. վերջին մոտ մեկ տարում համայնքում չորրորդ ընտրությունն է լինելու, մարդիկ հոգնել են ընտրություններից: Ամեն դեպքում ես պատրաստ եմ, անկախ արդյունքներից, հանուն համայնքի զարգացման սեղմել ընտրված թեկնածուի ձեռքը: Եվ թող հաղթի մարտունեցին»,- հավելել է Նվեր Դադամյանը:

Ստորև ներկայացնում ենք Նվեր Էռնեստի Դադամյանի կենսագրությունը.

Ծնվել է 1982թ. հուլիսի 29-ին, ԱՀ Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում:

1989-1999թթ. սովորել է Մարտունու Մեսրոպ Մաշտոցի անվան հ.2 միջնակարգ դպրոցում:

2000-2002թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում:

2004-2009թթ. աշխատել է «Դադամյան և որդիներ» ԱԿ-ում:

2006թ. ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը:

2009թ. ավարտել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի իրավաբանական բաժինը:

Երեք անգամ` 2007թ., 2011թ. և 2019թ., ընտրվել է ԱՀ Մարտունի համայնքի ավագանու անդամ:

2009-2010թթ. աշխատել է ԱՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի օգնականի պաշտոնում:

2010-2013թթ. աշխատել է շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում:

2013թ. նշանակվել է ՊՄՊ Մարտունու շրջանային պետական ծառայության պետի պաշտոնում, որտեղ աշխատում է առայսօր:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: