Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների հունիսի 18-ի իրեն ներկայացրած միջնորդությունը:
Հիմնավորումների մասին ոչինչ ասել չեմ կարող, նշեց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ու հավելել՝ դիրքորոշում կհայտնենք դատարանի որոշումը ստանալուց հետո միայն:
«Մենք այսօր փորձեցինք հիմնավորել այն, որ այս քրեական գործը ԱԱԾ-ում ապօրինի կարգով է քննվում: Հոդվածը, որով հարուցվել է քրեական գործ, այն է ընտրակաշառք բաժանելը, ՀՔԾ-ի ենթակա գործ է: Օրենքը հստակ ասում է՝ դատախազը իրավունք չունի փոխել նախաքննական մարմիններին: Սա առաջին պահից ապօրինի է եղել, հետևաբար հետագա բոլոր գործողություններն ապօրինի են»,- ասաց նա:
Ըստ Սարգսյանի՝ դատարանին ներկայացրել են, որ իրականացվում է քաղաքական գործընթաց, քանի որ այն փաստաթղթերը, որոնք ընկած են Ծառուկյանի մեղադրանքի հիմքում, հայտաբերվել են 2019թ․ փետրվարի 5-ին: Առաջին հարցաքննությունն իրականացվել է փետրվարի 6-ին: «Այս փաստաթղթերից երևում է, որ ընտրակաշառք է բաժանվել». հարցը հարցաքննվողի կողմից այդպես էլ մնացել է անպատասխան, փաստես պաշտպանը:
«Հետո արդեն Ծառուկյանի հունիսի 5-ի այն հայտարարությանը, թե Կառավարությունը պետք է փոխվի, այդ պահից սկսած արդեն վերհիշել են, որ նման հանգամանք կա և որոշել են, որ նույն անձին պետք է կրկին հարցաքննեն հունիսի 8-ին: Հարցաքննել են, ոչինչ չեն ստացել և նույն փաստաթուղթը զննել են հունիսի 15-ին ու քրեական գործ են հարուցել: Ստացվում է, որ կա մեկ փաստաթուղթ, որը փետրվարի 5-ին հանցագործության հատկանիշներ չէր պարունակում, սակայն հայտարարությունից հետո սկսեց հանկարծ պարունակել, առանց որևէ նոր տվյալի ձեռքբերման»,- ասաց փաստաբանը:
Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել հունիսի 19-ին, 10:30–ին։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը ձայների 87 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ որոշել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ և ձայների միևնույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը որոշում էր ընդունել Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն: