| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունիսի 8-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն ՀՅԴ անդամներ նշանակվել են մի շարք պաշտոնների: Մասնավորապես, ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ նշանակվելով ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, իսկ Ազատուհի Սիմոնյանը նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով: «Ապառաժ»-ը ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանից հետաքրքրվել է, թե ինչքանով են այս նշանակումները համապատասխանում ԱՀ նոր կառավարությանը մաս չկազմելու ՀՅԴ Արցախի ԿԿ հայտարարությանը:
Դավիթ Իշխանյանը վերահաստատելով, որ Դաշնակցությունը մաս չի կազմում ձևավորվող կառավարությանը, նշել է, որ ընդդիմադիր լինելը չի նշանակում, որ ՀՅԴ կադրերը չեն կարող իրենց նպաստը բերել պետության տարբեր ոլորտների զարգացմանը: «Ինչպես նախկին հարցազրույցներում նշել էի, Արցախում ընդդիմություն ու իշխանություն լինելը ինքնանպատակ չի կարող լինել: Հիմնական խնդիրը երկրի զարգացմանը և բարգավաճմանը նպաստելն է: Այդ առումով խնդիր չենք տեսնում կարող կուսակցական ընկերների՝ տարբեր պաշտոններում պատասխանատվություն ստանձնելու մեջ: Պետք է ավելացնեմ, որ Կենտրոնական Կոմիտեի համաձայնությամբ է Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել համապատասխան պաշտոնում: Սակայն նույնը չեմ կարող ասել Ազատուհի Սիմոնյանի պարագայում: Նա Հայաստանի Հանրապետության ՀՅԴ կառույցի անդամ է, տվյալ պաշտոնին անցնելու կապակցությամբ չի ստացել ՀՅԴ Արցախի ԿԿ համաձայնությունը և նրա հարցը քննարկվելու է կուսակցության մակարդակով: Զարմանալի է նաև, որ պաշտոնապես հրապարակված Ա. Սիմոնյանի կենսագրության մեջ բացակայում է նրա ՀՅԴ անդամ լինելու հանգամանքը»,- ավելացրել է Դավիթ Իշխանյանը:
Անդրադառնալով հնարավոր այլ նշանակումների մասին հարցին, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը չի բացառել դրանք՝ շեշտելով, որ այդ նշանակումները կլինեն միայն ԿԿ համաձայնությամբ: «Տարբեր շրջանների մեր կառույցներին արդեն տեղեկացրել ենք, որ ԱՀ իշխանությունների հետ հարաբերությունները պետք է հաստատվեն ՀՅԴ Արցախի ԿԿ միջոցով և իմացությամբ»,- ասել է Դավիթ Իշխանյանը՝ խոսելով ԱՀ իշխանությունների և ՀՅԴ համահայկական կառույցի շրջանակների միջև հարաբերությունների մասին: