Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարոն Դավթյան, ես հույս ունեմ՝ դուք հարգում եք Ձեր ուսադիրները՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսպիսի հարցադրում ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, երբ նա ԱԺ-ում ներկայացնում էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը։
«2018 թվականի մայիսին Դուք Ազգային ժողով միջնորդություն ներկայացրեցիք մեր նախկին ընդդմադիր գործընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և հետագա գործընթացներում ներգրավելու համար։ Հետո, ի պատասխան Էդմոն Մարուքյանի հարցին, թե՝ ինչո՞ւ հետ վերցրեցիք Ձեր միջնորդությունը, Դուք պատասխանեցիք բառացիորեն հետևյալը․ «Այո, ինձ նամակով դիմեց փոխվարչապետը և խնդրեց հետ վերցնել միջնորդությունն ԱԺ-ից։ Դրանից հետո ես նամակով դիմել եմ ԱԺ նախագահին և խնդրել եմ օրակարգից հանել հարցը»։ Ինչո՞ւ եմ ասում՝ Դուք հարգո՞ւմ եք ձեր ուսադիրները։ Ես վստահ եմ, որ Ձեր միջնորդությունը եղել է քաղաքական պատվեր։ Եթե Դուք վստահ էիք, որ տեղի է ունեցել հանցագործություն, Դուք փոխվարչապետի նամակով պիտի հետ չկանչեիք։ Պնդո՞ւմ եք, որ Ձեր հիմքերը բավարար էին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։ Ինչո՞ւ հետ կանչեցիք Ձեր միջնորդությունը, ո՞վ է փոխվարչապետը, որ Ձեզ գրավոր նամակով դիմի։ Այդպես զարմացած մի նայեք, հիմա մտածում եք՝ ի՞նչ ասեք, դուք ունեք բոլոր հարցերի պատասխանը, բայց դրան քիչ է մնացել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ Զոհրաբյանը վկայակոչում է խոսքեր, որոնք հրապարակային են, հետևաբար այդտեղ պնդելու ու հաստատելու բան չկա․ «Ինչ արել եմ, հրապարակային եմ արել։ Իսկ հիմա, որպեսզի Ձեր հարցին Ձեր ուզած ձևով պատասխանեմ, խնդրում եմ ասեք՝ այսօրվա քննության առարկայի հետ դա ի՞նչ կապ ունի»։
Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ վաղը գլխավոր դատախազն այսպիսի անհարմար վիճակում է հայտնվելու, երբ նրան հարցնեն՝ պնդո՞ւմ է, որ այն, ինչ այսօր անում է, իրավական գործընթաց է և ոչ քաղաքական հաշվեհարդար, ապա հավելեց․ «Դուք անհարմար չե՞ք զգում»։
Գլխավոր դատախազը հույս հայտնեց, որ Նաիրա Զոհրաբյանն իր հարցի պատասխանը շատ լավ գիտի․ «Շատ լավ գիտեք, որ ես իմ պաշտոնեական գործունեության առումով երբեք անհարմար զգալու առիթ չեմ ունեցել, այսօրվա առումով չեմ ունենա։ Եվ ես այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնեական պարտականությունը։ Իսկ իմ պաշտոնեական պարտականությունը շատ հստակ է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ, անկախ բոլոր չափանիշներից, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»։
Արթուր Դավթյանը եզրափակեց․ «Տիկին Զոհրաբյան, ես չափը չեմ անցի, ընդամենը Ձեզ խորհուրդ կտամ․ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհարմար վիճակի մեջ են դնում»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելուց զատ, Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին առնչվող երկու այլ քրեական գործեր է հարուցել: «Բարգավաճ Հայաստանի» նախագահը պնդում է, որ այդ քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:
Մանրամասն՝ տեսանյութում․