Միասին կարող ենք
կարևոր
394 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-29 02:14
Հասարակություն

«Կարեն Թոխաթյանը բծախնդրությամբ է պեղել ժայռապատկերները, ինքս ներկա եմ եղել»․ Գնել Նալբանդյան

«Կարեն Թոխաթյանը բծախնդրությամբ է պեղել ժայռապատկերները, ինքս ներկա եմ եղել»․ Գնել Նալբանդյան

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի նորատիպ «Հայաստանի ժայռապատկերները» մեծածավալ մենագրության մեջ ներկայացվում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման 140-ամյա պատմությունը, բացահայտվում են դրանց բովանդակությունը, գործառույթն ու տեսակները, վերլուծվում՝ ժայռապատկերների խորքային իմաստաբանությունը, համեմատական ուսումնասիրությամբ ցույց են տրվում դրանց կապերը հայ մշակույթի այլ ոլորտների հետ:



«Կարեն Թոխաթյանը ժայռապատկերների թեմայով աշխատում է, կարելի է ասել նվիրված է այդ թեմային, 80-ականների վերջից, և ինձ բախտ է վիճակվել իր հետ երբեմն լինել մեր լեռնադիր գոտիներում, տեսնել թե ինչ բծախնդրությամբ է փնտրում, գտնում, պեղում, համարակալում ժայռապատկերները, որոնք հինավուրց անցյալի լուռ վկաներն են»,-գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Գնել Նալբանդյանը։

Նրա խոսքով՝ Կարեն Թոխաթյանը մեծագույն բարեխղճությամբ է աշխատել ու քարտեզագրել բոլոր ժայռապատկերային խմբերը և բոլոր ժայռապատկերները բնութագրել ըստ իրենց դասակարգումների։

«Սա կարևորագույն գիտական աշխատանք է, և՛ ակադեմիայի համար է բավականաչափ ներկայանալի, և՛ մեր հանրության համար։ Կարեն Թոխատյանը նաև այս տարիների ընթացքում հանրայնացրել է մեր մշակութային արժեքների ժառանգության պահպանման խնդիրը»,-ասաց Գնել Նալբանդյանը։

Ի դեպ, գրքի առաջաբանում հեղինակը նշում է. «Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերային արվեստն առանձնակի է հնությամբ ու բազմաժանրությամբ, ճշգրտությամբ ու կիրառական նշանակությամբ: Այն ունի գիտաճանաչողական մեծ արժեք՝ որպես մ.թ.ա. VII–II հազ. պատմամշակութային իրականության բացահայտման հավաստի սկզբնաղբյուր: Ինքնատիպ այս մշակութային ոլորտի արգասիքներն ունակ են լուսաբանելու մարդկության պատմության բազմաթիվ ու տարաբնույթ խնդրահարույց էջեր՝ մշտապես պահպանելով ժայռարվեստի ուսումնասիրության արդիականությունը»:

Բացի սա, գրքի առաջաբանում նաև  հեղինակն ընդգծում է, որ Արցախի, Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի ժայռարվեստային նյութը, մշակույթը և տեղանունները ենթարկվել են ժառանգականության աղավաղման, տեղածին անվանադիր հանրության էթնոլեզվական պատկանելության նենգափոխման. «Թուրքական և ադրբեջանական իշխանությունների հրահանգով շարունակվել է հայրենազրկման քաղաքականության մաս դարձած մշակութակործան եղեռնը՝ հայոց պատմության ու ժողովրդագրության խեղաթյուրումը, մշակույթի բռնազավթումն ու ոչնչացումը, պատմաշխարհագրական ու տեղանվանական ոլորտներում զեղծարարությունը: Ժայռապատկերային մշակույթը նպաստում է, որ Հայկական լեռնաշխարհը ներկայացվի որպես մեկ ամբողջություն, որի մարդաբանական ու մշակութաբանական պատկերն անընդհատ է՝ ըստ տարածքի (մոտ 400 հազար կմ²) և ժամանակի (տասնյակ հազարավոր տարիներ): Ուստի և առաջնահերթ է այս ժառանգության՝ հայագիտական հայեցակարգով համահավաք ուսումնասիրությունը: Գրքի փաստագրական հիմքում հինգ բնույթի սկզբնաղբյուրներ են՝ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, Նախիջևանում ցարդ հայտնի 85 հնավայրերից 80-ում իմ հետազոտած գրեթե 6000 ժայռապատկեր, մոտ 100 տնտեսական, պաշտպանական, ծիսապաշտամունքային կառույց և 12 հնաստղագիտական կառուցվածք, 2. հրատարակված ժայռապատկերներ, 3. հնագիտական գտածոներ ու հուշարձաններ, 4. լեզվական, բանահյուսական և ազգագրական նյութեր, 5. անտիկ ու միջնադարյան հայ իմաստասերների և մատենագիրների երկեր»:

Մանրամասն՝ տեսանյութում։