կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 12:41
Իրավական

Գրանցված աշխատավարձ ստացողների թիվը ապրիլին 74 359-ով կրճատվել է․ «Հետք»

Գրանցված աշխատավարձ ստացողների թիվը ապրիլին 74 359-ով կրճատվել է․ «Հետք»

2019 թվականի ապրիլին Հայաստանում գրանցված աշխատողներից աշխատավարձ են ստացել 547 185-ը։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտել են Պետական եկամուտների կոմիտեից (ՀՀ ՊԵԿ)։ 

ՊԵԿ-ից շեշտում են, որ նշված 547 185-ը ոչ թե գրանցված աշխատողների ընդհանուր քանակն է, այլ՝ նրանց, որոնք ապրիլին աշխատավարձ են ստացել և վճարել եկամտային հարկ։

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աշխատողների թվաքանակը հաշվարկվել է հարկ վճարողների կողմից համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված «Եկամտային հարկի և սոցիալական վճարի» ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա, մասնավորապես՝ հիմք է ընդունվել յուրաքանչյուր գործատուի կողմից նշված հաշվարկներով 0-ից մեծ հարկման բազա հայտարարագրած աշխատողների թվաքականը»,- նշում է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը։

 

Այսինքն՝ ըստ էության, գրանցված աշխատողների թիվն ավելի մեծ է, սակայն նրանց մի մասը հարկադիր պարապուրդում է եղել ապրիլին և աշխատավարձ չի ստացել։ Թե քանի աշխատող է հարկադիր պարապուրդում գտնվել, ՊԵԿ-ը չի ներկայացնում։

Նրանց մոտավոր թիվը կարելի է միայն հասկանալ՝ համեմատելով մարտին և նախորդող ամիսներին եկամտային հարկ վճարողների թվի հետ։

Ըստ ՊԵԿ-ի՝ 2020 թվականի հունվարին գրանցված աշխատողների քանակը, որոնք աշխատավարձ են ստացել և եկամտային հարկ վճարել, կազմել է 604 740, փետրվարին՝ 619 001, մարտին՝ 621 544, ապրիլին, ինչպես նշեցինք՝ 547 185:

Այսպիսով, ապրիլին, մարտի համեմատ, գրանցված աշխատավարձ ստացողների թիվը կրճատվել է 74 359-ով կամ մոտ 12%-ով։

Սակայն, պետք է նաև նկատի ունենալ, որ Հայաստանի աշխատաշուկայում դեռևս կան բազմաթիվ աշխատողներ, նրանց մի մասը՝ օրավարձով, որ գրանցված չեն։ Նրանց աշխատանքի ու վարձատրության մասին տեղեկությունները չեն արտացոլվում պաշտոնական վիճակագրության մեջ։ Հետևաբար, չի երևում, թե նրանց որ մասն է կորոնավիրուսի տարածումից հետո զրկվել աշխատանքից։