Միասին կարող ենք
կարևոր
469 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-28 23:35
Հասարակություն

«Պարոն Թոխաթյանն իր գրքում կարևոր ուղերձ է հղել, բացառիկ աշխատանք է»․ Միքայել Բադալյանը՝ «Հայաստանի ժայռապատկերները» մենագրության մասին

«Պարոն Թոխաթյանն իր գրքում կարևոր ուղերձ է հղել, բացառիկ աշխատանք է»․ Միքայել Բադալյանը՝ «Հայաստանի ժայռապատկերները» մենագրության մասին

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի նորատիպ «Հայաստանի ժայռապատկերները» մեծածավալ մենագրության մեջ ներկայացվում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման 140-ամյա պատմությունը, բացահայտվում են դրանց բովանդակությունը, գործառույթն ու տեսակները, վերլուծվում՝ ժայռապատկերների խորքային իմաստաբանությունը, համեմատական ուսումնասիրությամբ ցույց են տրվում դրանց կապերը հայ մշակույթի այլ ոլորտների հետ: Գիրքը հեղինակի 30-տարվա աշխատանքի արդյունքն է․ առաջաբանում հեղինակը նշում է. «Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերային արվեստն առանձնակի է հնությամբ ու բազմաժանրությամբ, ճշգրտությամբ ու կիրառական նշանակությամբ: Այն ունի գիտաճանաչողական մեծ արժեք՝ որպես մ.թ.ա. VII–II հազ. պատմամշակութային իրականության բացահայտման հավաստի սկզբնաղբյուր: Ինքնատիպ այս մշակութային ոլորտի արգասիքներն ունակ են լուսաբանելու մարդկության պատմության բազմաթիվ ու տարաբնույթ խնդրահարույց էջեր՝ մշտապես պահպանելով ժայռարվեստի ուսումնասիրության արդիականությունը»: 

Գրքի շնորհանդեսին ներկա ԳԱԱ ՊԻ Հին դարերի պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ Միքայել Բադալյանի խոսքով՝ Կարեն Թոխաթյանի «Հայաստանի ժայռապատկերները» համակարգված, ամբողջացված, գրեթե բոլոր տեղեկությունները ընդհանրացրած մեկ աշխատություն է, որն իր մեջ ամփոփում է Թոխաթյանի ավելի քան 30 տարիների քրտնաջան աշխատանքի, տարբեր գիտական արշավների արդյունքը:

Ի դեպ, Կարեն Թոխաթյանը գրքի առաջաբանում նշում է նաև, որ Արցախի, Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի ժայռարվեստային նյութը, մշակույթը և տեղանունները ենթարկվել են ժառանգականության աղավաղման, տեղածին անվանադիր հանրության էթնոլեզվական պատկանելության նենգափոխման. «Թուրքական և ադրբեջանական իշխանությունների հրահանգով շարունակվել է հայրենազրկման քաղաքականության մաս դարձած մշակութակործան եղեռնը՝ հայոց պատմության ու ժողովրդագրության խեղաթյուրումը, մշակույթի բռնազավթումն ու ոչնչացումը, պատմաշխարհագրական ու տեղանվանական ոլորտներում զեղծարարությունը: Ժայռապատկերային մշակույթը նպաստում է, որ Հայկական լեռնաշխարհը ներկայացվի որպես մեկ ամբողջություն, որի մարդաբանական ու մշակութաբանական պատկերն անընդհատ է՝ ըստ տարածքի (մոտ 400 հազար կմ²) և ժամանակի (տասնյակ հազարավոր տարիներ): Ուստի և առաջնահերթ է այս ժառանգության՝ հայագիտական հայեցակարգով համահավաք ուսումնասիրությունը: Գրքի փաստագրական հիմքում հինգ բնույթի սկզբնաղբյուրներ են՝ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, Նախիջևանում ցարդ հայտնի 85 հնավայրերից 80-ում իմ հետազոտած գրեթե 6000 ժայռապատկեր, մոտ 100 տնտեսական, պաշտպանական, ծիսապաշտամունքային կառույց և 12 հնաստղագիտական կառուցվածք, 2. հրատարակված ժայռապատկերներ, 3. հնագիտական գտածոներ ու հուշարձաններ, 4. լեզվական, բանահյուսական և ազգագրական նյութեր, 5. անտիկ ու միջնադարյան հայ իմաստասերների և մատենագիրների երկեր»: 

Մանրամասն՝ տեսանյութում։