կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-28 10:26
Հասարակություն

Մայիս 28-ը համահայկականության գաղափա­րի քաղաքական հաղթանակի օրն է. Հայկ Ասատրյան

Մայիս 28-ը համահայկականության գաղափա­րի քաղաքական հաղթանակի օրն է. Հայկ Ասատրյան

Yerkir.am-ը ներկայացնում է հասարակական-քաղաքական գործիչ, Գարեգին Նժդեհի գաղափարական զինակից Հայկ Ասատրյանի «Մտածումներ հայկական ճգնաժամի, հայ հեղափոխության և մայիս 28-ի մասին» աշխատությունից  (հրատարակիչ` «Հայրենիք» ակումբ, Երեւան, 2010 թ.) մի հատված:

 

Մայիս 28-ը համահայկականության գաղափա­րի քաղաքական հաղթանակի օրն է: Դարերից ի վեր, հայ ոգու մեջ մաքառում էին տրամագծորեն ներհակ երկու իդեալներ կամ սկզբունք­ներ: Դրանցից մեկը` համահայկականության սկզբունքն էր, մյուսը` անհատականացման: Առաջինը միայն գաղափար էր, երկրոր­դը` իրականություն: Գաղափարը պայմանավորվում էր մեծ հայրենասերների իղձերով, իրականությունը` Հայաստանի ներանջատական բնությամբ: Մեծ հովիտները, որոնք մշակութային կենտրոններ էին, հետապնդում էին ազգի քաղաքական միության իդեալի իրականացումը, լեռնաստանները` կենտրոնախույս հակում ունեին: Այրարատն ու Տարոնը չկարողացան հաղթահարել լեռնաստանների ընդդիմությունը, վրա հասան օտար ուժերի արշավանքները, եւ հայութ­յան քաղաքական դրոշը, աստիճանաբար նսեմանալով, ի վերջո հրապարակից իսպառ չքացավ:

Ազգային ամբողջականությունը փրկելու համար հայ խորհողները (այրարատցի կամ տարոնացի) դիմեցին կրոնական-դավանական մշակութային միջոցներին եւ լուսավորչական դավանությամբ ու Ե. Դարում սկսված գրական կյանքով հաջողեցին ազգը, գեթ հոգեպես, միացնելու կերպ գտնել: Մշակութային եւ դավանական այս գործոններին հետագայում միացավ բացասական մի երեւույթ` բռնակալների պարտադրած համատարած տառապանքը: Այս վերջին գործոնը, որ ճակատագրով նույնացրեց բոլոր հայերին, հրահրեց ոչ միայն քաղաքական վերածնության, այլեւ համահայկական քաղաքական միության իդեալը: 19-րդ դարի վերջերին հրապարակ եկավ Րաֆֆին եւ գաղափարաբանական ձեւակերպում տվեց դրան: Այնուհետեւ սկսվեց Դաշնակցության` փառաբանությամբ եւ ձգտումներով էապես համահայկական քաղաքական շարժումը:

Դաշնակցությունը որոշեց ֆեդերացիոնի ճանապարհով աստիճանաբար հանգել հայոց քաղաքական միության իդեալին: Համաշխարհային պատմական անցքերը, սակայն, ուրիշ դրություն պարտադրեցին, եւ հայ զանգվածներին ամեն կողմից քշեցին դեպի իրենց հայրենիքի բնա­կան եւ իրենց ցեղայնության հոգեւոր կորիզը եղող Արարատյան Դաշտը: Եվ այստեղ էլ մի քանի բախտորոշ ճակատամարտերից հետո 1918-ին իրականացավ հայի քաղաքական միության իդեալը:

Այստեղ` Մայիս 28-ի խորհուրդը, խորհուրդ, որ կյանքի հրամայականով, նոր փոթորկումների եւ արյան ճանապարհով մեզ պիտի մղի համահայկական եւ Համա-Հայաստանյան քաղաք­ական միության` ՄԻԱՑՅԱԼ ԵՎ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ  գաղափարի իրականացման գործին: