|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի նորատիպ «Հայաստանի ժայռապատկերները» մեծածավալ մենագրության մեջ ներկայացվում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման 140-ամյա պատմությունը, բացահայտվում են դրանց բովանդակությունը, գործառույթն ու տեսակները, վերլուծվում՝ ժայռապատկերների խորքային իմաստաբանությունը, համեմատական ուսումնասիրությամբ ցույց են տրվում դրանց կապերը հայ մշակույթի այլ ոլորտների հետ:
.jpeg)
«Գիրքը ստեղծվել է վերջին 30 տարում, թեև իմ հետաքրքրությունները 77 թվականից են, 94 թվականից պատմության ինստիտուտում աշխատում եմ, և կարելի է ասել, հենց այդ ժամանակվանից արդեն ավելի գիտական մակարդակով սկսվեցին ուսումնասիրությունները, հոդվածները, և ի վերջո ամփոփվեց այս աշխատանքը, որը պաշտպանել էի որպես թեկնածուական ատենախոսություն 20 թվականի դեկտեմբերին, և հինգ տարում փոքր-ինչ կատարելագործեցի գրքի որակը, որից հետո հրատարակվեց»,- գրքի շնորհանդեսին ասաց Կարեն Թոխաթյանը։
Նրա խոսքով՝ ժայռապատկերները հաղորդագրություն են անցյալից, որոնք 5000 տարի առաջ մեզ թողել են տեղեկություն։
«Կարծես այսօր մենք շփվում ենք նախնիների հետ, կարդում ենք նրանց ուղերձները, իհարկե հետադարձ կապ չկա, բայց այդ ժայռապատկերների օգնությամբ մենք ենք հաղորդակցում, շփվում միմյանց հետ»,-ասում է հեղինակը
Ի դեպ գրքի առաջաբանում հեղինակը նշում է. «Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերային արվեստն առանձնակի է հնությամբ ու բազմաժանրությամբ, ճշգրտությամբ ու կիրառական նշանակությամբ: Այն ունի գիտաճանաչողական մեծ արժեք՝ որպես մ.թ.ա. VII–II հազ. պատմամշակութային իրականության բացահայտման հավաստի սկզբնաղբյուր: Ինքնատիպ այս մշակութային ոլորտի արգասիքներն ունակ են լուսաբանելու մարդկության պատմության բազմաթիվ ու տարաբնույթ խնդրահարույց էջեր՝ մշտապես պահպանելով ժայռարվեստի ուսումնասիրության արդիականությունը»:
Կարեն Թոխաթյանը գրքի առաջաբանում նշում է նաև, որ Արցախի, Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի ժայռարվեստային նյութը, մշակույթը և տեղանունները ենթարկվել են ժառանգականության աղավաղման, տեղածին անվանադիր հանրության էթնոլեզվական պատկանելության նենգափոխման. «Թուրքական և ադրբեջանական իշխանությունների հրահանգով շարունակվել է հայրենազրկման քաղաքականության մաս դարձած մշակութակործան եղեռնը՝ հայոց պատմության ու ժողովրդագրության խեղաթյուրումը, մշակույթի բռնազավթումն ու ոչնչացումը, պատմաշխարհագրական ու տեղանվանական ոլորտներում զեղծարարությունը: Ժայռապատկերային մշակույթը նպաստում է, որ Հայկական լեռնաշխարհը ներկայացվի որպես մեկ ամբողջություն, որի մարդաբանական ու մշակութաբանական պատկերն անընդհատ է՝ ըստ տարածքի (մոտ 400 հազար կմ²) և ժամանակի (տասնյակ հազարավոր տարիներ): Ուստի և առաջնահերթ է այս ժառանգության՝ հայագիտական հայեցակարգով համահավաք ուսումնասիրությունը: Գրքի փաստագրական հիմքում հինգ բնույթի սկզբնաղբյուրներ են՝ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, Նախիջևանում ցարդ հայտնի 85 հնավայրերից 80-ում իմ հետազոտած գրեթե 6000 ժայռապատկեր, մոտ 100 տնտեսական, պաշտպանական, ծիսապաշտամունքային կառույց և 12 հնաստղագիտական կառուցվածք, 2. հրատարակված ժայռապատկերներ, 3. հնագիտական գտածոներ ու հուշարձաններ, 4. լեզվական, բանահյուսական և ազգագրական նյութեր, 5. անտիկ ու միջնադարյան հայ իմաստասերների և մատենագիրների երկեր»:
Մանրամասն՝ տեսանյութում։