Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ԱԳՆ-ն Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին հանրապետության 102-ամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է.
«Մայիսի 28-ին Հայաստանը եւ աշխարհասփյուռ հայությունը նշում է մայիսյան հերոսամարտերի եւ Հայոց առաջին Հանրապետության 102-ամյակը։
Հազարամյա մեր պատմությունում առանձնահատուկ տեղ զբաղեցնող այս օրը կրում է երկու կարեւորագույն խորհուրդ. իր պատմական հայրենիքի մեծ մասում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո Սարդարապատում, Ղարաքիլիսայում եւ Բաշ-Ապարանում կայացավ հայոց ազգային գոյամարտը եւ մայիսյան հաղթանակներից հետո հայ ժողովուրդը մեկընդմիշտ հաստատեց իր գոյության իրավունքը։
Երկրորդը` ավելի քան հինգ դար ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, եւ Հայաստանի Հանրապետությունը դարձավ միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Առաջին Հանրապետությունը ձեւավորվեց առաջին աշխարհամարտի օրերին եւ իր կարեւոր դերակատարությունն ունեցավ մեր տարածաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի գործում՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճակատներում։
Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցեց եւ, ի վերջո, մաս կազմեց աշխարհամարտի արդյունքները ձեւակերպող միջազգային խաղաղության պայմանագրերին։
Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության եւ ինքնորոշման իրավունքը նաեւ Արցախում եւ Արցախի կարգավիճակի խնդիրը ձեւակերպեց՝ որպես միջազգային հիմնախնդիր։
Թեեւ չունենալով երկար կյանք` առաջին Հանրապետությունը հիմք դրեց ներքին եւ արտաքին քաղաքական ինստիտուտներին, ինչպես նաեւ ձեւավորեց այն ուղենիշները, որոնցով զարգանում է հայկական պետականությունը։
Մայիսի 28-ը, միավորելով ազգային ազատագրական եւ պետականության կառուցման համար մղվող պայքարը, այսօր էլ հանդիսանում է պետականության եւ ողջ հայ ժողովրդի առջեւ կանգնած երկու գերխնդիրների` ինքնիշխանության եւ անվտանգության իրացման առանցքային խորհրդանիշ։
Շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան հերոսամարտերի եւ Հանրապետության տոնի առթիվ։