| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայ-վրացական համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և առողջապահության նախարարության և համակարգի մի շարք մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան առցանց հանդիպում Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի և նրա տեղակալների, վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Խաթունա Զախաշվիլիի, Առողջապահական քաղաքականության բաժանմունքի պետ Եկատերինե Ադամիայի և այլ մասնագետների հետ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Կողմերը մանրամասն ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ներկայումս տիրող իրավիճակը, քննարկել են համաճարակի դեմ պայքարում երկու երկրի հանրային առողջության վերաբերյալ մի շարք կարևորագույն հարցեր: Գործընկերները փորձի փոխանակման նպատակով կիսվել են համավարակի դեմ պայքարում իրենց քայլերով, ներկայացրել COVID-19-ի բուժման նպատակով կիրառվող իրենց մեթոդներն ու մոտեցումները, մշակված ուղեցույցները և այլն:
Վրացական կողմը ներկայացրել է, որ թեստավորումներն իրականացվում են 18 լաբորատորիայում` հետագայում դրանց թիվը հասցնելով 24-ի: Վերջիններիս տվյալների համաձայն` օրական կատարվում են 1400-1500 թեստավորում:
Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների բուժման համար հակաբիոտիկներ նշանակելու սկզբունքը, ինչպես նաև տրիաժի` ընդունման, ախտորոշման և տեղափոխման մեխանիզմներն ու մոտեցումները:
Գործընկերները հույս են հայտնել, որ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի պատվով հաղթահարել այս մարտահրավերը: